​Խորհրդային տարիներին գիտնականներին հոգեբանական ճնշումներով էին լռեցնում, հիմա` ֆինանսական. ankakh.com
Advertisement 1000 x 90

​Խորհրդային տարիներին գիտնականներին հոգեբանական ճնշումներով էին լռեցնում, հիմա` ֆինանսական. ankakh.com

Վանի թագավորության հայկական հիմքերի և առկա տարակարծությունների պատճառների մասին ենք ankakh.com-ը զրուցել է Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանի հետ:

– Տիկին Տերյան, անկախության հաստատումից հետո որոշ ժամանակ լռեց Ուրարտուի հայկական պետություն չլինելու վարկածը: Սակայն վերջին շրջանում այս տեսակետը նորից առաջ է մղվել` համակիրներ հավաքելով նաև հայաստանյան գիտական շրջանակներում: Ձեր կարծիքով` ի՞նչն է պատճառը:

– Անկեղծորեն ասեմ` այսօրվա զրույցն ինձ մի փոքր տարօրինակ է թվում, որովհետև ես էլ Ձեզ պես կարծում էի, որ այլևս այս մասին չպետք է խոսենք. ֆիլմեր են նկարահանվել, աշխատություններ են գրվել այն մասին, որ Ուրարտուն հայկական պետություն է: Սակայն, ինչպես նկատել եք, դեռ կան մարդիկ, հիմնականում՝ հին սերնդի ներկայացուցիչներ, որոնք չեն ցանկանում փոխել իրենց մտածելակերպը և ասել այն, ինչ ճշմարիտ է:

– Բազում ապացույցներ կան, որ Ուրարտուն հայկական պետություն է: Փաստերից մի քանիսը կներկայացնե՞ք:

– Ուրարտու-Արարատ բառակապակցությունը շատ վաղուց եմ սկսել օգտագործել` հասկանալով, որ եթե Արարատի պետություն ասեմ, միգուցե չհասկանան, իսկ միայն Ուրարտու բառը չէի ուզում օգտագործել, քանի որ Արարատն է հայկական: Ուստի սկսեցի օգտագործել Արարատ-Ուրարտու տերմինը, որպեսզի հասկանալի լինի: Իսկ վերջին տարիներին մտածում եմ, որ հայկական պետականության համար պետք է օգտագործել ոչ թե Արարատ-Ուրարտու, այլ Արամյան արքայատոհմի ժամանակաշրջան տերմինը: Արամն Արարատ-Ուրարտուի առաջին թագավորն է, որի մասին մեզ տեղեկություններ է տալիս Ասորեստանի արքա Սալմանասար Երրորդը մ.թ.ա. IX դարում: Գրում է, որ մի քանի անգամ արշավել է Ուրուատրի (Ուրարտու) և իր դեմ դուրս է եկել այդ երկրի թագավորը` Արամե անունով: Սա նշանակում է, որ Միտանիի (առաջին հայկական հզոր պետությունը Հայկական լեռնաշխարհում, ստեղծվել է մ.թ.ա. XV-XIV դարերում Հայկական լեռնաշխարհի հարավում խուրրիական (հայկական) միտանի ցեղի առաջնորդների կողմից) անկումից հետո հայկական լեռնաշխարհում կազմավորվել է նոր պետություն, որը կարողացել էր միավորել հայկական ցեղերը: Սալմանասարն ինքն է նշում, որ մի քանի անգամ արշավել է դեպի հայկական լեռնաշխարհ: Բնականաբար, նրան դիմադրելու համար անհրաժեշտ էր ուժերը միավորել: Եվ Արամեին հաջողվել է կենտրոնացնել ուժերը և ստեղծել պետություն:

Գիտական աշխարհում մեծ է այն ուսումնասիրողների թիվը, որոնց կարծիքով` ասորեստանցիները Խուրրի երկիրը կոչում էին Նաիրի, իսկ Ուրարտու պետության կազմավորմամբ տեսնում էին խուրրիական քաղաքական ավանդույթները: Այսինքն՝ Ուրարտուն Միտանիի շարունակությունն էր, որը ստեղծվեց ասորեստանցիների դեմ պայքարելու համար: Ա. Գյոտցեն (XX դարի հայտնի գերմանա-ամերիկյան գիտնական, խեթագետ) համոզված էր, որ խուրրիները, միտանիները և ուրարտացիները մեկ ժողովուրդ են, պարզապես նրանք ներկայացնում են տարբեր պետական կազմավորումներ:

Ուշադրություն դարձնենք նաև ուրարտական արքայացանկի անուններին: Այն սկսվում է Արամե (Արամ) և ավարտվում Էրիմենա (Արմենակ) անուններով: Էրիմենայից հետո հիշատակվում են Ռուսա Երրորդ և Ռուսա Չորրորդ թագավորները, որոնց մասին քիչ տեղեկություններ կան: Սրանցից հետո հավանաբար տեղի է ունեցել արքայատոհմի փոփոխություն, որովհետև գործող արքայատոհմն այլևս չէր կարողանում պայքարել արտաքին թշնամիների դեմ: Հանդես են գալիս Երվանդունիները: Ապստամբության և ներխուժման մասին որևէ տեղեկություններ չունենք:

– Տիկին Տերյան, այդ պարագայում ինչո՞ւ են որոշ գիտնականներ անտեսում այդ բոլոր փաստերը:

– Ցանկության հարց է: Չեն ուզում տեսնել: Ես էլ եմ զարմանում: Երբ փաստերը համադրում ես, հասկանում ես, որ իրենց ասածը դատարկություն է: Երևի սկզբունքայնություն են պահում և ուզում են իրենց թեզը մինչև վերջ առաջ տանել:

– Տիկին Տերյան, իսկ որքանո՞վ է հիմնավոր հնագետների այն մոտեցումը, թե հնագիտությունն ազգային պատկանելություն չի կարող ցույց տալ: Մի՞թե դա ճիշտ է:

– Իհարկե ոչ: Եթե ես հազարամյակներ շարունակ այստեղ եմ ապրել, ինչո՞ւ պետք է հողից գտնվածն իմը չլինի: Ազգային պատկանելությունը ո՞րն է: Այդպես ասում են նրանք, ովքեր այլ տարածքից են եկել, պեղում, հանում են, բայց չգիտեն, թե ինչպես ներկայացնեն: Իսկ այս տարածքում ինչ գտնվի՝ մեր նախնիներն են ստեղծել, ոչ ոք չի կարող մեզանից խլել:

– Իսկ հայագիտության զարգացման համար մեզ ի՞նչ է պետք:

– Պետք են ֆինանսներ, պետք է լավ վարձատրել մարդկանց, ֆինանսավորել պեղումները, որ դրա համար գրանտի վրա հույս չդնեն: Խորհրդային տարիներին բռնի մեթոդներով թույլ չէին տալիս ասելիքդ ասել: Ռաֆայել Իշխանյանին ինչպե՞ս էին փորձում լռեցնել. հոգեբանորեն ճնշում էին, ինչ ասես ասում էին նրա մասին, միայն թե լռեցնեին: Խորհրդային տարիներին պատմաբաններին ու հնագետներին հոգեբանական ճնշումներով էին փորձում լռեցնել, հիմա` ֆինանսական միջոցներով: Երբ ֆինանսական վիճակը լավանա, կարծում եմ՝ իրավիճակը կփոխվի:

Հայկուհի Բարսեղյան

Ամբողջությամբ՝ Ankakh.com



Նման նյութեր