Երևանին ջրհեղեղ է սպասվում. Քաղաքն անպաշտպան է. lragir.am
Advertisement 1000 x 90

Երևանին ջրհեղեղ է սպասվում. Քաղաքն անպաշտպան է. lragir.am

Եթե Երևանում երկարատև անձրևներ լինեն, ջրհեղեղ է սպասվում, հետևանքներն անդառնալի կլինեն:

Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան մայրաքաղաքում տեղի ունեցածին, երբ կարճատև անձրևի հետևանքով փողոցներում մեծ քանակությամբ ջրի կուտակում էր եղել: «Պարզապես մեր բախտը բերում է, որ երկարատև անձրև չի գալիս: Բայց ի վերջո պետք է հասկանանք, որ այդ վտանգը կա: Ես հիշում եմ, որ 50-ականների սկզբին ամբողջ կենտրոնը ջրի տակ ծածկված էր: Դրա համար էլ բոլոր կառույցները արվեցին, Գետառն ամրապնդվեց, այլ աշխատանքներ տարվեցին: Հետո մենք անկախության տարիներին այդ բոլորը զրոյացրեցինք: Հիմա ամեն ուժեղ անձրևից հետո բնակիչները մեզ ահազանգում են, թե՝ եկեք տեսեք, ջուրը պտտվում է, տեղ չունի, չգիտի ուր գնալ:

Եվ պարզ է, իջնում է կենտրոն», ասաց Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ հատկապես վերջին տարիներին մասնագետները պարբերաբար ահազանգել են՝ Երևանն անպաշտպան է ջրհեղեղների և սելավների առաջ, բայց իշխանությունները հետևություններ չեն արել: Կարինե Դանիելյանը մանրամասնեց, թե ինչու է Երևանում այս իրավիճակը ստեղծվել: «Իրականացվող քաղաքաշինությունը փոխանակ կանխարգելեր այդ վիճակը, պատրաստ լիներ կլիմայի փոփոխությանը, հակառակն է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնական սելավատարի՝ Գետառի համար մենք շատ պայքարեցինք, որ գոնե այն վերջին հատվածը, որը բաց էր, չփակեին: Բայց փակեցին և մեզ ասում էին՝ մի կտոր ջուր է գալիս, էն էլ կեղտոտ, ի՞նչ իմաստ ունի դրա համար այդքան մեծ տարածք պահպանել:

Այդքան մեծ տարածք տրվել էր հենց նրա համար, որ դա սելավատար էր: Մենք 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին ունեցել ենք այն բացասական փորձը, թե մի կտոր ջուրը ինչ սելավի կարող է վերածվել: Դրա համար էլ այդքան մեծ տարածք էր թողնված: Բայց բռնեցին փակեցին, վրան ռեստորաններ շարեցին, ճանապարհներ սարքեցին, որովհետև այնքան խտացրեցին կենտրոնը, որ նոր ճանապարհների կարիք կար»,- ասաց Դանիելյանը:

Այս պայմաններում, նրա խոսքով, ջուրը սկսում է փնտրել այլ ճանապարհներ: Քաղաքի հյուսիսային մասում կառուցվում էին երկու հատուկ սելավընդունիչներ: Բայց դրանք կիսով չափ կառուցվեցին, հետո շինարարական աղբով լցվեցին: Դրենաժային համակարգը, ըստ մասնագետի, բավարար չէ, բացի այդ, քաղաքաշինությունը բացարձակ հաշվի չի առել դրենաժային համակարգի գործունեությունը: «Որտեղ ասես շենք ճխտեցին՝ բակերում, ուր ասես, և այն ջուրը, որը պետք է մտներ, ստորգետնյա ճանապարհով դուրս գար, ճանապարհ չունի, այդ բոլորը խախտվել է: Մի օրինակ բերեմ՝ երեկ տեղացած անձրեւի նման անձրևների դեպքում Երևանի պետական համալսարանին մոտ տարածքում հենց Գետառի կողքից մի նոր գետ է առաջանում և իջնում ցած ու լցվում համալսարանի բակը: Այսինքն՝ ջուրն իր բնականոն ճանապարն է փնտրում, բայց գալիս ու տեսնում է, որ Գետառը փակ է», ասաց նա: Ըստ մասնագետի՝ այս վիճակի տակից դուրս գալն այսօր քաղաքային իշխանությունների համար շատ բարդ է, ժամանակին պետք է մտածեին այդ մասին: Ամեն դեպքում, մասնագետների հետ քննարկումների արդյունքում պետք է լուծումներ գտնվեն: Կարինե Դանիելյանն ասաց, որ իրենք իշխանություններին պարբերաբար կոչ են արել հավաքել մասնագետներին, համատեղ քննարկել, թե ինչպես կարելի է այդ վիճակից դուրս գալ, որպեսզի մեզ սպառնացող սելավներն ու ջրհեղեղները Երևանին չվնասեն: Բայց արդյունք չկա:

Ռոզա Հովհաննիսյան

lragir.am