Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ բացվեց ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքար:
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր Մանուշակ Ստեփանյանի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ապրիլյան պատերազմի հերոսների ծնողները միայնակ չզգան, իսկ նրանց որդիները հիշվեն և մեծարվեն:
«Գրեթե ամեն օր ունենք ծրագրեր, ազատ ոչ մի օր չկա, աշխատում ենք, որ ապրեցնենք տղաներին: Հետաքրքիր միջոցառումներ ենք կազմակերպում, գնում ենք ներկայացումների, կիրակի օրերին այցելում ենք հերոսների ընտանիքներին, զրուցում ենք, որովհետև եթե այս ամենը չկատարվի, նրանց անունները չեն ապրի: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է դա անել: Բարերար Վարդան Օհանյանն էլ հենց կազմակերպեց, մենք սիրով եկանք, որովհետև արդեն 30 հերոսի ծնողներից կազմված ընտանիք ենք: Փորձում ենք բոլորին ներգրավել, ծնողներն են մեզ գտնում, մենք ենք նրանց գտնուÕ ´: Առաջինը կապանցի հերոս Նորայր Գասպարյանի ծնողներից ենք սկսել, հիմա դարձել ենք մեծ ընտանիք. համոզված ենք, որ բոլորով ենք լինելու այդ մեծ ընտանիքը և այդպես ապրեցնելու ենք մեր տղաներին»,- ասաց Մանուշակ Ստեփանյանը:
Խաչքարի բացման արարողությանը ներկա էին ապրիլյան հերոսներ Ադամ Սահակյանի, Տիգրան Բերակչյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի, Բագրատ Ալեքսանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Տիգրան Աբգարյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Սասուն Մկրտչյանի, Վահե Զաքարյանի, Նորայր Գասպարյանի, Մհեր Երզնկյանի, Աղասի Ասատրյանի, Արգիշտի Գաբոյանի, Ժորա Եսայանի, Հրաչյա Մուրադյանի, Հովսեփ Կիրակոսյանի, Արամ Աբրահամյանի, Գոռ Կիրակոսյանի, Ռոբերտ Աբրահամյանի, Տիգրան Պողոսյանի, Գրիգոր Հարությունյանի, Ազատ Սիմոնյանի, Սաշա Գալստյանի, Արամայիս Միքայելյանի և մյուս հերոսների հարազատները:
Բարերար Վարդան Օհանյանն էլ, ում նախաձեռնությամբ կանգնեցվել է խաչքարը նշեց, որ ապրիլյան պատերազմը ծանր մի փորձություն էր, որը սակայն ևս մեկ անգամ հասկացնել տվեց, որ պետք է անպայման լինել ուժեղ:
«Թույլ լինելով ապրել չի կարելի: Փոքրաթիվ ժողովուրդը իրավունք չունի թույլ լինել: Ինչպես մեր բոլոր մեծերն են միշտ ասել, մեր միասնության մեջ է մեր ուժը: Երբ քառօրյա պատերազմի ամբողջ ընթացքում տարբեր երկրներում հայերը մեկ վայրկյանում ոտքի կանգնեցին, ևս մեկ անգամ երևաց, որ երբ միասին և միատեղ են միտքը, հոգին և զգացմունքները, միայն ու միայն պիտի հաղթանակ տանենք»,- ընդգծեց նա:
Խաչքարը պատրաստել են քանդակագործներ Գոռ Նադինյանը և Իսահակ Ապրեյանը, ում խոսքով, հերոսների սխրագործություններն են ոգեշնչել քանդակել հենց նման խաչքար:
«Այն բաղկացած է երկու տարրերից՝ կենդանակերպը և խաչաձև սուրը: Խաչը պահում է արծվին, իսկ արծիվն էլ՝ իր հերթին այդ հավատը, այսինքն՝ մեկը մյուսի հետ կապված է, հերոսները ապացուցեցին, որ մեր սահմաններն անձեռնմխելի են, այդ ամենը փորձել եմ մեկտեղել և ներկայացնել»,- ասաց քանդակագործը:
Ապրիլյան պատերազմի հերոսներից տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանն էլ ասաց, որ շատ ոգևորող է, երբ տեսնում են, որ ապրիլյան հերոսների հիշատակը վառ են պահում:
«Ամեն մեկս մեր սրտում հասկանում ենք, որ տղաները իզուր քայլեր չարեցին, որ նրանց սխրանքը գնահատվում է: Այսօր էլ տեսնում ենք ծնողների, հարազատների միասնությունը. նրանք միմյանց հասկանում են, մեկ մյուսով սփոփվում»,- եզրափակեց հերոսի եղբայրը: