Wnews.am-ը մեր երկրի կրթական համակարգում առկա խնդիրների, բացերի շուրջ զրուցել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ:
–Տիկի՛ն Սարուխանյան, Հայաստանում կարծես թե անլուծելի են դարձել մանկապարտեզների և դպրոցների խնդիրները: Դրանք զուգորդվում են լուրջ դժգոհություններով, իսկ շատ դեպքերում էլմանկավարժները, աշակերտները պարզապես հարմարվում են վիճակին, դե իսկ խնդիրներն էլ կապվածեն ինչպես շենքային անբարենպաստ պայմանների, այնպես էլ կրթական համակարգի հետ: Դուք` որպեսոլորտի մասնագետ, կարծում եմ, այս խնդիրներին լավ եք տիրապետում: Ի՞նչ է մեզ անհրաժեշտ անել, որ վերջապես ասենք՝ մենք կրթական ոլորտում չունենք կամ խիստ նվազեցրել ենք խնդիրները:
-Պետք է ուժեղացնել պետական համակարգը, միարժեքորեն, բոլոր հնարավոր մեխանիզմներն օգտագործելով, անհապա՛ղ: Պետական մանկապարտեզներն ու դպրոցները ոչ միայն պետք է լինեն մրցունակ, այլ նաև ուժեղ ու պաշտպանված առաջին հերթին պետական կառույցների կողմից, իրենց թիկունքում զգան պետության ուժը, թափը, վստահություն ձեռք բերեն, դառնան լավատես և հաջողակ:
Ընտրել է պետք լավագույններին, ուժեղներին, ազատվել ոչ առաջադեմ, թույլ կադրերից: Ո՞վ է մեզ խանգարում ոգեշնչել ու գտնել խթանման հազար ու մի մեխանիզմ, բայց չթուլացնել պետական կրթական համակարգը: Չէ՞ որ երկրում պետական համակարգն է յուրաքանչյուրի՝ անվճար կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի իրագործման երաշխիքը, և միայն որակյալ պետական կրթական համակարգը կարող է լինել ուժեղ պետության ցուցանիշ:
Մենք սիրում ենք հիանալ ուրիշների ձեռքբերումներով: Հիանալը վատ չէ, բայց նաև պետք է կարողանալ առողջ հետևություններ անել: Մենք ի՞նչ ենք անում. վերցնում ենք օտարի փորձն ու տեղայնացնում մեր դաշտում անարդյունավետ ծախսված միջոցներով, ոչ սրտացավ, անհասկանալի կադրային ռեսուրսով ու, հետևաբար, վատ կատարումով … ու այդպես էլ հաջողության չենք հասնում՝ ունենալով ահռելի մտավոր ներուժ ու մանկավարժների թեկուզ չճանաչված, բայց վիթխարի բանակ. ես սա ասում եմ մեծագույն պատասխանատվությամբ ու ոչ միայն ասում եմ, այլև համոզված եմ, որ անկախացումից հետո մեր պետությունը երբևէ չի զգացել այդ բանակի իրական ուժը:
Մենք գրեթե 30 տարի դեգերումների մեջ ենք, որոնում ենք ու չենք գտնում. բայց ի՞նչ ենք որոնում: Մենք ամեն ինչ ունենք որակյալ ու մրցունակ պետական կրթական համակարգ զարգացնելու համար, վերջապես ունեցել ենք, չէ՞: Խորհրդային դպրոցն ավարտած հայերը ամբողջ աշխարհում հաջողության հասած մարդիկ են հենց իրենց հայաստանյան կրթությամբ ու հենց իրենց դպրոցի ու իրենց ուսուցիչների շնորհիվ: Այդ ուսուցիչներն այսօր էլ կան, ավելի լավերը կան, ուղղակի, չգիտես ինչու, նրանց սկսել են չվստահել, սկսել են չոգեշնչել, առանց տալու՝ սկսել են պահանջել ու կորցրել առողջ ուժ դառնալու ամեն հեռանկար: Մի օր էլ ուսուցիչների ցանկությունը կկորցնենք, կհուսահատվեն ամենանվիրյալները. այ դա՛ կլինի ավարտը, ու էլ ոչ մի օտար մեզ չի փրկի:
–Տիկի՛ն Սարուխանյան, կրթության ոլորտի առումով աշխարհը հետևում է Ֆինլանդիայում անընդհատտեղի ունեցող փոփոխություններին. ունեն բավական առաջավոր համակարգ, բայց, միևնույնն է, կանգառնել չկա, որոշել են մի իսկական կրթական հեղափոխություն իրականացնել հանրակրթությունում: Ինչպե՞ս է հաջողվում ֆիններին հասնել նմանատիպ հաջողությունների, իսկ Հայաստանին՝ ոչ:
-Հավատացե՛ք՝ հաջողության գաղտնիքը միշտ չէ, որ պայմանավորված է մեծ փողերով. պարզապես կարողացել են ճիշտ ռազմավարություն իրականացնել, ազնիվ ռազմավարություն՝ ի նպաստ իրենց պետության ու իրենց երեխայի, մտածել ու գտել են, հասել են լուրջ հաջողությունների, և այդ հյուսիսային փոքր պետությունն աշխարհի ուշադրությունը հրավիրել է կրթության իր համակարգի վրա:
Բերեմ մի օրինակ միայն. խոսելով պետական ու մասնավոր-վճարովի կրթության մասին՝ Ֆինլանդիայի կրթության նախարարն իր ելույթներից մեկում ընդգծում էր հետևյալը. առաջատար մանկապարտեզն իրենց երկրում պետական մանկապարտեզն է, առաջատար դպրոցը՝ պետական դպրոցը, ընդ որում՝ մոտակա մանկապարտեզը կամ դպրոցը, որովհետև համաչափ ու վերահսկվող քաղաքականության արդյունքում նրանք գրեթե նույնանման են թե՛ մայրաքաղաքում, թե՛ փոքր քաղաքներում ու գյուղերում, և կարիք չկա փնտրելու լավագույնը…Սա ազգանվեր ռազմավարություն է, մտածված քաղաքականություն, ու չես կարող չհիանալ:
Բոլորի համար պետք է ապահովել սովորելու հավասար հնարավորություններ՝ թե՛ ապահովվածներին, թե՛ անապահովներին, ու սա պետության ամենամեծ մտահոգությունը պիտի դառնա: Բիզնես իրականացնողը՝ մասնավորը, չի կարող ու չպետք է գերազանցի պետականին, ու դա առաջին հերթին պետության խիստ ռազմավարության, նրա վարած հեռատես քաղաքականության, ինչու չէ, նաև կոնկրետ արտոնությունների կամ կոնկրետ սահմանափակումների արդյունքում պիտի տեղի ունենա: Պետական դպրոցը միայնակ չի կարող մրցել վճարովի, խոշոր ֆինանսավորում ունեցող մասնավորի հետ ու լինել առաջատար, վաղ թե ուշ՝ անհավասար պայքարում նա թուլանալու է՝ թուլացնելով պետական համակարգը:
Վաղուց ժամանակն է՝ վերանայելու երբեք իրենց չարդարացրած ու արդեն վաղուց իրենց կենսունակությունը կորցրած գործընթացներն ու կարգերը, հնացած մոտեցումները, լրջորեն վերանայել ուսումնական պլանում տեղ գտած առարկաների ցանկն ու դրանց հատկացված ժամաքանակը, պետական չափորոշիչ կոչվածը, քննությունների խճողված ու անարդյունավետ մեխանիզմը, թեթևացնել երեխաների հոգսը դպրոցում, ավելի շատ ժամանակ տալ նրանց խաղալու, ստեղծագործելու, երևակայելու, սիրած գործով, սպորտով զբաղվելու, ի վերջո՝ մանկության ամենահրաշալի տարիներին իրենց երջանիկ ու անհոգ զգալու՝ ապագայում առողջ ու վստահ մարդ դառնալու համար: Պետք է մեծ տեղ հատկացնել էքսկուրսիաներին, արտագնա դասերին, բնության հետ շփմանը, ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը: Մենք սենյակային «բույսեր» ենք աճեցնում ու երբեմն՝ ոչ այնքան առողջ «բույսեր»…
–Այսօր օրեցօր ավելանում են մասնավոր մանկապարտեզները: Կա՞ արդյոք օրենսդրական բաց՝մասնավոր և պետական կրթական հաստատություններին ներկայացվող պահանջների հստակեցմանառումով:
