Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Մի կերպ ժողովեցի մտքերս և ինձ ուղղված հարցի պատճառով որոշեցի գրել սրա մասին, քանի որ, կարծում եմ` կարող է օգտակար լինել։ Փորձեմ պատասխանել այս թեմայի շուրջ մի շարք առավել հաճախ տրվող հարցերի:
Ե՞րբ է պետք խոսել երեխայի հետ մահվան մասին
Մահվան մասին անհրաժեշտ է լինում խոսել երեխայի հետ, երբ նա առնչվում է այդ երևույթին։ Պատճառը կարող է լինել ընտանի կենդանու մահը, հարևան տատիկի մահը, հարազատի կորուստը, և ինչ, ամենասարսափելին է, հասակակցի մահը։ Վերջինս ամենաանընդունելին ու անտանելին է, սակայն դրա հետ ևս երեխաներն առնչվում են։ Մահվան մասին երեխայի հետ պետք է խոսել նաև այն ժամանակ, երբ դրա մասին նա հարցեր է սկսում տալ։ Սովորաբար դա լինում է 4 տարեկանից հետո։ Առհասարակ մահվան անդառնալիությունը երեխան սկսում է գիտակցել սկսած 5 տարեկանից։ Այդ ժամանակ նրանք նաև մահվան վախ են ունենում։ Շատ ծնողներ կփաստեն, որ երեխաները 5-7 տարեկանում սկսում են շատ հարցեր տալ մահվան մասին, ինչպես նաև կարող են վախեցած, անգամ լաց լինելով խնդրել, որ մայրիկը կամ հայրիկը չմահանան, կամ կարող են ասել, որ իրենք չեն ուզում ծերանալ, մահանալ և այլն։ Մի խոսքով՝ մահվան թեման արդիական է մնում 5-7 տարեկանում, մինչև երեխան համակերպվում է այդ գաղափարի և կյանքի ավարտունության մտքի հետ։ Յուրաքանչյուր երեխա իր ներքին ռեսուրսներն ունի այդ մտքի հետ հաշտվելու։ Պետք է հավատալ երեխայի ներուժին։
Ինչպե՞ս և ի՞նչ է պետք պատմել երեխային մահվան մասին
Երբ երեխան պարզապես հարց է տալիս մահվան մասին, ապա բնության երևույթների հետ համեմատություններ անելը շատ տեղին է։ Կարող եք համեմատություն անել ծառի տերևների հետ։ Կարող եք ասել, որ գարնանը ծառի տերևները ծնվում են կանաչ, ու շատ փոքրիկ բողբոջներ են լինում, հետո դրանք մեծանում են, կանաչ ու սիրուն տերևներ դառնում, այդպես կանաչ մնում են ամիսներ շարունակ, ապա աշնանը դեղնում են, չորանում, հետո քամուց պոկվում, ընկնում գետնին, փափուկ ձյան տակ ծածկվում են, մահանում, ապա քայքայվում են, իրենց նյութով սնվում է հողը, իսկ հաջորդ տարի գարնանը նորից նոր տերևներ են դուրս գալիս։ Մարդիկ ևս ծնվում են, աճում, մեծանում, ապա, իրենց կյանքի աշնանը, ծերանում են, իսկ հետո՝ մահանում։ Բայց նրանք բալիկներ են ունենում, հետո իրենց բալիկներն են բալիկներ ունենում, և այդպես մեկը մյուսին ծնունդ է տալիս, ինչպես՝ տերևները միմյանց։