Վերջին տասնօրյակում աշխարհը հետևում է Կաննում՝ Ֆրանսիայի Լազուրե ափին, անցկացկացվող Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքին: Շատերը այս փառատոնին սպասում են կարմիր գորգի արարողության համար, որին երկար ժամանակ պատրաստվում են աշխարհահռչակ աստղերը, ոմանք փառատոնին հետևում են կինոաշխարհում նոր հարթություններ գտնելու համար: Ինչևէ, «Կանն-2017»-ն այսօր կավարտվի և կդառնա պատմություն:
Ինչպես հայտնի է` «Կանն-2017»-ին ներկա է եղել նաև հայկական պատվիրակությունը: Առաջին ալիքի հաղորդավար, լրագրող Էրիկ Անթառանյանը, ով ևս ներկա է եղել կինոինդուստրիայի այս կարևոր փառատոնին, Life.panorama.am-ին ծանոթացրել է մանրամասներին, ինչպես նաև պատմել այս ոլորտում հայկական տաղավարի ստեղծման մասին.
«Կաննի կինոփառատոնը միայն կարմիր գորգը չէ, թեպետ չեմ թաքցնի, որ կարմիր գորգը գլխավոր իրադարձությունն է: Այստեղ զուգահեռաբար տեղի են ունենում բազմաթիվ այլ միջացոռումներ ևս: Մասնավորապես, այստեղ կարող ես ձեռք բերել բազմաթիվ ֆիլմերի ցուցադրության իրավունքներ կինոթատրոնային շուկայում, Կաննում անցկացվում է նաև հեռուստաշուկա, որտեղ հնարավորություն կա ձեռք բերել հեռուստատեսային տարբեր ֆորմատներ»,- նշեց մեր զրուցակիցն ու ավելացրեց.
«Կաննում կինոարտադրողները հանդիպում են կինովաճառողների հետ, նույն այդ շուկայում հանդիպում ես նաև ընկերությունների, որոնք կինոարտադրության ինչ-որ ճյուղերով և կինոթատրոնային ինդուստրիայով են զբաղված: Կինոթատրոնների համար կարող են արտադրել աթոռներ, վերջին տեխնոլոգիաների պրոյեկտորներ և այլն: Այս տարի շատ մեծ հարկաբաժին էր հատկացված վիրտուալ իրականության PR-ի տաղավարներին, որտեղ տեսնում էինք ոչ միայն PR տեխնոլոգիաներով նկարահանված ֆիլմեր, որոնք արդեն հանված են վաճառքի, այլև՝ կինոթատրոններ, որոնք հարմարեցված են հենց PR տեխնոլոգիաներով ֆիլմեր դիտելուն: Բնականաբար, այս ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ կոնֆերանս սրահներում»:
Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև տարբեր հանդիպումնեի և վարպետության դասերի.
«Բացի կինոդիտումներից, որոնք շատ են հետաքրքրում Կաննի կինոփառատոնին մանրակրկիտ հետևող բոլոր լրագրողներին և կինոքննադատներին, խոշոր աստեղերի կողմից, ինչպիսին Պեդրո Ալմոդովարն էր, իրականացվում էին վարպետության դասընթացներ, որոնց հաճախելու իրավունք էր տրված փառատոնին գրանցված բոլոր մարդկանց»,- նկատեց էրիկ Անթառանյանը:
Նրա փոխանցմամբ`այս տարի հիմնական մրցութային ծրագրերից զատ, եղել են նաև այլ մրցութային ծրագրեր և ցուցադրություններ: Օրինակ, ցուցադրվել է Պեդրո Ալմոդովարի ամենահայտնի ֆիլմերից մեկը, որը հենց ինքն է ներկայացրել: Ի դեպ` Պեդրո Ալմոդովարը նաև հիմնական մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն էր: Այս տարվա ժյուրիի կազմում հետաքրքիր կերպով առաջին անգամ հայտնվել է նաև հոլիվուդյան աստղ Ուիլ Սմիթը:
Էրիկ Անթառանյանը նշեց նաև, որ աշխարհահռչակ փառատոնի շրջանակում կազմակերպվել են նաև ֆոտոսեսիաներ պապարացիների համար, ովքեր կարող էին հատուկ գնալ, հերթագրվել և մասնակցել այդ ֆոտոսեսիային, ու միգուցե, իրենց ամենահաջողված կադրը կարողանային վաճառել աշխարհի հայտնի լրատվական գործակալություններին և այդպիսով աշխարհը գրավեն հենց իրենց նկարով:
«Իհարկե, պապարացիները առիթը բաց չէին թողնում փողոցներում այս կամ այն աստղին նկարելու հնարավորությունը: Սովորական երևույթ է, որ Կաննի փողոցներում կարելի է հանդիպել այս կամ այն աստղին, որը որոշել է պարզապես զբոսնել»,- հավելեց նա:
Այնուամենայնիվ, Էրիկը ընդգծեց, որ Կաննի փառատոնի գլխավոր մասն է կազմում կարմիր գորգի արարողությունը.
