«Զանգին» աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող մեսենջերն է. Հավելվածի հիմնադիր-տնօրեն. aysor.am
Advertisement 1000 x 90

«Զանգին» աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող մեսենջերն է. Հավելվածի հիմնադիր-տնօրեն. aysor.am

Ժամանակակից տեխնոլոգիաների առավելությունների և ՏՏ ոլորտում հաջողության հասնելու գաղտնիքների մասին Aysor.am-ի թղթակիցը խոսել է «Զանգի» հայկական հավելվածի հիմնադիր-տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի հետ:

– Ե՞րբ և ի՞նչպես ծնվեց հայկական նման հավելված ստեղծելու գաղափարն այն դեպքում, երբ ՏՏ շուկայում արդեն կային միջազգային ճանաչում ունեցող նմանատիպ հավելվածներ:

– Իհարկե, դուք նոր եք տեսնում «Զանգի» հավելվածը, բայց մենք ունենք շատ երկար պատմություն: Իրականում, երբ մենք սկսում էինք նոր-նոր այս գաղափարն իրականացնել, այն ժամանակ էլ ձեր նշած, հիմա արդեն լայն ճանաչում ունեցող բրենդերը, նոր էին սկսում իրենց գործունեությունը: Մենք մեր գործունեությունը սկսեցինք 2009 թվականին՝ մեսենջեր ստեղծելով: Դե, իհարկե, մեր փորձը բիզնես միջավայրում բացակայում էր, ու դա բերեց նրան, որ մենք ավելի դանդաղ զարգացանք: Շուկա մտնելու մեր առաջին փորձը եղավ 2015 թվականի ձմռանը, ու այդտեղ մենք հասկացանք, որ ունենք շատ լավ տեխնիկական լուծում, սակայն չունենք բիզնես պրոդուկտ:

– Կմանրամասնե՞ք:

– Տեսեք, մենք այսօր գլուխ ենք գովում, որ Հայաստանում Սովետական շրջանից ունեինք գիտության և ինժեներիայի լավ ավանդույթներ: Այո, ես համաձայն եմ այդ մտքի հետ, բայց մենք չունեինք իրական բիզնես պրոդուկտ ստեղծելու մշակույթ: Օրինակ՝ ստեղծում էինք մեքենա, ենթադրենք «Երազը», որը տեխնիկապես հագեցած էր, բայց որպես բիզնես, այն չէր կարող համարվել մեքենա: Եվ նույն խնդիրն ունեինք մենք: 2015 թվականի անհաջող փորձից հետո մի քանի շաբաթում մենք արագ հասկացանք, որ պետք է կենտրոնանալ բիզնես պրոդուկտ ստեղծելու վրա և մոտ մեկ տարի մեզանից պահանջվեց այն ստեղծելու համար, և 2016 թվականին արդեն երկրորդ անգամ մտանք շուկա և գրանցեցինք հաջողություն:

– Որո՞նք էին Ձեր բացթողումները, որ փոփոխեցիք:

 Ստեղծեցինք այն ամենն, ինչ պետք է այսօրվա ժամանակակից  սպառողին, այսինքն՝ արագություն, հարմարավետություն, լավ դիզայն և այլն: Տեխնոլագիան արդեն կար, ուղղակի ստեղծեցինք ավելի հարմար ինտերֆեյս:

– Ո՞րն է Ձեր հավելվածի առավելությունը, ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում «Զանգիից» օգտվողներին:

– Օրինակ՝ այսօր «Զանգին» աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող մեսենջերն է: Մայիս ամսին կթողարկենք հավելվածի նոր  տարբերակը, որտեղ ներդրված կլինի աշխարհում ամենաարագ տեքստային հաղորդագրություններ ուղարկել-ստանալու տեխնոլոգիան: Փետրվարին Բարսելոնայում հեռախաղորդակցության ոլորտում մեծ միջոցառումներից մեկում ներկայացանք որպես առաջին հայկական ՏՏ ընկերություն և ճանաչում ձեռք բերեցինք: Շատ մեծ ընկերություններ զարմացած էին, որ նման ընկերություն կա, որի մասին մինչ այդ չէին լսել: Նրանց հետ մենք այսօր շարունակում ենք մեր համագործակցությունը, իսկ մայիսի 1-ն Երևան են ժամանելու եվրոպական ամենամեծ Տելեկոմ ընկերությունների ներկայացուցիչները:

– Որպես արդեն հաջողած ստարտափի հիմնադիր-տնօրեն՝ սկսնակներին նման հավելված ստեղծելու համար ի՞նչ խորդուրդներ կտայիք:

– Պետք է ստեղծել մի այնպիսի հավելված, որը կլինի տեխնոլոգիապես հարուստ, հաշվի կառնվի այսօրվա քմահաճ օգտատերի բոլոր պահանջները, որը պետք է և կկարողանա որևէ խնդիր լուծի: Պետք է լինի պրիմիտիվ և ինստրուկտիվ, որ հնարավորինս պարզ լինի օգտագործողի համար:

«Զանգի» հավելվածն աշխարհում ունի 1 միլիոնից ավելի, իսկ Հայաստանում մոտ 80 հազար օգտատեր:



Նման նյութեր