Հայաստանից արտագաղթում են ոչ միայն նրա համար, որ կա արդարության ակնհայտ պակաս, աղքատության խայտառակ բարձր ցուցանիշ, իսկ մարդավարի փող աշխատելու համար պետք է անմարդկային ջանքեր գործադրել։ Դա մի կողմ` պարզ է, հասկանալի ու ակնհայտ։ Կան ավելի խորքային, հոգեբանական պատճառներ, որոնք աներկբայորեն մնում են վերոնշյալ անվիճելի հանգամանքների ստվերում։
Հայաստանից արտագաղթում են, որովհետև այստեղ մարդիկ զուրկ են սխալվելու իրավունքից։ Բոլորը խոշորացույցով հետևում են միմյանց ու անասնական հրճվանքով փորձում են դիմացինի ձախողումից շոու սարքել։ Շոուի մասշտաբներն ու դրսևորումները տարբեր են։ Նույնն է մեկ բան՝ թերությունը շփցնում են երեսին։ Մի տառ սխալ գրելը ոչ թե համարում են անփութություն, կամ մարդ ես` էդ մի բառն էլ չգիտի, այլ կոնկրետ՝ անգրագետ։ Երբ նոր են բաժանվել՝ անհաջողակ, երբ ձախողել են նույնիսկ առաջին նախաձեռնությունը՝ անտաղանդ, երբ մի ընթացք անգործ են՝ անպետք։ Մի խոսքով՝ ածականների ու որակումների պակաս չկա։
Հայաստանից արտագաղթում են, որ սխալվեն, սխալի վրա սովորեն ու նոր միայն հաջողության հասնեն։ Դա հաջողության ամենասովորական, ամենատրիվիալ ճանապարհներից է, որի գինը մեր երկրում չափազանց բարձր է։
Հայաստանից արտագաղթում են, որովհետև հոգեբանորեն, իսկապես, բարդ է բոլորին անընդհատ հաշվետու լինել։ Իսկապես սպառելու չափ հոգնեցուցիչ է ապրել այդքան ակնդետ ուշադրության կենրոնում։ Բոլորին, հատկապես նրանց, ովքեր քեզ հետ կապ չունեն ընդհանրապես, հետաքրքիր է ամեն ինչ քո մասին, ամեն ինչ՝ մանրամասնությամբ։ Ընկեր/ուհի ունես, չունես, երբ ես ամուսնանում, երբ ես երեխա ունենում՝ անձնական մանրամասներից մինչև եկամտի աղբյուրներ։ Էդ ամեն ինչի մեջ ամենահետաքրքիրն ու փնտրվածը` որ ինտրիգ լինի ու խոսելու թեմա։
Հայաստանից արտագաղթում են, որովհետև հոգնել են աղքատ-հպարտ ապրելու ինքնախաբեությունից։ Մարդիկ ուզում են ապրել մարդու պես։ Այո, դրսում կաշխատեն՝ ինչ պատահի, որովհետև որոշակի տարիքից հետո պարզ է, որ ցանկացած բարոյական աշխատանք ամոթ չէ, ամոթը լոդր լինելն է, ամոթը ինքդ քեզ խաբելն է, ամոթը մարդավայել ապրելու բանաձևը գտնելուց վախենալն է։ Արժանապատիվ ապրելն ամոթ չէ։
Հայաստանից արտագաղթում են, որովհետև այստեղ մեկը մյուսով չի հիանում, իրարով չեն ուրախանում։ Թույնի չափաբաժինը թույլատրելիից շատ է։ Խոսքը ոչ միայն անձնական ուրախությունների, այլև մասնագիտական նվաճումների մասին է։ Մեկը մյուսի հանդեպ ունեն, այսպես ասած, միմյանց վերևից նայելու սովորություն (անգլերեն ավելի լավ բառ կա՝ condescending behavior)։ Օրինակ, յուրաքանչյուր ոլորտում մի երկու թվացյալ հաջողակ իր պարտքն է համարում անընդհատ խոսել ու փնթնփնթալ` ով էր լավը, ինչն էր վատ ու որն է ճիշտը։ Դա էլ էն դեպքերում, երբ էդ մարդկանց ոչ ոք ոչինչ չի հարցրել ու նրանց կարծիքն առանձնապես հետաքրքիր էլ չէ։ Դա, սակայն, նրանց օգնում է զգալ ջրի երեսին մնալու սին հաճույքը ու ժխտել մտքերը, որ վաղուց սպառված են ու անհետաքրքիր։
Հայստանից արտագաղթում են, որովհետև ցանկացած նորարարություն նախաձեռնելիս` մարդիկ իրենց զգում են ինչպես Game of Thrones-ի Սերսեան Walk of Atonoment-ի ժամանակ, երբ բոլորը կողքից գոռում են ամոթ,ամոթ,ամոթ…
Եվ, ի վերջո,
Հայաստանից արտագաղթում են, որովհետև ուզում են բարձրաձայն ծիծաղելիս մեկը չլինի, որ ասի՝ էդ ինչիդ վրա ես ուրախանում… մարդիկ ուզում են ապրել մարդկանց պես, որովհետև ունեն դրա իրավունքը, դա ամոթ չէ, ընդհակառակը՝ անձրևից հետո լիաթոք շնչել, արտաշնչելու պես հաճելի է ու թեթևացնող։
ՄԱՆՎԵԼ ՔԵՇԻՇՅԱՆ