Տհաճ հոտ հետծննդաբերական շրջանում
Advertisement 1000 x 90

Տհաճ հոտ հետծննդաբերական շրջանում

Հետծննդաբերական արտադրությունը կնոջ առողջության յուրահատուկ ցուցիչ է։ Ուստի եթե նկատում եք, որ արտադրությունը փոխել է իր գույնը, ավելի առատ է, ունի տհաճ հոտ, ապա պետք է դիմեք բժշկի, ով կամ կցրի կասկածները, կամ կհաստատի խնդրի առկայությունն ու համապատասխան բուժում կնշանակի։ Երեխայի ծնունդին նախորդող ինն ամսվա ընթացքում կինը դաշտան չի ունենում, սակայն հետծննդաբերական շրջանում արտադրությունն աչքի է ընկնում առատությամբ և երկարատևությամբ, կոչվում է լոխիա։

Հետծննդաբերական շրջանը տևում է մոտ երկու ամիս։ Այդ ամբողջ ընթացքում արգանդի ներքին պատերը վերականգնվում են և մաքրվում, ինչն ուղեկցվում է արյունային արտադրությամբ։ Այն բնական ֆիզիոլոգիական պրոցես է և ինքնին վտանգավոր չէ առողջության համար, սակայն եթե ինչ­որ բան խանգարում է լոխիայի արտահոսքին (օրինակ՝ արգանդը բավարար չի կրճատվում), արտադրությունը տհաճ հոտ է ձեռք բերում, ինչը կարող է վկայել արգանդային վարակի մասին կամ էլ կարող է բորբոքային պրոցես հրահրել։

Որքան հաճախ երեխան կերակրվի կրծքով, այնքան արագ կկրճատվի արգանդը՝ վերգտնելով սկզբնական չափը։ Ըստ պահանջի կերակրումը խթանում է օքսիտոցինի արտադրումը՝ առաջացնելով արգանդի հարթ մկանունքի կրճատում և մաքրելով այն։ Այդ պատճառով էլ կրծքով կերակրող կնոջ վերարտադրողական համակարգն ավելի արագ է վերականգնվում, քան կրծքով չկերակրողինը։

Կնոջ վերարտադրողական համակարգի արագ վերականգնման մեկ այլ պայման է ստամոքսի դատարկումը։ Հարկավոր է սննդակարգը հարստացնել բջջանյութ պարունակող մթերքներով, որպեսզի ապահովվի ամենօրյա դեֆեկացիան։

Փորի վրա պառկած դիրքում հետծննդաբերական շրջանի արտադրությունն առանց խոչընդոտի արտահոսում է, այդ պատճառով հարկավոր է հաճախ պառկել փորի վրա (հակացուցում կարող է լինել միայն կեսարյան հատումը)։ Արտադրությունը կարող է փոխել գույնը։ Եթե սկզբնական շրջանում վառ կարմրավուն է, ապա հետագայում դառնում է շագանակագույն։ Անհանգստանալու կարիք չկա, եթե չունի տհաճ հոտ։

Հետծննդաբերական շրջանում սեռական ոլորտի հիվանդություններից խուսափելու նպատակով հարկավոր է պահպանել հիգիենայի կանոնները։ Ամեն անգամ զուգարան գնալուց հետո պետք է շեքի հատվածը լվանալ գոլ ջրով և հատուկ օճառով:

Այն ամբողջ ընթացքում, երբ հետծննդաբերական արտադրություն է նկատվում, պետք է օգտագործել հատուկ հետծննդաբերական, հետագայում՝ սովորական հիգիենիկ միջադիրներ։ Հարկավոր է առժամանակ հրաժարվել տամպոններից, քանի որ վերջիններս խոչընդոտում են լոխիայի արտահոսքին և կարող են նպաստել բորբոքման առաջացման։ Տհաճ հոտը կարող է վկայել ի հայտ եկած բորբոքման կամ վարակի մասին։

Եթե այն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, թուլությամբ և ցավով, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի՝ պատճառը պարզելու և բուժում ստանալու նպատակով։

sotskiy.am