«Ցանկացած ֆիլմից առաջ նախ տեղի է ունենում մամուլի ասուլիս տվյալ ֆիլմի ստեղծագործական անդամների հետ, որից առաջ էլ տեղի է ունենում photocall-ը, իսկ այդ ամենից հետո գնում են ֆիլմի ցուցադրությանը, բնականաբար, կարմիր գորգով անցնում է ոչ միայն ստեղծագործական խումբը, այլև՝ հրավիրված այլ հյուրեր և, իհարկե, սովորական մարդիկ, ովքեր հնարավորություն են ստացել ցուցադրությունը դիտել: Այս իրադարձությանը աշխարհահռչակ աստղերը երկար են սպասում: Նրանք հագնում են իրենց զգեստապահարանի ամենաշքեղ զգեստները, կամ հենց այս օրվա համար որևէ գերհայտնի նորաձության տանը նախապես պատվիրված զգեստն են կրում, որոնցով էլ գրավում են աշխարհի ուշադրությունը»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նկատենք, որ Կաննի փառատոնի ողջ ընթացքը ուղիղ հեռարձակելու իրավունք ուներ միայն Canal+-ը, իսկ մյուսները՝ այդ թվում և Առաջին ալիքը, բացառիկ հնարավորություն ունեին տեսագրված նյութերը մի քանի րոպե հետո ցուցադրել իրենց եթերում:
Էրիկ Անթառանյանն այս փառատոնի շրջանակում հայկական պատվիրակության համար կարևոր հանգամանք նշեց.
«Այս տարվա հայկական պատվիրակության համար կարևորագույն ձեռքբերումներից մեկը հայկական տաղավարի առկայություններ էր կինոշուկայում: Այս տարի մենք ներկայացել ենք բավականին լավ կազմով: Ճիշտ է`ամեն տարի լավ կազմ է գնացել, բայց այս տարի պետական հովանավորչությամբ ունենալով տաղավար, մենք հնարավորություն ենք ընձեռում բոլոր ստեղծագործողներին, ովքեր պաշտոնական պատվիրակության կազմում կլինեն կամ չեն լինի, գալ և հայկական տաղավարում անցկացնել իրենց հանդիպումները, ինչպես նաև՝ հնարավորություն է ընձեռնված ունենալ հայկական հյուրասիրության օր, որը պարտադիր է գրեթե բոլոր մասնակից երկրների համար: Ի դեպ`հայկական հյուրասիրության օրը այս կամ այն երկրի համապատասխան կառույցի հետ համագործացելու հնարավորություն է: Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտ քայլ էր այդ տաղավարը, սակայն միայն 2-3 տարի հետո կզգանք դրա պտուղները, որովհետև կինոփառատոնն այնպիսի տեղ է, որ պետք է համապատասխան ընկերությունների, կառույցների մոտ վստահություն առաջանա, պարբերաբար տեսնեն, ճանաչեն, վստահություն ձեռք բերելուց հետո փորձեն համագործակցել և համապատասխան պայմանագրեր կնքել: Այնտեղ տաղավար ունենալով՝ ծանոթ ես լինում և հետ չես մնում աշխարհում տեղի ունեցող կինոինդուստրիայի նորություններից, և կարողանում ես քո երկրում կինոարտադրությանը զարկ տալու համար համապատասխանեցնել օրենքները, պայմանները և այն ամենն, ինչ անհրաժեշտ է, օրինակ, կինոարտադրողներին՝ ֆիլմ նկարելու կամ համագործակցելու համար»: