Սյունե Սևադա. «Քառասուն հազարը, հուսանք, մի օր կդառնա չորս միլիոն։ Շնորհավոր մեզ»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Քառասուն հազարը, հուսանք, մի օր կդառնա չորս միլիոն։ Շնորհավոր մեզ»

Սյունե Սևադայի Facebook-յան գրառումը:

Իմ առաջին աշխատավարձը ստացել եմ 19 տարեկանում, 40.000 դրամ։ Սարսափելի երջանիկ էի, որովհետև «Առավոտն» իմ առաջին աշխատատեղն էր, ու փորձաշրջան էլ չեմ անցել, ինձ միանգամից վճարել են։ 20.000-ին առել եմ մասնագիտական գրքեր, 10.000-ը տվել եմ մամայենց, 10.000-ն էլ պահել էի դրամապանակումս ու Մուրադի դեմքով ֆռֆռում էի, որովհետև սեփական աշխատանքով 10.000 փող ունեցող աղջիկ էի, Էդ ժամանակ ինձ համար դա շատ լուրջ թիվ էր, անգամ չգիտեի՝ ոնց ծախսեմ։ Մասնագիտական աշխատավարձից ավելի քաղցր կլինի երևի վաճառած պատմվածքի կամ գրքի գումարը, էս մի հաճույքը դեռ չեմ վայելել։

Հրաշալի բան ա աշխատելը։ Փողը ընտիր բան ա, ձեռքի կեղտ չի՝ եթե դուք կեղտ չեք։ Հավեսագույն զգացողություն ա մտնել սուպերմարկետ ու քեզ թույլ տալ գնումներ անել՝ առանց գնին նայելու։ Հարազատների համար նվերներ առնել, լավ հագնվել ու հանգստանալ, մասնակցել վճարովի կրթական, ժամանցային ծրագրերի, քեզ անպետք զիբիլներ առնել, հետո կես ամիս ծերը ծերին ապրել ու վերջապես սովորել գումարը ճիշտ բաշխել ու սեփական փորձով հասկանալ, որ աշխատածդ վայելելու լավագույն տարբերակը այն թիրախավորված ու գրագետ ծախսելն ա։ Ու միշտ, միշտ-միշտ ինքնաբավ լինելը, «կուշտ» լինելը, հարմարվելն ու ցանկացած վիճակում ուրախություն գտնելը՝ բորդյուրին նստած բուլկի ուտելուց ու ճղած վերնաշապիկ հագնելուց մինչև մամային երկու բուռ փող արժեցող զարդ գնելը կամ թանկ ռեստորանում ընթրելը։

Երբեք չեմ ուզի նորից երեխա լինել, որովհետև սեփական աշխատանքի տված ազատությունը ոչնչի հետ չեմ փոխի։ Աշխատանքային հարաբերությունները մարդուն շատ են կոփում, ու ես միշտ աշխատում եմ ընտիրագույն թիմերում, բախտս միշտ բերում ա, ես շնորհիվ իրենց եմ մեծանում ու աճում, իմ ինֆանտիլությունն էդտեղ են կոտրում ու իրական կյանքի օրենքները ցույց տալիս։

Հնարավոր ա հաջողակ լինել ու լավ գումար աշխատել։ Պետք ա ժամանակ, ջանքեր, լիքը սեր ու ինքնակրթության անսպառ ռեսուրս։ Աշխատավորների օրն ա, ու տեղին ա հիշեցնելը, որ լավ վաստակելը ամոթ չի, մի քանի տեղ աշխատելը ամոթ չի, քեզ գնահատելը ամոթ չի։ Ամոթ չի ֆինանսապես անկախ լինելը ու շատ ծախսելը, ապառիկ գրվելն ու քո կոմֆորտը դանդաղ, բայց հաստատուն ստեղծելը։ Ամոթ չի սխալվելը, մի քիչ էլ շահագործվելը ու դասեր քաղելը։ Պետք ա դուրս գալ ութսուն հազարի կոմպլեքսից, շահամոլության անհասկանալի պիտակներից։ Երևի չկա մի ընտանիք, որ կոպեկ-կոպեկ չի ապրել, մենք սոված մնացած ընտանիքներ ենք՝ հատուկենտ բացառություններով։ Ու հենց դրա համար պիտի լավ իմանանք՝ ինչպես ա պետք չկրկնել նույնը։ Իսկ դա հնարավոր ա։

Լավ ապրելուն ձգտելը ամոթ բան չի, աշխատեք, վաստակեք, վայելեք։ Ու անգամ էս սարսափելի ստրկատիրական պայմաններում կարելի ա բացառություն մարդկանց հետ աշխատել ու երջանիկ գնալ աշխատանքի։

Գժվում եմ իմ աշխատանքների համար։ Սա հրաշալի տոն ա, որովհետև օրվա խորհուրդը ստիպում ա քեզ ավելի լավը դառնալ ու պրակտիկ մտածել։ Քառասուն հազարը, հուսանք, մի օր կդառնա չորս միլիոն։ Շնորհավոր մեզ։