-Հենց մանկապարտեզի օրինակն էլ ուզում եմ բերել: Ակնհայտ է, որ թուլացել է նրանց բովանդակային աշխատանքի վերահսկողությունը, մեթոդական ընդհանրական պահանջները: Ասածս հատկապես մասնավոր մանկապարտեզների, օրեցօր շատացող վճարովի քոլեջների մասին է: Ամեն տարի տարբեր մանկապարտեզներից ու քոլեջներից 200-ից ավելի երեխա է ընդունվում մեր դպրոցի միայն առաջին դասարաններ, ու, բնականաբար, ես ինչ ասում եմ, ասում եմ՝ իմ սեփական փորձից ելնելով, և ունեմ իմ վերլուծականը՝ տարիների կտրվածքով:
Մասնավոր մանկապարտեզներն իրենց տարերային ինքնագործունեության մեջ դարձել են կատարյալ փորձանք դպրոցների համար: Պետական մանկապարտեզներից դպրոց ընդունվող երեխաների հետ աշխատելն անհամեմատ հեշտ է, որովհետև պետական համակարգը կարողացել է պահպանել մեթոդական ստանդարտները, նրանք հիմնականում հետևում են տարիքային մանկավարժության պահանջներին:
Մասնավոր մանկապարտեզների, քոլեջների մեծ մասը ծնողներին խոստանում է «բարձր մակարդակ»՝ գրել, կարդալ, օտար լեզուներ, և համապատասխանաբար որքան շատ են ծառայությունները, այնքան բարձր է վարձավճարը, նշանակում է՝ նույնքան էլ մոդայիկ ու գրավիչ է «կրթօջախը»:
Ցավոք սրտի, շատ ծնողներ, որոնք մասնագետ չեն, մանկավարժ ու մեթոդիստ չեն և պարտավոր չեն իմանալ երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները, հաճախ վնասում են իրենց երեխային՝ ձգտելով «լավագույնին»: Խոսեմ մի բանի մասին՝ երեխային գրել սովորեցնելու: ԱՐԳԵԼՎՈւՄ է մինչև 6 տարեկանը լրանալը երեխային գրաճանաչ դարձնելը (ի դեպ, տառերը ճանաչելը մի բան է, գրել սովորելը՝ այլ բան. ես խոսում եմ գրաճանաչության մասին), քանի որ դրան պետք է նախորդի նախապատրաստական աշխատանքների մի կարևոր փուլ՝ ուղղված երեխայի մոտորիկայի, մանր մոտորիկայի զարգացմանը՝ անկախ երեխայի հասունության աստիճանից ու նրա՝ սովորելու ցանկությունից, որից հետո միայն՝ 6-7 տարեկանում՝ դպրոցական ծրագրով նախատեսված նախայբբենական փուլն անցնելուց հետո, առաջին դասարանի աշակերտը կարող է աշխատել գրիչով. սկզբում՝ ուսուցչի և ծնողի օգնությամբ, ապա՝ ինքնուրույն: Սա տասնամյակների փորձով ապացուցված բան է, ու նոր չէ, որ տարիքային մանկավարժությունը հանգել է դրան:
Բազմաթիվ ծնողներ, 5- 5,5 տարեկան երեխայի ձեռքից բռնած, գալիս են դպրոց ընդունվելու և ոգևորված հայտնում, որ երեխան արդեն գրել-կարդալ գիտի. նայում ես խելացի աչուկներով, պայծառ ու փայլուն այդ փոքրիկներին և ուզում ես հարցնել՝ իսկ խաղալ գիտի՞:
Ո՞վ կատարեց այդ պատասխանատու աշխատանքը, ե՞րբ և ի՞նչ նրբությամբ, աշխատանք, որի համար առաջին դասարանի դասվարները հսկայական ջանք են գործադրում՝ դրսևորելով հերոսական համբերատարություն ու հոգատարություն, որովհետև փորձով գիտեն՝ դա սկիզբն է «գրաճանաչություն» կոչվող կարևոր փուլի, ու կան բազմաթիվ մանկավարժական հնարքներ, որ երեխան չկորցնի հետաքրքրությունը սովորելու նկատմամբ, չհոգնի, ճիշտ դիրքով նստի, ճիշտ բռնի գրիչը, չձանձրանա, ապրի բնականոն, աստիճանական աճ: Տարրական դպրոցի ուսուցիչների համար ամենադաժան աշխատանքն արդեն հոգնած երեխային խթանելն է, ոգևորելը, արդեն սխալ դրված ձեռագիրը շտկելը, ինչը շատ դեպքերում այդպես էլ չի հաջողվում: Եվ ի վերջո, գրաճանաչ դարձնելը դպրոցական մանկավարժության խնդիրն է, ոչ թե նախադպրոցական. դրանք տարբեր մասնագիտություններ են:
Պետական հանրակրթական դպրոց ընդունվելիս օրենքով է արգելվում գիտելիքի ստուգումը. ո՞վ է թույլ տվել այդ տարիքում հոգնեցնել երեխային իր խաղի ու հանգստի հաշվին:
