Հաճախե՞լ մանկապարտեզ, թե՞ ոչ
Advertisement 1000 x 90

Հաճախե՞լ մանկապարտեզ, թե՞ ոչ

Երեխային պե՞տք է տանել մանկապարտեզ: Սա այն հարցերից մեկն է, որը հուզում է գրեթե բոլոր ծնողներին: Փորձենք այս թեմային անդրադառնալ հոգեբանի տեսանկյունից:

Երեխայի համար մանկապարտեզ հաճախելու գլխավոր առավելությունն իր հասակակիցների հետ շփման հնարավորությունն է: Խաղալով միմյանց հետ՝ երեխաների մոտ արմատավորվում են այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների հիմքերը, զարգանում են համատեղ գործելու հմտությունները, ուրիշներին հասկանալու և օգնելու ունակությունները: Երեխայի համար այս ամենը շատ կարևոր է, քանի որ դրանք ձևավորում են նրա բնավորության հիմնական գծերը, կյանքի սկզբունքները, հետաքրքրությունները, նրա վերաբերմունքն արտաքին աշխարհի նկատմամբ:

Ակնհայտ է դառնում, որ նախադպրոցական հաստատությունների կրթական ծրագրերը և համալիր աշխատանքները մեծագույն ազդեցություն կարող են ունենալ երեխայի զարգացման վրա: Բոլոր առավելությունների հետ մեկտեղ, սակայն, երեխային մանկապարտեզ տանելը բազմաթիվ հարցեր և խնդիրներ է առաջացնում, որոշ դեպքերում՝ հոգեբանական բնույթի: Օրինակ, ո՞ր տարիքում երեխային առաջին  անգամ տանել մանկապարտեզ, ինչո՞ւ երեխան չի ուզում այցելել մանկապարտեզ, ինչպե՞ս օգնել երեխային՝ հարմարվել նոր միջավայրին: Փորձենք պատասխանել այս հարցերին մասնագիտական տեսանկյունից:

Տանե՞լ երեխային մանկապարտեզ

Ծնողները, առաջին հերթին,  պետք է հիշեն, որ երեխայի դաստիարակությունն ընտանեկան պայմաններում միշտ ավելի նախընտրելի է մանկապարտեզի դաստիարակությունից: Որքան էլ մանկապարտեզը լավ և գրավիչ լինի, երեխայի առաջին խորհրդատուն, ուսուցիչը, ուղղորդողը և օգնականը պետք է լինի մայրը: Պետք չէ երեխային տանել մանկապարտեղ, որպեսզի նա այնտեղ սովորի ինքնուրույն ուտել, հագնվել, օգտվել լվացարանից և այլն: Եթե սովորել, ապա միայն հասակակիցների հետ խաղալու և շփվելու հմտություններն ու յուրահատկությունները: Մեկ այլ իրավիճակ է, երբ ծնողները երեխային տանում են մանկապարտեզ, որպեսզի որոշ ժամանակ ազատ լինեն նրա հոգսերից: Երեխան նման իրավիճակը միանգամից զգում է, և, արդյունքում՝ մանկապարտեզը դառնում է անցանկալի վայր: Տարածված սխալ է նաև, երբ երեխային սկսում են տանել մանկապարտեզ ընտանիքում նոր երեխայի ծնունդից անմիջապես հետո: Սա երեխայի մոտ կարող է առաջացնել դավաճանության և լքվածության զգացողություն, ինչն աստիճանաբար կվերածվի կրտսեր երեխայի նկատմամբ խանդի:

Ո՞ր տարիքում երեխային տանել մանկապարտեզ

Երեխան մինչև 2-3 տարեկանը խիստ կապված է մոր և ընտանիքի այլ անդամների հետ: Այս տարիքում հասակակիցների հետ շփման մեծ պահանջ չկա: Հետևաբար, եթե նորմալ և, հատկապես, էմոցիոնալ զգայուն երեխային այս տարիքում տանեք մանկապարտեզ, ապա նա շատ սուր կարձագանքի մորից բաժանմանը: Շատ հոգեբաններ և մանկավարժներ գտնում են, որ աղջիկ երեխային պետք է մանկապարտեզ տանել՝ երեք, իսկ տղաներին՝ 3.5 տարեկանից ոչ շուտ:

Ի՞նչ սկզբունքով ընտրել  մանկապարտեզը

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ թե ներքին հարմարավետությանը, ծնողին ներկայացվող ծրագրերին, այլ նկատառել մի պարզ բան՝ ինչպես է իրեն զգում երեխան այդ միջավայրում: Պետք է դիտման միջոցով ուսումնասիրել այլ երեխաների ինքնազգացողությունը տվյալ հաստատությունում, հասկանալ նրանց վարքից՝ արդյո՞ք գոհ են, ուրախ և բավարարված: Հոգեբան Ալան Ֆրոմը գրել է մանկապարտեզ ընտրելու ոսկե կանոն, այն է. «Լավ մանկապարտեզը, դա մի աղմկոտ վայր է: Եթե մտնելով այնտեղ կես ժամվա ընթացքում, դուք չեք լսի աղմուկ-աղաղակ, ծիծաղի պոռթկումներ, ապա պետք է ուղղակի դուրս գալ և փնտրել մեկ ուրիշը»:

Ինչպե՞ս օգնել երեխային՝ հարմարվել մանկապարտեզի՝ նոր պայմաններին

Երեխայի մոտ դեռ շատ վաղ տարիքից պետք է սերմանել  մանկապարտեզ հաճախելու գաղափարը: Պետք է պատմել նրան այդ վայրի մասին,  տանել այնտեղ, որպեսզի ձևավորվի պատկերացում, թե ինչ է դա: Մանկապարտեզ հաճախելուց մի քանի ամիս առաջ երեխային ավելի շատ մղեք ինքնուրույնության: Շատ մի քննարկեք նրա հաճախման փաստը, մի վերածեք դա խնդրի, եթե երեխան չի ցանկանում գնալ, քանի որ յուրաքանչյուր նոր իրավիճակի երեխային պետք է հանգեցնել աստիճանաբար: Սկզբնական շրջանում խրախուսվում է, որ ծնողը երեխայի հետ մի քանի ժամ մնա հաստատությունում, երեխայի հետ խաղա, բայց ոչ երբեք՝ միանգամից դուրս գա և գնա: Իսկ եթե կա անհրաժեշտություն մի քանի ժամով բացակայելու, անպայմանորեն տեղեկացրեք, որ վերադառնալու եք: Որպես կանոն՝ շատ երեխաներ մի քանի օր անց սկսում են հարմարվել նոր պայմաններին: Ըստ մասնագետների՝ հարմարման միջին ժամանակահատվածը մեկ տարեկանում տևում է 7-10 օր,  երեք տարեկանում՝  2-3 շաբաթ, նախադպրոցական տարիքում՝ 1 ամիս: Եթե նկատեցիք, որքան մեծ է երեխայի տարիքը, այնքան երկար է տևում հարմարման ժամկետը:

Ոչ մանկապարտեզային երեխաներ

Նոր պայմաններին հարմարվելու երեխայի առանձնահատկությունները պայմանավորված են մի քանի գործոններով՝ նյարդային համակարգի տեսակի և առողջական վիճակի,  անձնային գծերի, ընտանեկան մթնոլորտի: Հարմարմանը  խոչընդոտող հանգամանքներն են՝ թույլ առողջությունը, աղմուկի հանդեպ ոչ դիմացկունությունը, արագ հոգնելը և ակտիվության բացակայությունը: Ինչպես նաև, մանկապարտեզին դժվար են հարմարվում տան միակ կամ գերխնամք ստացած երեխաները, մոր հետ մեծ հուզական կապվածություն ունեցող, մշտական գերուշադրության կենտրոնում  գտնվող, ինքնասպասարկման հմտություններից զուրկ, անինքնավստահ, անպաշտպան, տագնապային երեխաները:

Շատ երեխաներ այդպես էլ չեն կարողանում հարմարվել նոր պայմաններին և աստիճանաբար կարող են ձեռք բերել նյարդային խանգարումներ, ընդհուպ՝ կակազում: Որպեսզի նման դրսևորումները տեղի չտան այլ առողջական խնդիրների առաջացմանը, պետք է երեխային վերադարձնել նախկին՝ ընտանեկան միջավայր, որտեղ կա իրեն սիրող, ապահովություն և վստահություն ներշնչող մայրիկը, որտեղ այդ փոքրիկ մարդուկը նորից կվերագտնի հանգստություն, ուրախություն և պաշտպանվածություն: Պետք չէ մոռանալ այն փաստը, որ մոր կողքին գտնվելը երեխայի զարգացման ամենաբնականոն և բարենպաստ կարգավիճակն է:

Կամիլա Խաչատրյան

Հոգեբան