Գործարար Վիկտոր Մնացականյանի նախագիծը միտված է զբոսաշրջային ճանաչված ուղղություն դարձնել Սևանը. հեղինակը Tert.am -ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ մասնավորի գրագետ քայլերի և մասնավոր-պետություն համագործակցության միջոցով հնարավոր է զբոսաշրջային համաշխարհային քարտեզում Սևանա լճի ավազանը դարձնել նոր և հայտնի ուղղություն:
Վիկտոր Մնացականյանը, ով նախկինում եղել է Վենետիկի Բիենալեի հայկական տաղավարի կոմիսարը, մանրամասնեց, որ նախ նախատեսում են կառուցել Հայաստանում առաջին առափնյակը (набережная), որն էլ, իր հերթին, կմիանա նախագծվող «Սևան օլդ թաուն»-ին:
Ներկայացնելով, թե ինչու գաղափարը հղացավ հենց Սևանի համար՝ Վիկտոր Մնացականյանն ասաց. «Մեր ուսումնասիրություններով՝ Հայաստանի զբոսաշրջիկների 90 տոկոսը պարտադիր այցելում է Սևան: Սրան գրեթե հավասարազոր է միայն Գառնի-Գեղարդ ուղղությունը: Բայց Սևանը՝ որպես լոկացիա, ավելի շահեկան դիրքում է նրանով, որ ամառները ներառում է նաև ներքին տուրիզմը. օրինակը, որ Երևանի կամ մարզերի բնակիչները Սևան տարին տարու վրա ավելի հաճախ են այցելում: Բայց Սևանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու համար նախևառաջ պետք է ազատվել դարն ապրած, անշուք «դոմիկներից»: Գործընթաց, որը մեծ «տեղական պատերազմների» գնով, բայց սկսել է իրականանալ «Սևան ազգային պարկի» Վահե Գուլանյանի հոգատարության շնորհիվ»:
Վիկտոր Մնացականյանի գնահատմամբ՝ Սևան քաղաքին պետք է գրագետ բրենդավորում և նոր իմիջ, ինչի համատեքստում գործարարն ասում է. «Առաջինն այն է, որ Սևան քաղաքը ևս ընդգրկվի տուրիստական թրաֆիկի մեջ: Ժամանակին քաղաքը կառուցվել էր լճից հեռու որոշ պատճառներով, նաև հասկանալի, քանի որ այն ժամանակ դեռ պարզ չէր՝ ջուրը պետք է ավելի բարձրանա՞, թե իջնի: Ինչևէ, դրանից ելնելով՝ Սևանը կտրված մնաց, ու ամենավատն այն է, որ մայրուղին բաժանեց քաղաքը ծովից: Իսկ հիմա ժամանակն է, որ քաղաքը դառնա հարմար զբոսաշրջիկների իջևանելու համար: Օրինակ՝ կարելի է փորձել բացել «հոստելներ» կամ B&B-ներ: Նայեք՝ Սևանը քաղաքը ձևավորվել է նաև Ելենովկա գյուղի հիման վրա, բայց, ցավոք, քաղաքի նախկին շինություններն իրենց օրիգինալ տեսքով չեն պահպանվել: Իսկ հետագայում՝ 60-ականներին վերակառուցված, բայց լճից կտրված քաղաքն առավելագույնս հարմարավետ չդարձավ որպես առողջարանային-հանգստյան քաղաք»:
Ըստ Վիկտոր Մնացականյանի՝ վերը նշվածն է վկայում այն, որ ամեն տարի Սևանա լիճ այցելում է 1 միլիոն մարդ, բայց այս 1 միլիոն մարդուց Սևան քաղաք տարվա մեջ առավելագույնը 1000-ը կարող է մտնել:
Իսկ քաղաքի բարեկարգման-վերակառուցման գաղափարն այն է, որ մարդիկ կարողանան գալ, արձակուրդը անցկացնել Սևան քաղաքում, ինչպես ուրիշ ծովափնյա քաղաքներում՝ Բաթումի, Սոչի, Բուդվա: Սրա համար կարևոր նախադրյալ է դիտվում հանգստացողի երեկոյան զբաղմունքը:
Բայց, ըստ Մնացականյանի՝ վերջին տարիներում Սևանում անգամ փողոցի նորմալ ցուցանակ չկա:
«Մենք ուզում ենք, որ լինեն նորմալ պայմաններ, մարդիկ գան և լիարժեք հանգիստ վայելեն»,-ամփոփելով՝ հեղինակն ասաց, որ Սևան քաղաքը զբոսաշրջային առումով ավելի գրավիչ դարձնելու համար պետք է քաղաքին «մի քիչ ճարտարապետական դեմք» հաղորդել:
Ամբողջությամբ՝ tert.am