Ամեն անգամ մայրիկիս մոտ լաց էր լինում, ասում էր՝ մեռնում եմ, սիրում եմ Սաշին. Ալեքսանդր Բաբասյանը՝ դպրոցական մականվան ու հուշերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ամեն անգամ մայրիկիս մոտ լաց էր լինում, ասում էր՝ մեռնում եմ, սիրում եմ Սաշին. Ալեքսանդր Բաբասյանը՝ դպրոցական մականվան ու հուշերի մասին. life.panorama.am

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է իր դպրոցական տարիների մասին, խոսել մոտ ընկերների, նրանց հետ անընդհատ մեծ վեճերում հայտնվելու, աղջիկների համար կռիվի պատճառ դառնալու և բացարձակ  գերազանցիկ լինելու մասին:

«1989-ին ընդունվել եմ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցը, մինչև 7-րդ դասարան այստեղ եմ սովորել, այնուհետև տեղափոխվել եմ «Նեյրոն» բժշկական վարժարան: Արդյունքում երկու Վերջին զանգ եմ ունեցել, քանի որ վարժարան տեղափոխվելուց հետո էլ կապը պահում էի դասարանիս հետ: Ի դեպ՝ առաջին անգամ ալկոհոլ եմ խմել հենց Վերջին զանգի օրը. քանի որ ֆուտբոլով էի զբաղվում, առհասարկ մի գրամ անգամ ալկոհոլ չէի խմել, այդ օրը ընկերներս խաբեցին՝ ասելով, թե սփրայթ է, ես էլ խմեցի՝ առանց իմանալու, որ սփրայթի մեջ նաև օղի են լցրել, դրանից շատ չանցած հասկացա, որ գիտակցությունս կորում է: Ասեմ նաև, որ իմ անհամբեր տեսակիս պատճառով հետագայում չընդունվեցի Բժշկական համալսարան, չէի պատկերացնում, թե ոնց եմ տասը տարի սովորելու, հետո ևս տասը տարի աշխատելու՝ լավ մասնագետ դառնալու համար, դրա համար էլ վարժարանն ավարտելուց երեք ամիս առաջ մտքափոխվեցի և ընդունվեցի Պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտի կառավարում» բաժինը, ապա սովորեցի Մանկավարժական համալսարանի «Պատմաիրավաբանական» բաժնում: Ասեմ, որ չեմ ափսոսում, որ չգնացի երազանքիս հետևից և վիրաբույժ չդարձա, քանի որ հիմա գոհ եմ անցածս ճանապարհից, այսօր իմ տարիքում ունեմ ամեն ինչ, որը հաստատ նույն տարիքում չէի ունենա, եթե ընտրեի վիրաբույժի մասնագիտությունը»,- պատմեց դերասանը:

Ալեքսանդր Բաբասյանը հպարտությամբ խոստովանում է՝ բացարձակ գերազանցիկ աշակերտ է եղել. «Շատ լավ եմ սովորել, բացարձակ հինգերով եմ ավարտել: Մայրս մանկավարժ է, նրա մոտ ընդունելության քննությունների համար պարապում էի, այսօր մայրս խոստովանում է, որ ես եղել եմ իր լավագույն աշակերտը, ով միայն պարապմունքի ժամերին էր շտեմարանը բացում, բայց ընդունելության քննությանը ստացավ 19 միավոր, ընդ որում 20 չստացա՝ ջնջումներիս պատճառով, քանի որ այն տարիներին 5 ջնջումը մեկ բալ էր: Առանց չափազանցելու ասեմ, որ թե վարժարանում, թե համալսարաններում շտկումներ էի անում մեր հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցիչներին: Իսկապես անթերի գիտեի, քանի որ մեր ընտանիքում բոլորը լեզվաբաններ ու պրոֆեսորներ են եղել: Համալսարաններում լեկցիաներ չէի գրում, միայն մի քանի նախադասություն, բայց դա ինձ լրիվ բավարար էր: Շատ լավ էի տիրապետում բոլոր առարկաներին, անմիջապես յուրացնում էի: Համալսարանում անգլերենի դասախոսն անգամ ազատեց ինձ դասերից, քանի որ շատ լավ գիտեի ու կարիք չտեսավ դասերի գնալու»,- նշեց Ալեքսանդրը, բայց նաև հավելեց՝ գերազանց սովորելուն զուգահեռ սարսափելի չարաճճի է եղել.

«Չնայած լավ եմ սովորող, բայց կոմունիստ աշակերտ չեմ եղել: Եթե որևէ տեղ կռիվ էր լինում, ուրեմն ես մեջն էի, չափազանց կռվարար էի: Դպրոցում սովորելու տարիներին ընկերներով խմբակցություն էինք կազմել՝ «ՋՓՍ», որը նշանակում էր ջարդող-փշրող-սպանող: Մենք այս անունով վկայականներ էինք ստեղծել՝ մեր նկարներով, ստորագրություններով: Այս խմբով աննպատակ մտնում էինք տարբեր դասարաններ, դռները ներսից փակում էինք ու սկսում բոլորին ծեծել. հիմա հիշելիս՝ շատ եմ ծիծաղում, քանի որ դա անում էինք իսկապես առանց պատճառի: Ի միջիայլոց՝ այդ կռիվներից մեկի ժամանակ ապակիով հարվածեցին գլխիս, որի հետևանքով 15 սմ ապակի էր մտել գլխիս մեջ: Հիշում եմ՝ ինձ անմիջապես տարան մոտակա պոլիկլինիկա ու առանց ցավազրկելու 17 կար դրեցին, քանի որ ցավազրկող ճարելու ժամանակ չկար, արնաքամ էի լինում: Հավատացեք, թեև 6-րդ դասարան էի, բայց մինչ այսօր հիշում եմ պոլիկլինիկայի սպիտակ սալահատիկներն ու ասեղի ձայնը: Հիմա էլ, երբ մազերս կարճ եմ կտրում, այդ սպին երևում է,- պատմեց Ալեքսանդրը:

