ՀՀ բնակչության 26%-ը ծխող է` կանայք, տղամարդիկ, դեռահասներ. Այսօր «Առանց ծխախոտի» օր է
Advertisement 1000 x 90

ՀՀ բնակչության 26%-ը ծխող է` կանայք, տղամարդիկ, դեռահասներ. Այսօր «Առանց ծխախոտի» օր է

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:

Ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռն ամենամեծն է: Ծխախոտի մշտական օգտագործումը ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ունի ծխողի առողջության վրա: Տուժում է նաև չծխողների առողջությունը, որոնք գտնվում են ծխողի կողքին և հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն և Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում և պիտակավորում:

Վերջին տարիներին «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007 և 2009 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որոնք ազդեցություն ունեն առողջության վիճակի վրա:

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ (16 տարեկանից սկսած) բնակչության 26% կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 53%: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոնն է: Իսկ Երեւանում կանանց 7-8%-ը ծխում է, մարզերում, սակայն, ծխող կանայք ավելի քիչ են: Նշվում է նաև, Հայաստանում 17-ամյա դեռահասների 26%-ը կանոնավոր ծխող է, 11 %-ը փորձել է ծխել առնվազն մեկ անգամ։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ մեր երկրում ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների մոտավորապես 55.000 նոր դեպք, որոնց հիմնական մեղավորներից մեկը համարվում է ծխելը:

Ըստ «The Tobacco Atlas»-ի անցկացրած հետազոտության, աշխարհում ամենաշատ ծխախոտ օգտագործող երկիրը Չինաստանն է, որտեղ ավելի շատ ծխախոտ է օգտագործվում, քան ցուցակում հայտնված Չինաստանին հաջորդող 29-ը երկրներում միասին վերցրած։ Մեկ շնչին բաժին հասնող ծխախոտի քանակով Տասնյակում են հայտնվել նաև Բելառուսը, Լիբանանը, Մակեդոնիան,  Ռուսաստանը, Սլովենիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մոնտենեգրոն և Բոսնիան և Հերցոգովինան։

Այս ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը։ Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում 1 մարդուն տարվա մեջ բաժին է հասնում 1545 գլանակ։ Վրաստանը տեղակայվել է 39-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը 13-րդ տեղում։

armtimes.com