Երեխաների իրավունքների պաշտպանության օրն ընդունված է մանկատան երեխաների մասին խոսել: Որովհետև նրանք ավելի անպաշտպան են, քան իրենց տանը, իրենց վարձով տանը, իրենց դոմիկում, իրենց գոմում ապրող երեխաները:
Անպաշտպան են իրենց տանը, իրենց երկու ծնողների, անգամ տատիկ-պապիկի հետ ապրող այն երեխաները, որոնց մամաներն ու պապաները, տատիկներն ու պապիկները ազատ ժամերին սիրում են զբաղվել երեխայի դաստիարակությամբ՝ կյանքը բաժանելով կարելիների և չիկարելիների, իսկ զբաղված ժամերին նրանից ազատվելով՝ դայակի խնամակալությունից մինչև նրան ուղղակի բանի տեղ չդնելով:
Երեխաներն անպաշտպան են դայակներից, որովհետև մինչև թաքուն տեսանկարահանող սարք տեղադրելը և տեղադրելու օրն անգամ նրանք հասցնում են որպես պատիժ երեխայի բերանը պղպեղ լցնել, քնաբերով երկար քնեցնել, ծեծել, սարսափելի պատմություններ պատմել:
Երեխաներն անպաշտպան են հյուրերի մոտ զավակի շնորհների ցուցադրման ծնողական անդիմադրելի սնապարծությունից, իսկ տաղանդի բացակայության պարագայում այն «քերելու», ցցելու և ալամ-աշխարհի աչքը մտցնելու ծնողական հիվանդությունից, իրենց երեխային գեղեցկության, լեզվի, խելքի ու ճարպկության «չեմպիոն» դարձնելու մոլուցքից: Կարճ ասած՝ երեխաներն անպաշտպան են ծնողների անհավասարակշիռ սիրուց: Իսկ երեխայի նկատմամբ սիրո հավասարակշռումն աշխարհի ամենաբարդ բանն է:
Երեխաներն անպաշտպան են վատ ծնողներից: Երեխաներն անպաշտպան են ծնողների, ծնողների և տատիկ-պապիկների հարաբերություններից: Երեխաներն անպաշտպան են երեխայի խնամակալության հարցը լուժող դատարաններից: Երեխաներն անպաշտպան են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից:
Երեխաները պաշտպանության կարիք ունեն կերակրելու, հագցնելու, դաստիարակելու, խնամելու, բուժելու հարցում տգետ ծնողներից և բազում-բազմահազար խորհրդատուներից: «Անալգինը ջարդի, քսի լնդերին, ատամը հեշտ կհանի, ես իմ երեք երեխաներին այդպես եմ արել»՝ այսպիսի խորհուրդ, ընդ որում՝ բավական համառ, անձամբ ես եմ ստացել: «Մամային է կպած, ինքնուրույն չի» (հետաքրքիր է՝ ո՞ւմ պետք է կպած լինի երեխան, եթե ոչ ողջ օրը նրա հետ անցկացնող մորը), «թեթև ես հագցրել», «շատ ես հագցրել», «կես տարուց ավելի չի կարելի կրծքով կերակրել, թույն է արտադրում», «երես մի տուր», «մեկ-մեկ պատժիր», «շուտ պիտի մանկապարտեզ տանեիր», «շատ նիհար է», «մազերը կտրիր», «տաք ջրով լողացրու» և այլն: Կարճ ասած՝ կուկլան հաճախ խորհրդատուների սրտով չի լինում:
Երեխաներն անպաշտպան են տգետ բժիշկներից, կեղծված դեղորայքից և անշնորհք մանկագիրներից, բեմադրիչներից, ռեժիսորներից, դերասաններից, թատրոնի հսկիչներից, մանկապարտեզի և դպրոցի վայրենի տնօրենից, դաստիարակից, ուսուցչից, մարզիչից: Կարճ ասած՝ առողջապահական և կրթական համակարգից:
Երեխաներն անպաշտպան են իրենց ծնողների գործատուներից:
Երեխաներն անպաշտպան են իշխանություններից:
Երեխաներն անպաշտպան են ցեղասպանությունից, պատերազմից, գաղթից, թրաֆիքինգից:
Երեխաներն անպաշտպան են ուրիշ երեխաներից. նրանք կարող են թիրախավորվել խոցելի երեխայի վրա և նրան հասցնել ընդհուպ ինքնասպանության:
Երեխաներն անպաշտպան են իրենք իրենցից. նրանք իրենց անհավանական արարքները գործում են վայրկյանի ընթացքում:
Երեխաները տիեզերքի ամենահրաշալի ստեղծագործությունն են: Երեխաները ապրելու ամենաիսկական, երբեմն՝ միակ խթանն են:
Երեխաները հենց սերն են:
Մարինա Բաղդագյուլյան