Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի Facebook-յան գրառումը նվիրված է Ռուբեն Հախվերդյանին:
Մոտ մեկ շաբաթ առաջ հանդիպել էի Հախվերդյան Ռուբենին: Նա մտահոգված էր Գլաձորից ստացած լուրերով գյուղական համայնքի և իշխանությունների բախման մասին՝ հերթական հանք այնտեղ բացելու և մարդկանց հողերը օտարելու հարցով: Մռայլ նստած էինք զբոսայգում: Մեկ էլ մոտեցան երկու փոքրիկ հրեշտակ՝ ինչպիսին են լինում հինգ-վեց տարեկան սևաչյա հայ աղջնակները: Նրանցից ավելի խիզախը դիմեց Ռուբենին՝ «Կներեք, Դո՞ւք եք գրել Զատիկի երգը…»: «Այո, նման մեղք էլ եմ գործել»,- ժպտած Ռուբոն:
Աղջնակները շշուկով իրար մեջ ինչ-որ բան էին քննարկում:
«Եվ ոչ միայն «Զատիկի երգը», այլ նաև «Իմ Փոքրիկ Նավակը», «Գտնված երազ» ձեր սիրված մուլտֆիլմի երգերը… »- միջամտեցի ես:
«Իսկ կարելի՞ է, մենք Ձեզ համար Ձեր երգերից երգենք…»,- առաջարկեցին փոքրիկները: Այդ ընթացքում մոտեցան մինչև դա հեռվում կանգնած մայրերը, որոնք երևի ուղարկել էին աղջիկներին Ռուբենի մոտ, ճանաչելով նրան:
Երկու ձայնով, խոսքերը կուլ տալով ու իրար հերթ չտալով սկսեցին երգել: Ռուբենի աչքերը լցվեցին: «Զատիկը», «Փոքրիկ նավակը», «Աստղազարդ երկինքը»…
Ես մի քանի քայլ հեռու կանգնեցի, որ չխանգարեմ մայրերին հեռախոսներով նկարել այդ անկրկնելի դրվագը՝ Ռուբեն Հախվերդյանը Սիրահարների Այգում լսում է, թե ինչպես են նրա համար նրա երգերը կատարում երկու պատահական հայ երեխա:
Երբ նրանք հեռացան, մենք դեռ որոշ ժամանակ լուռ նստած էինք:
«Ռուբ, միգուցե սա կյանքիդ ամենաերջանիկ օրն է»,- ի վերջո ասացի ես:
«Սա պատահականություն չէր կարող լինել: Սա ուղերձ էր քեզ, քո բոլոր հարցերի պատասխանը…»:
Ռուբեն Հախվերդյանը միայնակ կատարել է ազգային սխրանք՝ նա հայերեն երգելու հնարավորություն է ստեղծել մի քանի սերունդների համար: Նա դրանով իսկ փրկել է մի քանի սերունդ: Նա փրկել է հայոց լեզուն այդ սերունդների համար: Ի՞նչ պիտի երգեին այս աղջնակները, եթե չլիներ Ռուբենը: «Չեբուրաշկա» կամ «Չունգա-Չա՞նգա»: Երևի:
Ամեն ձմեռ, հենց ընկնում է առաջին ձյունը՝ եթերում ու սոցցանցերում լսվում է Ռուբենի «Զյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին…»-ը:
Ամեն գարուն, հենց սկսվում են անձրևները՝ Հայաստանով մեկ սավառնում է Ռուբենի «Խելագառ անձրևը»:
Ամեն աշուն սրճարաններում ու ռադիոներով անխուսափելիորեն հնչում է «Օ՜ քամի, քամի, պոկիր իմ սերն առանց ցավի… »-ն:
Ռուբենի ձայնը և խոսքը շրջապատում և ուղեկցում է մեզ գրեթե քառասուն տարի շարունակ՝ Երևանի գիշերներում և կարմիր կակաչներով ծաղկած դիրքերում, սիրո պահին և տխրության օրերին, պանդխտության ճամփաներում և մոտակա սրճարանում:
«Փոստատար Ռուբեն Հախվերդյան» վավերագրական ֆիլմում, որ ես նկարահանել էի տարիներ առաջ, նա ծիծաղով ասաց՝ «Ես ակամա ահագին նպաստել եմ հայ ժողովրդի բազմանալուն: Ինձ հաճախ խոստովանել են, որ իմ երգերը լսելով սիրով են զբաղվել…»:
Նա նվիրել է մեզ ժամանակակից հայերենով վերստեղծված և գունազարդված աշխարհը, առանց կեղծ պաթոսի և կուրծք ծեծող հորդորների:
Մենք անխնա և անշնորհակալ օգտվում ենք նրա նվերներից, ոչինչ չտալով փոխարենը: Սիրուց բացի:
Նա, ինչպես միշտ, առանց փողի ու առանց որևէ հստակ ապագայի թափառում է իր հարազատ ու օտար քաղաքում, Երևանի վերջին պոետը: Ես չգիտեմ, ինչ պետք է անել: Փարիզը գլխի վրա էր ման ածում Ժակ Բրելին, Մոսկվան ձեռքից ձեռք էր փոխանցում Վիսոցկուն: Այո, տաքսիստները Ռուբենից հաճախ փող չեն վերցնում, սրճարանններում նրա հաշիվը փակելու հերթ է առաջանում, բայց մենք կարծես պետություն ունենք: Մի՞թե որևէ մշտական թոշակ կամ չգիտեմ ինչ՝ շռայլություն կլինի Հայաստանի համար, որպես մեր բոլորիս պարտքը և տուրքը մատուցվի մեր միակ ու անկրկնելի Ռուբեն Հախվերդյանին…
Նա ինձ չի լիազորել սա գրելու և միգուցե նեղանա ինձնից սրա համար: Կներես, Ռուբեն…