«Առաջնորդները» հեռուստասերիալի նկարահանումներն ավարտված են: Եվ չնայած «Արմենիա» հեռուստաընեկրությամբ այն կշարունակվի ցուցադրվել մինչև սեպտեմբերի 8-ը, սակայն սերիալի հանգուցալուծմանը հետևել ցանկացողները կարող են համացանցով դիտել հեռուստասերիալի վերջին սերիաները:
Life.panorama.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի պրոդյուսեր, սցենարի հեղինակ և գլխավոր հերոսուհի Դիանա Գրիգորյանը ամփոփել է այս նախագծի արդյունքներն ու խոսել հետագա անելիքների մասին:
«Ինձ բարդ է գնահատական տալ իմ նախագծին, քանի որ յուրաքանչյուր իմ աշխատանքին բավական լուրջ եմ մոտենում և մեծ պատասխանատվությամբ: Այո, «Առաջնորդները» ևս պատմություն դարձավ, արդյունքների մասին թող հեռուստադիտողը դատի, իսկ եթե հիմա փորձեմ ինքս ամփոփել արդյունքներն ու գնահատական տալ, ապա, լինելով ներսում և զգալով յուրաքանչյուրի նվիրվածությունը այս աշխատանքին, չեմ կարող բարձր չգնհատել: Ես իսկապես գնահատում եմ թե դերասանների, թե տեխնիկական, թե ստեղծագործական անձնակազմի աշխատանքը, որովհետև այդ աշխատանքն իսկապես անձնվեր էր: «Առաջնորդները» տարբերվեց նրանով, որ այն սկզբից ցուցադրվեց ԱՄՆ-ում, ապա հասանելի դարձավ YouTube-ում, որից հետո նոր ցուցադրվեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Այսինքն՝ տեսնելով YouTube-ի գրանցած ցուցանիշները, նաև հաշվի առնելով, որ այն առաջին հայկական սերիալն էր, որ վաճառվեց արտերկրում, միևնույն ժամանակ հետևելով «Արմենիա TV»-ի վարկանիշային ցուցանիշներին, որտեղ փաստացի սերիալի կրկնություններն էին ցուցադրվում` նոր սերիաները համացանցում լինելու պատճառով, ապա հստակ կարելի է ասել, որ սա հիանալի արդյունք էր: Ես շատ գոհ եմ մեր աշխատանքից և պետք է խոստովանեմ, որ այսքան մեծ հաջողության ինքս էլ չէի սպասում»,- նշեց Դիանա Գրիգորյանը:
Հարցին, թե սցենարի հեղինակը իսկապե՞ս արդեն տեսնում էր սերիալի հանգուցալուծումը, թե մտավախություն կար հեռուստադիտողին հոգնեցնելու, պատասխանեց.
«Բնականաբար, սյուժետային տրամաբանական ավարտ պետք է լիներ: Հեռուստատեսային ցուցադրությամբ «Առաջնորդները» կավարտվի սեպտեմբերի 8-ին, իսկ դա նշանակում էր, որ կլրանա արդեն սերիալի ցուցադրության երկրորդ տարին, դրանից առավել երկար պարզապես հնարավոր չէ և հարկավոր էլ չէր»:
Դիանա Գրիգորյանը «Առաջնորդներ»-ում մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն, նկատառմանը, թե ապագայում իր ստեղծած աշխատանքներում հեռուստադիտողը նրան կրկին կտեսնի՞ դերասանուհու կարգավիճակում, նշեց.
«Չեմ կարող ասել, որովհետև «Առաջնորդներ»-ում էլ իմ դերակատարումը հանկարծակի ստացվեց: Ապրելով ու հասկանալով կյանքի անկանխատեսելիությունը՝ այսուհետ ոչինչ չեմ ուզում պլանավորել կամ նախատեսել»:
Դիանա Գրիգորյանը արդեն իսկ մտածում է նոր աշխատանքի մասին, ավելին՝ սեպտեմբերի 11-ից նոր հեռուստասերիալ կհեռարձակվի.
«Ես արդեն իսկ մտածում եմ նոր աշխատանքի մասին: Ծնվում է նոր՝ 25 մասանի հեռուստասերիալ»,- նշեց սցենարի հեղինակն ու շեշտեց.
«Այսուհետ երկարաշունչ սերիալներ չենք նկարի, պարբերաբար կլինեն 20-25 և մինև 150 սերիա ունեցող հեռուստասերիալներ: Կարծում եմ, որ հեռուստադիտողին պետք է պարբերաբար նոր աշխատանքներ մատուցել: Դա իհարկե ստեղծագործական խմբի համար դժվար է, բայց հանուն հեռուստադիտողի արժե ջանքեր ներդնել: Իմ յուրաքանչյուր աշխատանք տարբերվում է հնից, ես երբեք հինը չեմ կրկնում, երբեք չեմ առաջնորդվում այն չափանիշով, որ այսօր ավելի մեծ է պահանջարկը այս կամ այն տիպի սցենարի: Չարժե միայն նրա համար, որ այս կամ այն սցենարային ոճը ավելի վարկանիշային է, պարտադիր լողալ այդ հատվածով: Յուրաքանչյուր նախագծից հետո պետք է կատարել սխալների ուղղում ու ճիշտ դասեր քաղել՝ ելնելով հեռուստադիտողի արձագանքներից: Մենք պետք է միշտ առաջ գնանք ու դաշտը մեծացնենք: Ապագայում իմ աշխատանքներում կլինեն նորություններ՝ այդ թվում մեր դերասանական խմբին կավելանան նաև նոր դեմքեր»:
Դիտարկմանը, որ Դիանա Գրիգորյանի բոլոր նախագծերում վերջաբանը կառուցվում է այնպես, որ բարին միշտ հաղթում է, և հարցին, թե սցենարի հեղինակը ինչո՞վ պայմանավորում նման դիտավորությունը, պատասխանեց.
«Իմ ապրած կյանքում հասկացա, որ բարի և չար կերպարներ չեն լինում, պարզապես լինում են տարբեր բնավորություններ: Օրինակ՝ «Առաջնորդներում» Ադանեի կերպարն ինձ շատ բարդ էր մարմնավորել, որովհետև առհասարակ բարդ է կերտել մի կերպար, որը իդեալականացված է: Մեր իրականությունում իդեալական կերպարներ գրեթե չկան, իսկ նման մեկին կերտելը նշանակում է պատրաստ լինել ուսերիդ կրել նաև քննադատությունների բեռը: Մարդիկ իդեալական կերպարներ չեն սիրում, քանի որ մարդն իքնին սխալական է, անսխալական միայն Աստված է: Ուստի տարբեր կերպարներ ստեղծելով՝ ստեղծում ես տարբեր բնավորություններ ու շահեր: Հետևաբար այստեղ ոչ թե բացասականի և դրականի, կամ բարու և չարի խնդիրն է, այլ տարբեր բնավորությունների և տեսակների: Միանշանակ ասել սա սխալ է, մյուսը՝ ճիշտ, չես կարող: Սխալ մարդն էլ կարող է ճիշտ քայլեր անել՝ ունենալով իր արդարացումները և հակառակաը: Ես վաղուց փորձել եմ չտարանջատել բարի և չար կերպարները և նույն կերպ` վերջաբանները: Կյանքն անկանխատեսելի է, պետք է փորձել ամեն ինչի մեջ արդարացում գտնել, չէ որ կյանքն է բերում մեզ այն իրավիճակներին, որ մենք դառնում ենք անկանխատեսելի՝ չարը կարող է բարի դառնալ, բարին՝ չար, կամ երկուսն էլ կարող են կործանվել»: