Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը (International Children`s Day): Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:
Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է: Նրա անցկացման մասին որոշումը կայացվել էր 1925 թվականին` Ժնևում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում: Հստակ տվյալներ չկան, թե ինչու հենց հունիսի 1-ն է ընտրվել երեխաների օր:
Ըստ տարբերակներից մեկի` 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է մի խումբ չինացի որբ երեխաների և նրանց համար Դուան ու Ցզե տոնակատարություն է կազմակերպել (վիշապ-նավակների փառատոն), որի ամսաթիվը հենց հունիսի 1-ն է եղել: Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է նաև Ժնևում «մանկական» կոնֆերանսի անցկացման հետ:
1949 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Փարիզում տեղի է ունեցել կանանց կոնգրես, որտեղ երդվել են որպես երեխաների երջանկության երաշխիք հանուն խաղաղության անդադար պայքարել: Մեկ տարի անց` 1950 թվականին հունիսի 1-ին անցկացվել է Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը, որից հետո տոնը նշվում է ամեն տարի:
1925թ. Շվեյցարիայում տեղի է ունեցել Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:
Այս օրվանից բացի, փոքրիներին է նվիրված նաև երեխաների համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 20-ին: