«Սա ժամանակավոր սուտ կյանք է»
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երբ 2012 թվականին չմասնակցեց ՏԻՄ ընտրություններին եւ քաղաքապետի թեկնածու չառաջադրվեց, քաղաքի կենտրոնում հիմնեց իր սեփական գրասենյակը, որը հանրապետությունում ավելի շատ հայտնի է «Վարդան Ղուկասյանի սեփական քաղաքապետարան» անունով: 2012 թվականից մինչեւ հիմա այս կառույցում է Գյումրու նախկին քաղաքապետն անցկացնում իր օրվա հիմնական մասը:
Կառույցի մեծ բակի ձախ կողմում հանգստի անկյուն է ստեղծել, գյումրեցիների խոսքով՝ «փոքրիկ բիսետկա»՝ Լենինականին հատուկ ճարտարապետական լուծումներով:
Կառույցի երկրորդ հարկում է գտնվում նրա աշխատասենյակը, որն իր ներքին հարդարանքով եւ կահավորանքի դասավորությամբ բավական նման է քաղաքապետարանի իր նախկին աշխատասենյակին: Նախկին քաղաքապետի հուշանվերները, տարբեր գրքերն ու սիրելի պարագաները պահարանում նույն դասավորությունն ունեն, ինչպիսին քաղաքապետարանի նախկին աշխատասենյակում էր:
Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանն «Ասպարեզի» հետ զրույցում պատմել է իր մանկության տարիների մասին, վերհիշել երիտասարդական կյանքը, անդրադարձել եկեղեցու դերի, Գյումրու քաղաքապետի պաշտոնում իրեն տեսնելու հնարավորությանն ու հավանականությանը, քաղաքապետարանի աշխատանքին, քաղաքի բյուջեի միջոցներին:
«Սիրել եմ թասիբ քաշել»
-Մանկապարտեզից սկսած, դպրոցից վերջացրած՝ միշտ եղել եմ առաջինը, շատ աշխույժ եմ եղել, հնարավոր է՝ չափից ավելի եմ եղել աշխույժ, սիրել եմ թասիբ քաշել, եթե իմ թաղի աղջկան, տղային մեկը բան ասեր, ես պարտադիր կպաշտպանեի այդ աղջկան կամ տղային, հետո որ մեծացա՝ արդեն քաղաքին պաշտպանեցի: Եթե մեկն ասեր՝ օգնեցեք, անպայման կսատարեի, չի եղել, որ խեղճերին նեղացնեմ: Երբ որեւէ մեկն է թույլին բան ասել, իրենք եկել են ինձ մոտ, ես գնացել, պաշտպանել եմ իրենց, այդպես է եղել ամբողջ կյանքս՝ մինչեւ այսօր: Չեմ փոխվել, մինչեւ հիմա նույնն եմ մնացել: Սիրել եմ հայրենիքը, սիրել եմ հայոց պատմությունը, մեր նախնիներին, մեր մեծերին, միշտ հետաքրքրվել եմ, թե ովքեր են եղել գյումրեցիները, որտեղից է ծագել մեր ազգը, ով է եղել Վարդան Մամիկոնյանը, Գեւորգ Մարզպետունին, Տիգրան Մեծը, Արշակ թագավորը, եւ դա ինձ մղել է, որ ես ավելի շատ խորանամ հայոց պատմության մեջ: Անկախ ինձանից միշտ Տիրոջ հետ իմ կապը եղել է, անկախ ինձնից, ասել եմ՝ Աստված ջան: Ու ինձ հետ կապված բազում հրաշքներ են եղել: Ես մշտական մի բան գիտեմ, որ փոքրուց մինչեւ էսօր էլ ասում եմ, որ չարը խափանվի, բարին կատարվի, հարգանքը մեր վրա պահես, Տեր Աստված, մեր վերջը բարի լինի եւ այս կյանքում եւ հանդերձյալ: Թե էն գլխից, թե հիմա հույսս առ Աստված:
«Հարստությունը կամ պաշտոնը չէինք էլ պատկերացնում, քաղաքականությունից շատ հեռու էինք»
-Հիմա փողոցներում մանուկների խաղը չկա, մանուկները չկան, չգիտեմ ինչն է պատճառը. եւ հարուստը, եւ աղքատը, եւ պաշտոնյան, բոլորը տրտմում են: Բոլորն ասում են՝ էս ինչ վիճակ է, ես զգում եմ, որ ինչ-որ անեծք է իջել մեր վրա: Ներսես Շնորհալին ասում է, որ ամենամեծ անեծքն այն է, որ ազգը ցիրուցան է լինում:
Մենք մեր փոքր ժամանակ խաղում էինք առավոտվանից մինչեւ իրիկուն, եթե սովածանում էինք, վազում էինք, հաց էինք վերցնում, չէինք մտածում, թե կերակուրների միջի հագուրդը գտնենք: Եթե պանիր լիներ, պանիր կուտեինք, կամ չէինք էլ ուտի, ինչ-որ մի հացով կբավարարվեինք, ու մենք խաղում էինք ուրախ: Երկու եղբայրով կարող է մի վերարկու ունենայինք, կամ չունենայինք, բայց շատ երջանիկ էինք, հարստությունը կամ պաշտոնը չէինք էլ պատկերացնում, քաղաքականությունից շատ հեռու էինք: Մենք ուղղակի թասիբի համար ենք միշտ ապրել, էսօր էլ ենք էդպես, բայց էն ժամանակ ուրիշ էր, հավատացեք: Հիմա բոլորը քաղաքականությամբ են զբաղվում, բայց եւ տրտմությունն իջել է ազգի վրա, իսկ տրտմությունը 7 մահացու մեղքերից մեկն եմ համարում: Էստեղ եկեղեցին շատ դեր ունի, եկեղեցին շատ գործ ունի անելու, չնայած էդպես պետք է լինի, գրված է աշխարհի վերջին օրերին:
«Ես փոքրուց աշխատել եմ՝ 4-րդ դասարանից»
-Փառք եմ տալիս Աստծուն, որ նմանատիպ ընտանիք ունեմ, կինս, երեխաներս: Մենք միասին ենք ստեղծել էս ամեն ինչը, փոքրուց աշխատել ենք, չարչարվել ենք: Ես փոքրուց աշխատել եմ՝ 4-րդ դասարանից եւ մինչեւ էսօր աշխատում ենք:
Կինը պետք է խոնարհ լինի, համեստ: Ամուսնության ժամանակ եկեղեցում քահանան կնոջն հարցնում է՝ խոնա՞րհ ես, ասում է՝ խոնարհ եմ, տղամարդուն հարցնում է՝ տե՞ր ես, ասում է՝ տեր եմ: Ես ուզում եմ դա տեսնել էսօրվա ընտանիքներում. էսօր ամուսնալուծությունը շատ է, շատերը չեն ուզում սկեսուր, սկեսրայր, առանձին են ուզում ապրել: Փառք Աստծո, իմ ընտանիքն էդպիսին չէ: Այսօրվա ընտանիքներում տարբերություն կա: Հավանական է, որ այս կամպյուտրները շատ փչացրեցին, շատ ինֆորմացիան, ազատությունը. շատ են ասում՝ ազատություն, եվրոպական արժեհամակարգ… դրանք ավելի փչացրեցին երիտասարդությանը եւ մեզ՝ բոլորիս: Էդքան չափից դուրս ազատը լավ չի, ես դրան միշտ դեմ եմ, մինչեւ էսօր էլ դեմ եմ:
Մարդկային բնավորության ամենաատելի գիծը
-Դավաճանությունը չեմ սիրում, մենք չենք կարող մեղք չգործել, եթե աշխարհի մեջ ենք, բայց ամենասարսափելի բանը ինձ համար դավաճանությունն է:
Ուրախանալու առիթը
-Իմ կյանքը հագեցած է եղել, ես ապրել եմ դրսի, երկրի, քաղաքի համար. հիշարժան պատմություններ շատ ունեմ: Շատ եմ ուրախացել, երբ հայոց ազգը հաղթանակ տարավ, Արցախը դարձավ հայոց անքակտելի մասը, երբ որ քաղաքը կառուցվեց, բյուջեն ավելացավ, Ամենափրկիչը կառուցվեց. ինձ համար ամենալավ բաները դրանք են: Ես ուրախանում եմ, երբ որ ընդհանուրն է ուրախանում, անձնականով չեմ ուրախանում՝ ինչ- որ մի կառույց ունենամ: Մարդիկ կան, որ ուրախ են դրանով, ես էդպիսի բաներից չեմ ուրախանում, ես հոգեպես ուրախանում եմ էն ժամանակ, երբ որ ազգը ուրախանում է, երբ որ օլիմպիական չեմպիոններ ենք ունենում: Երբ որ իմ Վարդանիկ թոռնիկը ծնվեց, ես 120 հատ մատաղ արեցի, եւ ոչ թե առանձին գնացինք սանատորիա: Ես էնպես արեցի, որ օրհնանք գա էրեխեքի վրա:
«Սա ժամանակավոր սուտ կյանք է»
-Չեմ ուզում տեսնել գյումրեցիների հուսահատությունը, հույսով լցվենք առ Աստված, ամեն ինչ Աստծո ձեռքն է, ամեն ինչ Աստված է տալիս, սա ժամանակավոր սուտ կյանք է, հույսերս կապենք Աստծո հետ, մեղքերից հեռու մնանք, ինչքան կարող ենք, եւ Աստված ամեն ինչ կտա:
Պտղոց առատություն, անձրեւաց քաղցրություն: Հիմա շատերը կարող է դա չհասկանան, այո, Աստված պետք է տա այդ ամեն ինչը, Աստված պիտի առաջնորդի: Երբ ես քաղաքապետ դարձա, բյուջեն չնչին էր՝ մի 300 միլիոնանոց, 400 մլն էլ պարտք կար, բայց եկել էի, որ քաղաքը կառուցեի, խելագարված ամեն ինչ անեի իմ քաղաքի համար, բայց գումար չկար՝ ոնց պիտի անես: Հավատացեք, էդտեղ ես զգացել եմ, թե Աստված ինչ ձեւի օգնել է մեզ եւ ոնց որ դրսից թագավորի սիրտը գութ գցելով, ղեկավարների սիրտրը գութ գցելով, Հանթսմաններ, Քըրք Քըրքորյաններ ու մնացած գումարները եկան-հասան Հայաստան ու Գյումրի: Անհավատ մարդիկ կարող է ուրիշ ձեւի մեկնաբանեն, բայց ես, հավատք ունենալով, այլ ձեւով եմ մեկնաբանում: Ես զգում եմ, որ անհույսից հույս է բացում Աստված, անլույսից լույս է բացում Աստված եւ մենք չպետք է մտածենք, որ Ռուսաստանը կամ Ամերիկան չեղան՝ մենք կկործանվենք: Ոչ, եւ Ռուսաստանը, եւ Ամերիկան հզորացրել է Աստված: Աշխարհակալ պետություններ կան, որ վերացան աշխարհի վրայից, գնացին, որովհետեւ շատ մեղքեր գործեցին ու վերացան: Հիմա հայոց եկեղեցին շատ մեծ դերակատություն պետք է ունենա, հայոց եկեղեցին պետք է լինի առաջնորդը, ինքը պետք է իր ժողովրդին տանի իր հետեւից, ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում:
Ո՞ւմ են պետք մանկավարժների դիպլոմները
-Կրթության ոլորտը ես չեմ տեսնում. մանկավարժական ինստիտուտը համալասարան դարձավ, ո՞ւմ են պետք այդ դիպլոմները: Պետք է նստեն՝ ազգովի մտածեն, թե ինչ է պետք, մենք ինչ մասնագետ չունենք, այդ մասնագիտությունը զարգացնեն, մենք դա չենք տեսնում :
Հիշում եմ առաջ, որ աղջիկները ինստիտուտ էին գնում, ասում էին՝ օժիտի համար է դիպլոմը: Ես ուզում եմ տեսնենք, որ մեր երկիրը զարգանում է իր բոլոր ոլորտներով, ես ուզում եմ տեսնել երկրի բարգավաճումը: Ես ազգասեր մարդ եմ, շատ:
«Երբեք մի ասա երբեք». «Հլը պլանները չկատարեին, գիտե՞ս ինչ կանեի»
-«Երբեք մի ասա երբեք» խոսք կա, բայց այս պայմաններում չեմ ուզում դառնալ քաղաքապետ, որովհետեւ էս չնչին գումարներով քաղաքը չի պահվում, շատ չնչին է: Ճիշտ է՝ ես կարողացա 300 մլն դրամը դարձնել 3 մլրդ 300 մլն: Ճիշտ է՝ հիմա դոտացիան ավելացել է, տալիս են 2 մլրդ դոտացիա, սեփական եկամուտները դարձրել են 1 մլրդ, իսկ իմ ժամանակ 2 մլրդ-ից ավել էր: Իրանք դիտավորյալ են էսպես ներկայացնում, չեն էլ հստակեցնում, թե ինչ են պակասեցրել: Ճիշտ է՝ քաղաքի վիճակը վատ է, շատ աշխատանքներ կան: Էնտեղ կա մի բաժին, 4-5 քաղաքապետի հետ աշխատել է, ես դրանց խեղդում էի, գիտե՞ս ինչ էի ասում, ինչ հանձնարականներ էի տալիս: Հիմա չեն ասում, թե ինչ անեն, որ բյուջեն ավելանա, ես մի քանի անգամ ասել եմ, ցավոք սրտի, չեն էլ հասկանում՝ ինչ եմ ասում, իրոք, գույքահարկի, հողի հարկի մասնաբաժնով տեղեր կան բյուջեն ավելացնելու, բայց իրենք չեն անում: Գնացեք նայեք՝ չեն անում, ինչի՞ աշխատեն, չարչարվեն: Իսկ իմ ժամանակ չարչարանք էր, հլը պլանները չկատարեին, բյուջեն չկատարեին..գիտե՞ս ինչ կանեի, հիմա իրենց համար ուրախ, ի՞նչ է պատահել, շատերն էլ չեն հասկանում տեղական ինքնակառավարումից, սիրուն, գեղեցիկ գնում են առաջ:
Զրուցեց եւ գրի առավ Անի Մկրտչյանը