Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ բոլորը իրենց աշխատավարձերից պատմեցին՝ մի բան էլ ես պատմեմ:
Առաջին լուրջ աշխատավարձը ստացել եմ Աֆղանստանում: Քանի որ աֆղանական բանակին կռվել և նոր զենքերին տիրապետել էինք սովորեցնում՝ մեզ շատ բարձր աշխատավարձ էին տալիս՝ 800 չեկ: Հին սերունդը կհիշի ինչ էր դա: Շուկայական գնով ստացվում էր ամիսը 1600 ռուբլի: Համեմատության համար ասեմ, որ 200-300 ռուբլի աշխատավարձն արդեն բարձր աշխատավարձ էր: Մի տարի ծառայությունից հետո վերադարձանք Մոսկվա 1982թ. նոյեմբերի 12-ին: Մարդա մի 20 հազար ռուբլի փող ունեինք, բայց քեֆ անել չէր լինում՝ երկիրը սգի մեջ էր, Բրեժնևն էր մեռել: Ռեստորաններում երգ-երաժշտություն չէր հնչում:
Մի տեղ նստած էինք տղերքով և ջղայնությունից մեզ ուտում էինք՝ մի տարի երազել էինք մեր վերադարձը Մոսկվայում նշելու մասին, բայց քար լռություն էր ռեստորանում: Թեև երաժիշտները կային, սգի պատճառով չէին նվագում: Այդ տարիներին ռեստորաններում ամեն երգի համար 5-10 ռուբլի էին տալիս նվագելու համար: Բնականաբար, ինչքան երաժիշտներին խնդրում էինք, որ նվագեն՝ չէին համաձայնում: Սկզբունքային կոմունիստներ էին, մինչև ամեն երգի համար սկսեցինք հարյուր ռուբլի տալ: Հնչեց երաժշտությունը և բոլորը մոռացան Բրեժնևի մասին էլ, սգի մասին էլ:
Այնպես որ` իմ առաջին աշխատավարձով Բրեժնևի մեռնելու առիթով լավ քեֆ ենք արել Մոսկվայում»: