Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, կրթությանը կարևոր տեղ է հատկացված: Իհարկե, գովելի փաստ է, բայց արդյո՞ք կրթության համար հատկացված այս տեղը արդարացնում է այն որակը, որն այսօր տալիս են մեզ համալսարաններում և դպրոցներում:
Ավագ դպրոցում սովորելը ի՞նչ է տալիս աշակերտին: Իհարկե, կարելի է առաջին հայացքից կարծել, որ, իրոք, հոսքային տարբերակը գրավիչ է, կսովորենք այն, ինչը հարում է մեր մասնագիտությանը: Բայց միթե՞ բժշկի համար կարևոր չէ իր լեզուն, պատմությունը կամ գրականությունը: Չարժե՞ արդյոք, որ լեզվաբանը իմանա սեփական մարմնի գաղտնիքները:
Խնդրի խորությունը առավել լավ տեսնելու և ընթերցողին վառ ներկայացնելու համար անցկացրի հարցում շրջանավարտների շրջանում: 2016 թվականին դպրոցն ավարտող հարցվածներից ոչ ոք իմ այն հարցին, թե ինչ է տվել իրենց դպրոցը, չպատասխանեց՝ գիտելիք:
Շատերը դպրոց գնում են միայն ավարտելու և համապատասխան թուղթը ստանալու համար, շատերն էլ բացակա չստանալու: Դպրոցական կարգերից դժգոհեցին բոլորը: Այժմ ցիտում եմ կարծիքներից մեկը. «Ամեն ձև ազդում են երեխայի անհատ դառնալու վրա, դարձնում են վախկոտ, կարծրատիպային, քառակուսի մտածելակերպով փոքրիկ դեգեներատներ»: Հարցվածներից մեկն էլ պատասխանեց, որ դպրոց հաճախել է միայն ընկերների և սիրելի ուսուցիչների համար:
Եվ այսպես, հարցված 10 շրջանավարտներից ոչ ոք չպատասխանեց, որ դպրոցից մեծ գիտելիք ունի, որոշները այն կարծիքին են, որ ավագ դպրոցը ոչինչ չի տալիս՝ ծրագիրը ծանր է, դասագրքերը՝ բարդ: Ցավոք 10 շրջանավարտից բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորում են միայն 4-ը: 2-ը ֆինանսի պատճառով չեն շարունակում ուսումը, Իսկ մյուս 4-ը խուսափեցին պատասխանել այս հարցին:
Որքան էլ ցավալի է բայց տարեցտարի նվազում է դիմորդների թիվը, սրա հետ մեկտեղ կտրուկ բարձրանում են ուսման վճարները: ԵՊՀ գնացուցակում ամենաքիչը 430 հազար դրամն է: Իրավագիտության ֆակուլտետի տարեկան վճարը 870 հազար դրամ է:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գնացուցակում գերակշռում են 600 հազար և 500 հազար դրամները:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Գի՞տեք՝ ինչքան գումար է հարկավոր, որպեսզի սովորեք այս համալսարանում բուժական գործ կամ սոմատոլոգիյա. 1մլն դրամ: Իսկ ու՞մ համար է այսքան գումարը: Օրական հացի գումարը մի կերպ վաստակող հասարակությա՞ն: Միայն մի բան կնշեմ՝ մեզ որակյալ բժիշկներ են պետք և կարող եմ հավաստի ասել, որ մի օր նրա կարիքը կունենան ոչ միայն աղքատները, այլև հարուստները:
Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 60-70 հազար դրամ, իսկ ինձ թվում է, որ հարկ չկա ասելու, թե ինչքան է բավարարում այդ գումարը մեկ ընտանիքին: Առօրյա հոգսերի մեջ թաթախված հասարակությունը քիչ թե շատ հեռացել է այն գաղափարից, որ պետք է բարձրագույն կրթություն ստանալ և ավելի կհառանա քանի դեռ այս տեմպերը շարունակվեն:
Մենք ուզում ենք ունենալ ամուր պետություն, հզոր հայրենիք, բայց երբևէ ինչ-որ մեկը մտածել է այն ուղղությամբ, որ մեզ գիտելիքով հարուստ հասարակություն է պետք, իհարկե այո, բայց ցավոք այդ հասարակությանը գիտելիքով զինելը թանկ է նստում:
Տաթև Սարգսյան
«Պատանի լրագրող» նախագիծ