–Հայաստանը Բոլոնյան համակարգին անցնելուց հետո պարտադրված կերպով անցավ 12-ամյակրթության: Արդյո՞ք ՀՀ կրթական համակարգն առաջընթաց արձանագրեց ավագ դպրոցներին անցումով:
-Ավագ դպրոցի մասին թո՛ւյլ տվեք լռել…
–Ունե՞նք խնդիրներ ուսուցիչների պատրաստման, վերապատրաստման մեխանիզմում:
-Վերջապես սկիզբների սկիզբը. ո՞ր բուհերն են ապագա ուսուցիչներ պատրաստում, դասախոսական ի՞նչ կազմով, ի՞նչ նոր փորձով, ի՞նչ նոր մասնագիտություններով, ինչպե՞ս պետք է խրախուսել ապագա ուսուցիչներին դեռ բուհական լսարանից, օգնել, ոգևորել հատկապես նրանց, ովքեր կգործուղվեն գյուղական կամ սահմանամերձ դպրոցներ, ներշնչել, որ իրենք մեր պետության ու նրա ապագայի համար շատ կարևոր մարդիկ են ու ամենապատվաբեր գործն է իրենց վստահվելու՝ մեր զավակների կրթությունն ու դաստիարակությունը, ներշնչել ոչ թե բառերով, այլ գործողություններով:
Մտածել՝ ինչպես ընտրել լավագույններին, առաջնորդի հատկանիշներով օժտվածներին, տղամարդ ուսուցիչներին, ուժեղ ու հուսալի անհատների, նրանց ընտրությունը կատարել ամենաազնիվ ու թափանցիկ մեխանիզմներով, տալ կոնկրետ արտոնություններ, միջոցներ չխնայել՝ գործուղելու նրանց ամենաառաջադեմ կրթական համակարգ ունեցող երկրների հաջող փորձն ուսումնասիրելու, ամառային հանգիստն աշխարհի լավագույն ամառային դպրոցներում կազմակերպելու՝ որպես ուսանողական պրակտիկա, հանուն այդ նպատակի չխնայել ոչ մի միջոց, գործընթացը դարձնել շարունակական` շոշափելի արդյունքի հասնելու համար: Դեռ բուհից է պետք մշակել «ապագա ուսուցիչ» անվանակարգն ու դրա տակ դնել լուրջ բովանդակություն, զարկ տալ երիտասարդ ուսանողների ստեղծագործ մտքին ու մասնագիտական երևակայությանը, հենց նրանցից ակնկալել փոփոխությունների թարմ ալիքը, դեռ ուսանողական նստարանից կապ ստեղծել մանկապարտեզի ու դպրոցի միջև ու աշխատել ամուր համագործակցության մթնոլորտում, կարևորել նրանց, մշտապես մասնակից դարձնել ամենաբարձր մակարդակներում անցկացվող քննարկումներին, վերջապես ճանաչել ու սիրել նրանց, ՆՐԱՆՑ՝ ապագա ուսուցիչներին:
–Իսկ ի՞նչ պատասխանատվություն են կրում և կրու՞մ են արդյոք համակարգը վերահսկող լիազորված մարմինները կամ կառույցները:
-Պետք է լրջորեն վերանայել պետության ուսերին ծանրացած, հարյուրավոր չինովնիկներից ձևավորված և կրթության կազմակերպման գործում հստակ պատասխանատվություն չունեցող, ոչ արդյունավետ աշխատող կառույցների առջև դրված խնդիրները՝ պահանջնելով կոնստրուկտիվ աշխատանք, լուրջ, հետևողական, ԱՄԵՆՕՐՅԱ մասնագիտական օժանդակություն համակարգն իրենց ուսերին տանող մանկավարժներին, առաջին հերթին՝ վերանայել այդ կառույցների կանոնադրական պարտականություններն ու հետևել, որ դրանք կատարվեն բարեխղճորեն, այլապես նրանք մեզ հիշում են, երբ գալիս է հերթական անհեթեթ հաշվետվությունը պահանջելու, մեզ «ուսումնասիրելու» կամ ստուգելու ժամանակը, ստուգումներ, որ շատ հաճախ հասնում են տառակերության աստիճանի և, հավատացե՛ք, ոչ մի օգուտ չեն բերում մեր բուն գործին:
–Եվ այնուամենայնիվ, ո՞րն է այսօրվա պահանջը:
-Պետական կրթական համակարգը դարձնել առաջնահերթություն համար առաջին. ահա այսօրվա հրամայականը: