«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Մարինա Արամյանի պատմությունը։ Հայաստանում Մարինան աշխատել է և՛ հանրային, և՛ մասնավոր ոլորտներում, բայց հիմնականում հենց հանրային հատվածում է տեսնում իր՝ առավել մեծ ազդեցություն ունենալու հնարավորությունը: Այժմ նա սովորում է Օքսֆորդի համալսարանում։ «Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինն ավարտելուց հետո աշխատել եմ Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական խմբում (ԵՄԽԽ): ՀԱՀ ավարտական աշխատանքիս շրջանակում հետազոտել էի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության քաղաքականությունը, դրա դերը և հնարավոր ներուժն անդամ-երկրներում, և մասնավորապես՝ Հայաստանում, դրական փոփոխություններ խթանելու հարցում: Այդ առումով՝ աշխատանքս ԵՄԽԽ-ում նախորդ ակադեմիական աշխատանքիս տրամաբանական շարունակությունն էր՝ արդեն իսկ գործնական հարթությունում: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց զգացի գիտելիքներս առավել խորացնելու, գործնականն ու տեսականը կենտրոնացնելու և սինթեզելու անհրաժեշտությունը»,- մեզ հետ զրույցում պատմեց Մարինան՝ խոստովանելով, սակայն, որ Հայաստանից դուրս ուսանելու հեռանկարն այդ պահին չափազանց անհավանական էր իրեն թվում, քանի որ ունի ընտանիք, երեխաներ: Այդ հարցում, նրա խոսքով՝ որոշիչ և դրական դեր խաղաց ամուսնու սատարումը:
Մարինան բարձր է գնահատում «Լույս» հիմնադրամի դերը, որը, ըստ նրա՝ եզակի հնարավորություն է ընձեռում աշխարհի լավագույն բուհեր ընդունված հայ ուսանողներին՝ այնտեղ իրենց ուսումն իրականացնելու հարցում։ «Բացի այդ, Օքսֆորդի համալսարանի կողմից ևս ստացա Բլավատնիկ կառավարության դպրոցի հատուկ կրթաթոշակ, ինչը կրկին մեծ պատիվ էր: Անշուշտ, այս վստահությունն իմ ներուժի հանդեպ նաև չափազանց պարտավորեցնող եմ համարում»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Օքսֆորդում առօրյան չափազանց հագեցած է. «Օքսֆորդի համալսարանում առհասարակ երեք ուսումնական կիսամյակ է, յուրաքանչյուրը՝ ութ շաբաթ տևողությամբ: Մեր բաժնում, սակայն, դրանք ավելի երկար են տևում՝ սկսում ենք մեկ շաբաթ շուտ և ավարտում մեկ շաբաթ ուշ: Դա պայմանավորված է նրանով, որ ծրագիրը չափազանց հագեցած է և ընդգրկում է ոչ միայն զուտ տեսական գիտելիք մատուցող առարկաներ, այլև մեծ քանակով գործնական մոդուլներ՝ ուղղված տարբեր գործնական հմտությունների զարգացմանը: Բացի այդ, ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ դասախոսություններ՝ ամենատարբեր թեմաներով, և անընդհատ կանգնած ենք լինում դժվար ընտրության առջև, օրինակ՝ գնալ Մայքլ Բլումբերգի ելույթի՞ն, Թարիք Ռամադանի կամ Սլավոչ Ժիժեկի հետ հանդիպմա՞նը, թե՞ Նոբելյան մրցանակակիր Ամարթյա Սենի դասախոսությանը: Արդեն այս մեկ օրինակից կարելի է տեսնել, թե ինչ տարբեր, երբեմն՝ իրար հակադրվող կարծիքներ կարելի է այստեղ լսել»:
