Անտերության օրը
Advertisement 1000 x 90

Անտերության օրը

Մեր հերթական անտերության հերթական օրը, որը, չգիտես ինչու, որպես տոն է նշվում: Անտերության տո՞ն… Մեզնից հավատալու է: Անգամ էդ…

Ճիշտը, ինչքան հասկանում եմ, ստից ոնց որ լավ բան է: Ճիշտն, ի վերջո, ճիշտ է: Ու էն, ինչը ճշտի վրա չի հիմնված` սխալ ճանապարհով է գնալու նաև: Հիմի մեր էս անկախության օրը: Մայիս 28-ը:

Հատվածներ Հայաստանի Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետությունը» գրքից (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1993թ.):

«Մայիսի 26-ին (խոսքը 1918թ. մայիսի մասին է.- հեղ.) կեսօրին ցրվեց Սեյմը, իսկ հինգ ժամ վերջը, նույն սրահում գումարվեց Վրաց ազգային խորհրդի նիստը` Ն.Ժորդանիայի նախագահությամբ, որ և բեմադրեց Վրաստանի անկախության հայտարարության ծիսակատարությունը:

…Մայիսի 26-ի երեկոյան, Հայոց ազգային խորհուրդը, բուռն վիճաբանություններից հետո, ձայների ճնշիչ մեծամասնությամբ, որոշեց բողոքել վրաց գործիչների ընթացքի և Վրաստանի անկախության դեմ:

Մայիսի 27-ին Ազրբեջանի Ազգային խորհուրդն էլ որոշեց հայտարարել Ազրբեջանի անկախությունը:

…Ազգային խորհուրդը արավ վճռական քայլ և մայիսի 30-ին հրատարակեց հետևյալ հայտարարությունը, որը, թեև իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի բերումով դարձավ այդպիսին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ազրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը ազգային կառավարության կազմումը, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:
1918թ. մայիսի 30, Հայոց ազգային խորհուրդ Թիֆլիս»:

Ու այստեղ բնավ էլ էական չէ, որ մերոնք հերթական անգամ անիրատես են եղել. որոշել են ոչ թե անկախություն հռչակել, այլ որոշել են «բողոքել վրաց գործիչների ընթացքի և Վրաստանի անկախության դեմ»: Ոչինչ, որ դա հիվանդության` դարավոր երևի ու` անբուժելի, արտահայտություն է, ոչինչ, որ, ենթադրենք, շատերն ուզում էին Հայաստանը ղեկավարել…Թիֆլիսից ու ոչ մի կերպ չէին կարողանում պատկերացնել, որ Երևանում ապրել ու աշխատել է հնարավոր, ոչինչ, որ որևէ կերպ անկախություն չէին ուզում ու ամեն գնով սրա-նրա փեշից էին ուզում կառչել ու պատրաստ էին ամեն ինչի, բացի անկախությունից:

Էդ բոլորը` ոչինչ: Ոչինչ նաև, որ էդ «Հայտարարության» մեջ ոչ «անկախություն» բառը կա, ոչ «հանրապետություն», ոչ էլ ուրվագիծ անգամ` ինչն-ինչպես-ինչուի:

Էդ էլ ոչինչ:

Անգամ դա կարելի է անկախության հռչակագիր համարել` քի՞չ բան ենք պարզապես համարել, հռչակել, ասել:

Զորօրինակ` քրիստոնեությունը: Բայց այստեղ գոնե ազնիվ ենք, չենք ասում՝ առաջինը մենք ենք ընդունել, ասում ենք` առաջինը մենք ենք հռչակել:

Այստեղ էլ կարող էինք մի քիչ, գոնե, ազնիվ լինել: Առաջին հանրապետություն կոչվող երկրի մասին եթե մի քիչ թե շատ նման թուղթ էլ կա` համոզվեցիք, որ ընդունվել է մայիսի 30-ին. ուրեմն` մայիսի 30-ը պիտի համարվի ինչ-որ բան. ինչ ուզում եք` ասեք: Անկախություն, հանրապետություն, պետականություն` ինչ ուզում եք: Բայց 30-ը:

Իսկ մայիսի 28-ը` տես վերը` Ս.Վրացյանի գրքից արված մեջբերումը` մեր ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ օրն է:

Ցավո՜ք:
Ավա՜ղ:
Եղու՜կ:
Բայց դե` էդ ա:

Էնպես որ, լավագույն դեպքում մայիս 28 չի, այլ մայիս 30:

Համ էլ կլոր թիվ ա:
Թե չէ` ամեն ինչը աբսուրդի ենք հասցրել-հասցնում:
Անտերությունն անգամ:
Տոն հռչակելով:
Եվ` ոչ միայն:

Այդին Մորիկյան

«Ժամանակ-Երևան», 28 Մայիսի, 2008 թ.



Նման նյութեր