Կոնրադ Լորենցն ու Հայաստանը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոնրադ Լորենցն ու Հայաստանը

1946թ. հունիսի 2-ին ռազմագերիների N115 (Հայաստան) ճամբար է բերվում կապուտաչյա ավստրիացի, որն արդեն 2 տարի շրջում էր ճամբարներով։ Կոնրադ Լորենցը (Konrad Lorenz) գերի էր ընկել՝ 206-րդ սանիտարական հետևակային դիվիզիայում ընդամենը մի քանի ամիս կռվելուց հետո։ Դրանից առաջ նա ծառայել է Պոզնանի թիկունքային հիվանդանոցում, իսկ բանակ զորակոչվել է 1941թ.։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լորենցը զորակոչվել է Վերմախտ և երկու տարի ծառայել Պոզնանի թիկունքի հոսպիտալում։

1944 թվականին գերի է ընկել Վիտեբսկում։ Ավելի քան մեկ տարի անցկացրել է Կիրովի ռազմագերիների ճամբարում, այնուհետև նրան տեղափոխել են Հայաստանի աշխատանքային ճամբար։

Աշխատե է Արարատի ցեմենտի գործարանում։ Ավստրիացի ռազմագերին այստեղ բարեխղճորեն կատարում էր բժշկի պարտականությունները, միաժամանակ՝ սովորում ռուսերեն, կանոնավոր կերպով հաճախում «հակաֆաշիստական վերադաստիարակմանը» վերաբերող դասախոսություններին։ Ինքն էլ էր գիտահանրամատչելի դասախոսություն կարդում կենդանիների վարքի մասին, ռազմագերիների շրջանում անցկացնում խմբային հոգեթերապիա, հոգեբանական մոտեցում ցուցաբերելով՝ հարթում էր դաժան վեճերը, թատերական ներկայացումներ բեմադրում։ Ռազմագերիներից շատերը հետագայում կխոստովանեն, որ հենց Լորենցի շնորհիվ ճամբարային տաղտկալի կյանքը հետաքրքիր էր անցնում։

Հետպատերազմյան Հայաստանում ծանր վիճակ էր, սնունդ գրեթե չկար, և Լորենցը ճամբարային սննդաբաժինը բազմազան դարձնելու նպատակով որսում էր թունավոր կարիճներ (հեռացնում էր թույնը), խաղողի խխունջ, թմբլիկ սարդեր և…  ուտում՝ նույնը խորհուրդ տալով մյուս ռազմագերիներին և իրեն ապշահար ու քարացած հայացքով հետևող պահակներին` բացատրելով, որ այդ կերպ կլրացվի վիտամինի պակասը։ Մինչդեռ, նրա տարօրինակ սննդատեսակներից ոչ ոք չէր օգտվում։ Դեռ մանկուց Կոնրադը հետևել էր, թե ինչ հաճույքով են թռչուններն ուտում միջատներին, փորձել էր ինքը ևս համտեսել, ու հավանել էր։ Այնպես որ, մանկության փորձը նրան օգտակար եղավ գերության ժամանակ։

Լորենցին հարգանքով էին վերաբերվում շրջապատում և կոչում էին՝ պրոֆեսոր։ Նա ազատ շրջում էր քաղաքում, հետևում կենդանիներին, համեմատական եզրեր փնտրում մարդկանց և կենդանիների վարքագծում։ Պրոֆեսորին հարգանքով էին վերաբերում նաև օրենքի ներկայացուցիչները, որոնց թույլտվությամբ նա իր ուսումնասիրությունները, նկատառումները գրառում էր մեխով՝ ցեմենտի դատարկ պարկերի վրա, թաթախելով ինքնաշեն թանաքի՝ մանգանակալիական լուծույթի մեջ, իսկ որպես թուղթ՝ ծառայում էին ցեմենտի պարկերից պոկված կտորտանքները, որոնք Լորենցը ջանասիրաբար հարթում էր ու անընդհատ գրում։

Նրա կյանքում մեծ դեր է խաղացել ճամբարի գլխավոր բժիշկ Հովսեփ Գրիգորյանը, որը կարդացել էր Լորենցի հոր բժշկական ձեռքբերումների մասին և ջանում էր օգնել կոլեգայի որդուն։ Նրանց միջև նույնիսկ ընկերական հարաբերություններ են ձևավորվում։ Դրան նպաստում էր նաև այն, որ գերության շրջանում, ինչպես նշեցինք, Լորենցը սովորել էր նաև ռուսերեն և կարողանում էր հաղորդակցվել։

