Մի օր շոգ ամառ է եղել: Հեր ու տղա եկել են, հոգնած են եղել: Սեղան են նստել: Մայրը լավաշ, պանիր, ձվածեղ է տվել: Կերել են: Կրակ են վառել: Ջուր են տաքացրել: Տաշտ են դրել լողացել: Սարում չեն լողանում: Միայն անձրև է գալիս: Օդը մաքուր է լինում: Հետո Քյարամը դուրս է եկել գյուղամեջ տղերքին տեսնելու, երկու բերան խոսելու: Մայրը ներսուդուրս է արել: Հայրը ասել է՝ Տղամարդ է, մի անհանգստացի:
Մի օր անուշ աշուն է եղել: Դեղնած անտառից տուն են եկել: Փայտը թափել են հյուղակի առաջ: Դասից գար, պիտի օգներ փայտը կտրեին: Դասատուն տղային հարցեր է տվել: Դասամիջոցին հրմշտոց է եղել, ծիծաղ, կատակ: Դասից եկել է, հերն ահագին ջարդել էր: Անցել է գործի: Հերն ասել է՝ Ուշադի՛ր, տղա՛, կացինը պինդ բռնի, տղամարդ ես: Ախպերը ախպորն է նայել, քրտնած են եղել, ժպտացել են: Հերն ասել է՝ Էսօր պիտի գործը պրծնենք:
Մի օր ցուրտ ձմեռ վառարանում կրակ է եղել, պատերը դեղնին տվել: Մայրը կարտոֆիլ է լվացել՝ ձեռքերը կարմիր ու սառած: Հերն ասել է՝ Պի՛նդ կերեք, տղամարդ եք:
Սիրել է: Կարող է աղջկան ասել է, որ սիրում է, կարող է՝ չի ասել: Կարող է ծաղիկ է նվիրել, կարող է՝ չի նվիրել: Երազներ է տեսել, ի՞նչ իմանաս ինչ է տեսել: Երազանք է ունեցել: Ի՞նչ իմանաս ինչ է երազել: Նպատակը գալն էր, տունը սարքելն էր: Հատակը հողից չէր լինելու, սենյակները պատ ու լուսամուտ էին ունենալու, տունը արև էր տեսնելու, զուգարան-բաղնիք էր լինելու: Մորը թագուհու նման պահելու էր, հորը գործ անելուց ազատելու էր, ամուսնանալու էր: Իսկական տղամարդու նման:
Մի նոր գարուն է եղել: Քյարամը պոստ է գնացել: Մայրը հորն ասել է, որ զանգել է: Ո՞նց էր: Լավ էր: Բա ո՞նց: Տղամարդ է: Ինքն էլ է պոստի եղել: Ցուրտ էլ է եղել, շոգ էլ է եղել, գարուն էլ է եղել: Կանգնել են, վիրավորվել են, հողը պահել են: Տղերքին մեծացրել են: Էսօր եզդի ազատամարտիկ Քյալաշի տղա Քյարամն է պոստը պահում:
Սև խաբարը եկել է: Հայրն ամեն ինչ իմացել է, իր աչքով տեսել է: Գնացել տղայի ընկած տեղում կանգնել է, հողին ձեռք է տվել, հարցուփորձ արել, զորամասում թողած իրերը հավաքել բերել, տղայի համար սարքած հերոսի անկյունում շարել է:
Ազատամարտիկ Քյալաշին նախագահականից առաջին անգամ կանչել են: Բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերն են շրջապատել՝ «Մեր տղերքն էլ են հերոս, մենակ պատերազմում զոհվածները չեն հերոս»: Գլխով է արել: Լռել է: Չի իմացել ինչ ասի: Պինդ ծխել է:
Սիվիլնեթից եկել, դրամահավաքով սարքած տունը, հորն ու մորը, փոքր եղբորը նկարել են: Հայրը՝ փոքր տղային՝ «Երկու տարուց պիտի գնաս ծառայելու: Ո՞նց ես ծառայելու, ախպորդ նմա՞ն, թե՞ ավելին»: Ասել է մեղմ, կամաց, հանգիստ:
Քյարամի տարին տվել են: Անցել է մի ամիս ու մի քանի շաբաթ: Քյարամի հայր Քյալաշը գնացել միացել է տղային: Որ տեսել է՝ ի՞նչ է ասել: Գրկե՞լ է, գլուխը շոյե՞լ է: Ի՞նչ իմանաս: Եղե՞լ է այդ շոգ ամառը, անուշ աշունը, ցուրտ ձմեռը:
Մարինա Բաղդագյուլյան