Նա նշեց, որ տարբեր տեսակետներ բարձրաձայնելու և լսելու հնարավորությունն Օքսֆորդում միայն ողջունվում է, քանի որ, նրա խոսքով՝ դա է գիտական մտքի զարգացման և, ընդհանրապես, ցանկացած ոլորտում առաջընթացի առաջին նախապայմանը. «Ինչպես ասել էր մեծ փիլիսոփա Ջոն Ստյուարտ Միլը` «Ես կարող եմ չհամաձայնել Ձեր ոչ մի մտքի հետ, բայց ես մինչև վերջին շունչս կպաշտպանեմ Ձեր՝ այդ միտքն ասելու իրավունքը»: Այս առումով, ակադեմիական ազատությունն ինչ-որ տեղ նաև հասարակության ընդհանուր ազատ լինելու մի ցուցանիշ է, և դրա վառ արտահայտումն է, օրինակ, վերջերս Հունգարիայում Վիկտոր Օրբանի կառավարության կողմից Կենտրոնական Եվրոպական համալսարանի հետ կապված սահմանափակումների միտումը»:
Վերադառնալով Օքսֆորդի առօրյային՝ նա նշեց, որ, թեպետ քաղաքը փոքր է, սակայն ունի չափազանց ակտիվ և հագեցած մշակութային կյանք։ «Այստեղ կարելի է լսել բազում աշխարհահռչակ երաժիշտների (ուսանողները տոմսերը կարող են գնել գրեթե սիմվոլիկ գումարով), քաղաքում կան թե՛ գիտական, թե՛ կերպարվեստի հարուստ հավաքածու ներկայացնող թանգարաններ (իսկ թանգարանների մուտքն ընդհանրապես բոլորի համար անվճար է, ինչպես և ամբողջ Մեծ Բրիտանիայում): Բացի այդ, Օքսֆորդը կարելի է համարել դասական դարձած մանկական ֆանտաստիկ ժանրի գրականության բնօրրանը: Այստեղ են ապրել և ստեղծագործել մաթեմատիկայի պրոֆեսոր Լյուիս Քերոլը՝ «Ալիսան Հրաշքների աշխարհում» գրքի հեղինակը, Տոլկինը, որի գրչին են պատկանում «Հոբիթը» և «Մատանիների տիրակալը» գրքերը: Երեխաների կողմից այդքան սիրված «Հարրի Փոթեր» գրքում արտացոլված աշխարհը ոգեշնչված է Օքսֆորդ քաղաքի և համալսարանի առօրյայով ու տեսարաններով»,- ասաց Մարինան՝ խոստովանելով, որ Օքսֆորդ հասնելուց հետո մի տեսակ տարօրինակ զգացողություն էր իր մոտ, երբ հասկացավ, որ վերոնշյալ գրականության մեջ տեղ գտած միստիկ տեսարանները և նույնիսկ կերպարները, կարելի է ասել, «պարզապես նկարագրված են» հեղինակների կողմից, քանի որ այդ ամենն արդեն իսկ այնտեղ կա։ «Այս մասին նշելով՝ ոչ մի դեպքում, իհարկե, չեմ նվազեցնում հեղինակների տաղանդը»,- միևնույն ժամանակ ընդգծեց նա։
Մարինայի խոսքով՝ Օքսֆորդի համալսարանն ունի բազմաթիվ միություններ՝ ամենատարբեր հետաքրքրությունների շուրջ. սկսած Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների միությունից՝ մինչև սքիդդիչ խաղալու միություն. «Կան նաև ազգային հետաքրքրությունների շուրջ միավորվող միություններ, որոնց թվում ընդգրկված է Օքսֆորդի հայ ուսանողների միությունը, որի անդամ են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում մեծացած մեր հայրենակիցները, որոնք, ի դեպ, շատ լավ տիրապետում են հայոց լեզվին: Այստեղ կա նաև Օքսֆորդի հայկական երգչախումբ, որի կազմում ոչ միայն հայեր, այլ նաև բրիտանացիներ կան: Ամենադասական օքսֆորդյան սպորտաձևը, իհարկե, թիավարումն է (ռոուինգը), քանի որ Օքսֆորդի միջով անցնում է Թեմզա գետը, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն զբաղվել այդ սպորտաձևով: Կա նույնիսկ ավանդույթ՝ տարին մեկ անգամ գարնանը Լոնդոնում անցկացնել Օքսֆորդ-Քեմբրիջ թիմերի մրցումներ, ինչը միշտ շատ վառ և հետաքրքիր միջոցառում է լինում»:
Մեր զրուցակիցը նկատում է՝ ընդհանրապես Օքսֆորդն այն տեղն է, որտեղ սիրով պահպանվում են դարերից ի վեր եկած ավանդույթները. «Դրանց է պատկանում նաև քննություններին հատուկ համազգեստով (sub fusc) ներկայանալը: Մի քանի տարի առաջ համալսարանի ղեկավարությունը այդ պարտադիր քննական համազգեստը չեղյալ համարելու հարցով նույնիսկ քվեարկություն էր կազմակերպել, սակայն ուսանողների մեծամասնությունը դրան կողմ էր քվեարկել: Մեկ այլ ավանդույթ է՝ քննություններին այդ համազգեստի հետ մեկտեղ՝ կրծքին մեխակներ ամրացնել, որոնք պետք է հաջողություն բերեն ուսանողին: Առաջին քննության ժամանակ՝ սպիտակ մեխակ, վերջինի ժամանակ՝ կարմիր, իսկ դրանց միջև ընկած բոլոր այլ քննություններին՝ վարդագույն: Ինչպես ասում էր Լեոնիդ Գայդայի հանրահայտ ֆիլմի հերոսը` «Քննությունն ինձ համար միշտ տոն է, պրոֆեսոր»»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է տալիս ուսանողին իր երկրից դուրս սովորելը։ «Ակնհայտ է, որ այլ մշակութային միջավայրում գտնվելը և սովորելն ընդլայնում է աշխարհայացքը, բացում է նոր հորիզոններ, տալիս է հնարավորություն այլ մշակութային համակարգերը գնահատելու, համեմատելու և դրանց հետ հարաբերակցվելու հմտություններ: Բայց դրանք, կարծում եմ՝ ընդհանուր են շատերի համար: Իմ դեպքում, մասնավորապես, կարող եմ ասել, որ այս մասնագիտությունով կան ծրագրեր աշխարհի տարբեր լավագույն բուհերում: Դրանք հիմնականում կենտրոնացված են ԱՄՆ-ում և ԱՄՆ-ի շուրջ՝ թե այդ երկրի փորձի, թե ուսանողական կազմի առումով: Մենք ունենք Օքսֆորդում մի դասախոս, որը վերջերս է աշխատանքի անցել այստեղ, և մինչ այդ եղել է Հարվարդի Կառավարման դպրոցի պրոֆեսոր: Նրա վկայությամբ՝ այնտեղ միջազգային ուսանողների քանակն այդքան էլ մեծ չէ՝ մեր ծրագրի համեմատ: Որպեսզի պատկերացնեք, ասեմ, որ մեր ծրագրում ունենք 70 երկրից 125 ուսանող: Յուրաքանչյուր դասը կարծես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ լինի: Այս ամենը հնարավորություն է տալիս տեսնել քո երկիրը հեռվից և ավելի սթափ գնահատել թե՛ դրականը, և թե՛ բացասականը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Մեր հարցին, թե մասնագիտական առումով Օքսֆորդի համալսարանում ի՞նչ են ստանում, որ այստեղ չկա, նա պատասխանեց, որ առաջին հերթին՝ դա ռեսուրսների պարզապես ապշեցուցիչ հարստությունն է. «Այս փոքր քաղաքում կան հարյուրից ավելի գրադարաններ, որոնք անընդմեջ համալրվում են նոր գրականությամբ: Օքսֆորդի համալսարանի հանրահայտ Բոդլերյան գրադարանները մի հսկա գրադարանային համակարգ է՝ խոշորագույնը Մեծ Բրիտանիայում: Մի դրվագ պատմեմ. այնպես ստացվեց, որ եկել էի այս ընթացքում Հայաստան և քննական աշխատանքներից մեկը պետք է այդտեղ գրեի ու հանձնեի համալսարանի ընդհանուր էլեկտրոնային համակարգի միջոցով: Ինձ հետ մեկ ճամպրուկ գրականություն էի բերել (չհաշված՝ համակարգչիս մեջ գտնվող էլեկտրոնային ֆորմատով նյութերը), սակայն այդ աշխատանքի համար անհրաժեշտ մի գիրք (որը հասանելի չէր էլեկտրոնային ֆորմատով) մոռացել էի Օքսֆորդում: Որքան էլ փորձեցի գտնել այդ գիրքը Հայաստանում, չկարողացա: Ի վերջո, ընկերներս «սքան» արեցին անհրաժեշտ էջերը և ուղարկեցին ինձ: Բայց այդ պահին սուր զգացի Հայաստանում գիտահետազոտական աշխատանքի համար առկա սահմանափակումները:
Ի դեպ, որքանով տեղյակ եմ, թեպետ Օքսֆորդի համալսարանն ունի բավականին բարձր ուսման վճարներ, դրանք կազմում են համալսարանի ընդհանուր եկամտի մոտ մեկ երրորդը, իսկ եկամտի զգալի մասը գալիս է գիտահետազոտական ծրագրերի ֆինանսավորումից: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, թե որքան հզոր գիտական կենտրոն է այս համալսարանը: «Հարուստ ռեսուրսներ» ասվածը ներառում է նաև մարդկային ռեսուրսը՝ դասախոսները, որոնք իրենց ոլորտներում առաջատար գիտնականներ են, գործնական աշխարհում մեծ փորձառություն ունեցող մասնագետները և, իհարկե, ուսանողները: Այսպիսով, տեղի է ունենում չափազանց ինտենսիվ տեղեկատվության, մտքերի և փորձի փոխանակում»:
Ի դեպ, մեր զրուցակիցն ասաց, որ Օքսֆորդի համալսարանի գրադարաններից մեկի ընթերցասրահը կրում է Գալուստ Գյուլբենկյանի անունը։
Մարինան նշում է, որ իր համակուրսեցիներից գրեթե բոլորն անցել են հետաքրքիր մասնագիտական և ակադեմիական ուղի, և ավելի քան պատրաստ են կիսել իրենց փորձն ու գիտելիքները. «Օրինակ, երբ անցնում էինք աղքատության դեմ պայքարի հետ կապված տնտեսական մոդելները և հնարավոր սոցիալական միջամտության քաղաքականությունը, մեր բրազիլիացի համակուրսեցին կիսվեց իրենց երկրում այդ ոլորտում մեծ հաջողությամբ իրականացվող «Բոլսա Ֆամիլիա» ծրագրի առանձնահատկություններով, որոնց չափազանց լավ տեղյակ էր, քանի որ տարիներ շարունակ աշխատել էր անմիջականորեն այդ ծրագրի իրականացման վրա: Եվ այդպիսի բազում օրինակներ կան: Այսպիսով, տեսնում ես, որ տեսական մոդելներն ուրվագծում են հնարավոր լուծումների շրջանակները, սակայն իրականացումը տարբեր է և պահանջում է հատուկ մոտեցում՝ հիմնված տվյալ երկրի և հասարակության իրական հնարավորությունների և սահմանափակումների վրա»:
Օտարազգի ուսանողների հետ շփման մյուս առավելությունը Մարինան համարում է նրանց անձնական տեսակետն ու փորձը. «Հաճախ քաղաքական այս կամ այն իրավիճակին վերաբերող հարցի պատասխանը կախված է նրանից, թե ում է այդ հարցն ուղղված: Այդ առումով հատկանշական է լսել այն մարդկանց կարծիքը, ովքեր իրենց երկրներում տեղի ունեցող գործընթացների անմիջական մասնակիցն են: Մեկ այլ դիտարկում վերաբերում է, թե որքանով աշխարհում ծանոթ են Հայաստանին և այն հարցերին, որոնք մեզ համար արդիական են: Երբ ասում ես, որ Հայաստանից ես, շատերը միանգամից մտաբերում են Քիմ Քարդաշյանին: Իհարկե, ոմանք կասեն, որ ցանկացած PR-ը, միևնույն է՝ PR է, հետևաբար՝ լավ է: Միգուցե և դրա մեջ կա ճշմարտության կորիզ: Ես, համենայն դեպս, համոզված եմ, որ մենք աշխարհին ներկայանալու շատ ավելի հարուստ ներուժ ունենք: Շատերն այստեղ չգիտեն, կամ խեղաթյուրված տեղեկություններ ունեն Հայոց ցեղասպանության մասին: Իհարկե, կազմակերպում եմ քննարկումներ և փորձում եմ հնարավորինս լայն շրջանակներին ներկայացնել մեր մշակույթն ու պատմությունը: Սակայն, այս առօրեական խոսակցությունները հուշում են, որ անելիքները դեռ շատ են»:
Նա ընդգծում է, որ այնտեղի բուհական համակարգն արտաքին կառուցվածքով գրեթե չի տարբերվում Հայաստանի բուհական համակարգից. «Նույն եռաստիճան համակարգն է, որին Հայաստանն անդամակցել է Բոլոնյան գործընթացի շրջանակում: Տարբերությունների թվին կարելի է դասել, օրինակ, Օքսբրիջին (այդպես այստեղ անվանում են Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները) հատուկ թյութորական համակարգը, որը մասնավորապես ուժեղ է բակալավրիատի մակարդակով: Թյութորները դասախոսներ են, որոնք հատուկ զբաղվում են ուսանողների փոքր՝ երկու-երեք հոգանոց խմբերի հետ, ինչը թույլ է տալիս առավել լայն բացահայտել ուսանողների ողջ ներուժը: Մագիստրոսական մակարդակով կան ավանդական ծրագրեր, և այնպիսի ծրագրեր, որոնք ունեն ավելի հետազոտական ուղղվածություն: Համակարգային առանձնահատկություն չէ, բայց այստեղ նաև շատ ընդունված է, որ ուսանողները կազմակերպեն արտաուսումնական տարբեր միջոցառումներ: Երբ այստեղ իմացան, որ ես նաև երաժշտական կրթություն ունեմ (գերազանցությամբ ավարտել եմ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը), հրավիրեցին մասնակցելու համալսարանի մշակութային երեկոյին: Հետաքրքիր և մի փոքր անսպասելի փորձ եղավ ինձ համար, ելույթ ունեցա երգչախմբում մի երգչուհու հետ, նաև առիթ եմ ունեցել կատարել Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործություններից: Պարզապես ապշել էի, թե ինչ ջերմ ընդունեցին, և ինչ հետաքրքրություն առաջացրեց մեր երաժշտությունն իմ օտարազգի ընկերների և դասախոսների մոտ»:
Ինչ վերաբերում է ապագայի պլաններին, ապա Մարինան նշեց, որ անպայման վերադառնալու է Հայաստան. «Ավարտական աշխատանքս կապված է լինելու Հայաստանի հետ, և պլանավորում եմ ուսումնասիրություններս կատարել և գրել Հայաստանում: Հետագայի հետ կապված՝ այս պահին հստակ չեմ կարող ոչինչ ասել, ամեն դեպքում կցանկանայի Հայաստանի զարգացմանն ինչ-որ չափով օգտակար լինել»:
Ռազմիկ Մարտիրոսյան