Պատերազմն ավարտվել էր։ Զանգվածային հայրենադարձի ժամանակաշրջանն էր։ Ծանոթ հայ բժշկի խորհրդով Լորենցը նամակով դիմում է ակադեմիկոս Լևոն Օրբելուն՝ խնդրելով միջնորդել Ստալինի մոտ՝ իրեն գերությունից ազատելու։

Հակառակորդի գիտնականի համար ամեն մարդ չէ, որ կհանդգներ բարեխոսել, այն էլ՝ Ստալինի նման անկանխատեսելի ղեկավարի մոտ։ Օրբելին օգնում է Լորենցին։ Վերջապես Լորենցը պետք է վերադառնար հայրենիք, պաշտոնապես թույլտվություն է խնդրում իր հետ վերցնելու ձեռագրերը։ Նրան առաջարկում են երկու օրինակով տպել ձեռագրերը, և, եթե գրաքննիչը թույլ տա, ապա մեկ օրինակը կարող է վերցնել։ Տպագիր մեկ օրինակը Լորենցն ուղարկում է գրաքննության, սակայն պատասխանն ուշանում է։ Այդժամ ճամբարի պետը, իր վրա մեծ պատասխանատվություն վերցնելով, թույլ է տալիս Լորենցին վերցնելու բնօրինակը՝ ցեմենտի պարկի կտորտանքների վրա գրածները, միայն մի պայմանով. նա պետք է խոստանա, որ ձեռագրում քաղաքական բնույթի գաղափարներ չկան, և այդ ամենը սոսկ գիտություն է։ Հետագայում ավստրիացի գիտնականը կխոստովանի, որ իրեն ապշեցրել էր անծանոթ մարդու անասելի մեծահոգությունը։

1947 թվականին Լորենցը հայրենադարձվել է հայրենիք։ Գերության տարիներին սկսել է գրել «Հայելու հակառակ կողմը» գիրքը և հրաժարվել է իր նացիստական հայացքներից։

«Եթե բժշկի և էթոլոգի անաչառ աչքերով նայենք մեր քաղաքակրթության ներկայիս անկմանը, ապա հստակորեն կնշմարենք բացահայտորեն պաթոլոգիկ (հիվանդագին) մի շարք խանգարումներ»,- իր «Քաղաքակիրթ մարդկության 8 մահացու մեղքերը» գրքույկում գրում էր Լորենցը՝ մատնանշելով այդպիսի ութ խանգարում.

  1. գերբնակեցում – ժողովրդագրական ճնշում,
  2. կենսոլորտի ամայացում,
  3. մրցավազք ինքներս մեզ հետ,
  4. զգացմունքների «ջերմային» մահ,
  5. գենետիկ այլասերում,
  6. խզումն ավանդույթների հետ,
  7. Ինդոկտրինացիա (որոշակի գաղափարի (քաղաքական, կրոնական և այլ) նպատակաուղղված տարածում կամ յուրացում),
  8. միջուկային սպառազինություն:

2014թ. Զալցբուրգի համալսարանը հետմահու զրկել է ավստրիացի կենդանաբան, Նոբելյան մրցանակակիր Կոնրադ Լորենցին «պատվավոր դոկտորի» կոչումից։ Այդ որոշումն ընդունվել է 2014 թվականին ոչ միայն գիտնականի նկատմամբ նախաձեռնած նացիոնալ-սոցիալիստների բացահայտման քննության հիման վրա։

1938 թվականին Լորենցն ընդգրկվել է Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության շարքերում։ Kurier պարբերականի տեղեկացմամբ, գիտնականը գրել է, որ «իր ողջ գիտական կյանքը, ներառյալ՝ ֆիլոգենետիկ, ռասայական և սոցիալ-հոգեբանական հարցերը, ծառայել են նացիոնալ-սոցիալիստական մտքին»։

Նշվում է, որ Լորենցի կենսագրության այս փաստերը թաքցվել էին նրան կոչում շնորհելիս, ինչն անարժան է դարձնում կենդանաբանին Զալցբուրգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանը։

Կոնրադ Լորենցը ծնվել է 1903 թվականի նոյեմբերի 7-ին։ Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ինչից հետո իրեն նվիրել է կենդանիների վարքի ուսումնասիրությանը։ 1950 թվականին Բավարիայում հիմնել է Ֆիզիոլոգիայի ինստիտուտ։ 1973 թվականին Կարլ ֆոն Ֆրիշի և Նիկոլաս Տինբերգենի հետ համատեղ ստացել է Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակ։ Տասը տարի անց Զալցբուրգի համալսարանը նրան արժանացրել է «պատվավոր դոկտորի» կոչման։ Լորենցը մահացել է 1989 թվականի փետրվարի 27-ին Վիեննայում։

Թարգմանությունը՝ 168.am-ի