Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի շուրջ կրքերը դարձյալ բորբոքվել են. օրերս ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի անունից բաց նամակ տարածվեց վարչապետին, որտեղ դժգոհություններ էին հնչեցվել տուն-ինտերնատի նոր ղեկավարի հասցեին:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում պայմանների վատ լինելու մասին նման նամակներն ու դժգոհություններն առաջին անգամը չեն, և տուն-ինտերնատի տնօրենի փոփոխությունն էլ խնդրին լուծում չտվեց: Վահան Զուրաբյանը, որն այս անգամ հայտնվել է դժգոհողների թիրախում, տուն-ինտերնատի ժամանակավոր պաշտոնակատար է արդեն երկու ամիս:
Օրերս տարածված նամակում նրան մեղադրում էին ագրեսիվ վարքագիծ դրսևորելու, «ծերերին տեռորի ենթարկելու» մեջ:
«Վահան Զուրաբյանը դրսևորում է մի գործելաոճ, որն առավել հարիր է սեփական էժանագին սրճարան ունեցողին, քան՝ պետական ծառայողին: Վերջինս իր համախոհ-օգնականներ` տեղակալ Վարդանի և հերթափոխի պետ Մեխակ Բաբայանի հետ, բառիս բուն իմաստով տեռորի են ենթարկում ինչպես ծերերին, այնպես էլ՝ անձնակազմի այն հատվածին, որոնք դուրս են իրենց ծանոթների շրջանակից:
Ամեն հարմար առիթով «Ես թքած ունեմ կառավարության վրա, ում ուզում եք բողոքեք» գոռացող Զուրաբյանը պարբերաբար տարբեր կամայականություններ է անում: Այս շրջանում` աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, նա ստիպում է համապատասխան աշխատակիցներին առողջ ծերերին ձևակերպել հոգեկան հիվանդ՝ նրանց ծերանոցից հոգեբուժարան տեղափոխելու նպատակով: Այս եղանակով նա տեղեր է ազատում նոր ծերերի ընդունելու համար (պարզից էլ պարզ է, թե ինչու է այդչափ անձնապես շահագրգռված):
Տուն-ինտերնատում սննդի որակը ծայրահեղ վատն է, ծերերի հետ ագրեսիվությունն արդեն մոտ է ֆիզիկական բռնություն կիրառելու շեմին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ծերանոցում առկա է շուրջ 50 խնամյալ, որոնց փոխարեն թոշակները ստանում և տնօրինության հետ կիսվում է մի բժշկուհի, որի մասին ծերերն ասում են. «տնօրենի Ոսկե ձկնիկն է»», – նշվում է վարչապետին ուղղված բաց նամակում:
Վահան Զուրաբյանը, սակայն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց նամակում նշված տեղեկությունները: Ավելին, նա ասաց, որ նամակում հնչեցված մեղադրանքների կապակցությամբ հունիսի 5-ին գրություն է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու հանցագործության տարրեր պարունակող տեղեկությունների իսկությունը:
«Անձամբ դիմել եմ դատախազություն, քանի որ նյութում կան հանցագործության դրվագներ: Մասնավորապես, նամակում նշվում է, որ «ծերանոցում առկա է շուրջ 50 խնամյալ, որոնց փոխարեն թոշակները ստանում և տնօրինության հետ կիսվում է մի բժշկուհի»: Սա իրենից ֆինանսական հետևանք է առաջացնում ու հանցագործության տարր է պարունակում: Դրա համար անձամբ դիմել եմ իրավապահներին, գան քննեն ու պատժեն մեղավորներին. կլինեմ մեղավորը ես, թե մեկ այլ աշխատող: Թող գան, քննեն», – ասաց Զուրաբյանը:
Բացի այդ, պաշտոնյայի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այսօրվանից արդեն տուն-ինտերնատում ուսումնասիրություն է իրականացնում նամակում բարձրացված հարցերի վերաբերյալ:
Զուրաբյանն ասաց, որ ինքը սովորական աշխատանքային հարաբերություններ ունի տուն-ինտերնատի բոլոր աշխատակիցների հետ, որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունի: «Ով ցանկություն չի ունեցել շարունակել աշխատել, դիմում են գրել, հեռացել են, բայց ինքս դեմ եմ նման պրոցեսների: Աշխատում եմ մարդկանց պահել և աշխատել նրանց հետ», – նկատեց տուն-ինտերնատի տնօրենը:
Նաև ասաց, որ նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խմբին առաջարկելու է ուսումնասիրել՝ կա արդյոք առաջընթաց իր նշանակման այս երկու ամիսների ընթացքում, թե ոչ:
«Կողքից տեսնողի աչքը ավելի լավ է, իմ կողմից գնահատական տալը շատ սխալ կլինի», – նկատեց տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: