Բժշկական սխալները
Advertisement 1000 x 90

Բժշկական սխալները

Բժշկական ասպարեզի սխալները քիչ են լուսաբանվել: Ինչպես բոլոր այլ գիտությունների մեջ, բժշկական պրակտիկայում ևս եղել են ու կան մի շարք խնդիրներ ու սխալներ, որոնց հետևանքները նույնպես երբեմն վտանգավոր ու կործանարար են լինում: Այդ սխալների թվին են պատկանում բոլոր այն բացթողումները, որոնք կարող են առաջանալ հիվանդների սխալ հետազոտությունների, անալիզների, ախտորոշման, դեղորայքային և վիրաբուժական բուժման, դեղագործի անտեղյակության կամ սխալ խորհրդի, բժշկի հաղորդակցության դժվարության, մասնագիտացման որակի և գործելակերպի հետ, բուժքույրերի, նաև հիվանդի անհոգության և բուժման անհետևողականության հետևանքով:

Ախտորոշման սխալները բժշկական սխալների մեջ կարևոր տեղ են զբաղեցնում: Դրա տեսակներն են` սխալ ինքնախտորոշումը. երբ հիվանդն ինքն իրեն կամ ոչ հիմնավորված բուժական մեթոդներով զբաղվում է սխալ ախտորոշված հիվանդության բուժմամբ: Սխալ ախտորոշումներն ու չախտորոշված դեպքերը նույնպես քիչ չեն բժշկական հիմնարկներում:

Բուժման սխալները ներառում են հիվանդի սխալ ինքնաբուժումը, բժշկի սխալ ընտրած բուժման եղանակը, դեղորայքը և բուժական տարբեր միջոցառումները: Հիվանդության կանխարգելման բացակայության հետևանքով առաջացած հիվանդություններն ու բարդությունները նույնպես համարվում են բժշկական սխալներ: Սխալ վիրահատությունները, արյան փոխներարկումները և հիվանդանոցային ինֆեկցիաները բժշկական սխալների այլ օրինակներ են:

Դեղորայքի նշանակման և կիրառման սխալներն ամենատարածված բժշկական սխալներից են: Հիվանդության բուժման համար ոչ համապատասխան դեղորայքի նշանակումը, հիվանդի ոչ ճիշտ դեղորայքի ձեռքբերումը, դեղագործի սխալ դեղորայքի կամ դոզավորման տրամադրումն այդպիսի օրինակներից են:

Վերոնշյալ սխալների արդյունքում տուժում է հիվանդի առողջությունը, և երբեմն վտանգվում է նրա կյանքը: Ինչպիսի միջոցառումներ են պետք բժշկական սխալներն ու դրանց հետևանքները կանխելու համար: Նախ՝ անհրաժեշտ են բժշկական ուսումնական և մասնագիտացման բարձր մակարդակ, որի հետևանքով բժշկական անձնակազմը (բժիշկ, վիրաբույժ, պաթոհիստոլոգ, դեղագործ, բուժքույրեր…) իրենց գործին հմուտ և գիտակ մասնագետներ են դառնում:

Հիվանդի դերը բժշկական սխալների կանխարգելման գործում նույնպես շատ մեծ է: Հիվանդի գանգատների ճշգրիտ ներկայացումը բժշկին, նրա հարցուփորձն ու ակտիվ մասնակցությունը բժշկական խորհրդակցությանը, հիվանդության, բարդությունների և բուժման եղանակի ընտրության մասին բավարար տեղեկությունը, դեղատոմսի նշանակումների ճիշտ ձեռքբերումն ու դեղորայքի ճիշտ օգտագործումը կարող են նվազեցնել բժշկական սխալները:

Այսպիսով, բժշկական սխալների նվազեցման համար անհրաժեշտ է վերոնշյալ բոլոր օղակների համագործակցություն, որի արդյունքում հիվանդի առողջության և կյանքին սպառնացող սխալները վերանում են կամ գոնե հասնում են նվազագույն աստիճանի:

urolog.am