Նա նշեց, որ կռվարար լինելու պատճառով իր ընկերներին հեռացրել են վարժարանից, իսկ իրեն պահել են քանի որ նախ՝ լավ էր սովորում, բացի այդ՝ մայրը մանկավարժ էր:  «Ի դեպ՝ ասեմ, որ ընկերներս շատ լավ ու հայտնի մարդիկ են. մեկը հայտնի նկարիչ Արթուր Սարյանն է, մյուսը՝ Տիգրան Օհանյանը, ով այժմ ապրում է ԱՄՆ-ում: Շատ մտերիմ էինք, առանց իրար հաց չէինք ուտում, նախապես որոշում էինք ու պարտադիր միանման հագնվում: Էն ժամանակ բջջային հեռախոսներ չկային, միշտ պայմանավորվում էինք Հանրապետության հրապարակի «Յոթ եղբայրներ» ցայտաղբյուրի մոտ ու լավ ժամանակ անցկացնում միասին: Նրանց հետ կապված մի հիշողություն ունեմ, որը երբեք չեմ մոռանա. 8-րդ դասարանում կռիվներից մեկի ժամանակ ընկերս դանակով միամիտ ձեռքիս խփեց, որի սպին մնաց ինձ՝ որպես հիշատակ այդ տարիներից:   Մեր վարժարանի տնօրենը՝ Մարտին Ռուբենիչը, միշտ ասում էր՝ «Դուք երեքով ամբողջ վարժարանը վառել եք»: Հիշում եմ, թե ինչպես էինք մի քանի պայթուցիչներ միացնում իրար ու շպրտում ուսուցիչների աթոռների տակ, որից տասը րոպե հետո շտապ օգնության մեքենան մեր դպրոցի բակում էր:  Դպրոցական տարիների հիշողությունները տարբերվում են կյանքիդ մյուս հաճելի պահերից, դրանք այնքան մաքուր ու ջինջ էին, որ հիմա խոսելիս էլ սիրտս թրթրում է»:

Ալեքսանդր Բաբասյանը դպրոցական տարիներին իր վարքին հատուկ մականուն է ունեցել.  «Շատերը գիտեն, որ ես կրում եմ պապիս անուն-ազգանունը, ինչպես նրան, այնպես էլ ինձ մեր շրջապատում Բաբաս են ասում, բայց դպրոցական տարիներին ինձ նաև չեչեն էին ասում, քանի որ, ինչպես նշեցի, չափազանց կռվարար էի: Խուլիգանություններս ինձ մականուն տվեցին այդ տարիներին: Ի դեպ՝ թե դպրոցում, թե համալսարանում ընկեր Հակոբյանն ու ընկեր Համբարձումյանն ինձ ավագ էին նշանակել, որպեսզի չարություն չանեմ, բայց դա էլ չէր փրկում՝ ես էի կազմակերպում, որ դասերից փախչենք».- ծիծաղելով պատմեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ դպրոցական սեր ունեցե՞լ է արդյոք, նա պատասխանեց. «Անկեղծ ասեմ՝ որպես այդպիսին ընկերուհի չեմ ունեցել: Իհարկե, համակրելի աղջիկներ եղել են, բայց սեր՝ ոչ: Դրան զուգահեռ ՝ աղջիկներն ինձ շատ-շատ էին սիրում, ինձ համար դպրոցում կռիվ էին անում: Եթե որևէ մեկին հավանեի, մյուսները տվյալ աղջկան ծեծում էին ու ասում, որ նա իմը պետք է չլինի: Նրանք այսպես ասած՝ «Девичник»-ներ էին կազմակերպում, բայց ինձ ասում էին, թե դասարանով ենք հավաքվում: Ես էլ, կարծելով, թե տղաներ էլ են լինելու, գնում էի ու տեսնում, որ ես միակն եմ՝ որպես տղա: Այդպես ամեն անգամ գնում ու անմիջապես հետ էի վերադառնում: Այդ աղջիկներից մեկն անգամ մոտեցել էր մայրիկիս ու ասել՝ «Ընկեր Խալաթյան, կլինի գամ Ձեր տուն Սաշի շորերը ես արդուկեմ, նա ինձ ուշադրություն չի դարձնում, և գոնե էդպես ինձ ուշադրություն կդարձնի»: Նա ամեն անգամ մայրիկիս մոտ լաց էր լինում, ասում էր մեռնում եմ, սիրում եմ Սաշին: Ի դեպ՝ մայրս միշտ բարկանում էր վրաս, սաստում, ամեն հարցում ինձ էր մեղավոր գտնում, քանի որ շատ համեստ ու առաքինի կին է»:

Դպրոցական ջերմ հիշողություններով կիսվելուց հետո Ալեքսանդր Բաբասյանն իր շնորհավորանքը հղեց այս տարվա բոլոր շրջանավարտներին:

 



Նման նյութեր