Ես հասկացա, որ ձեռքիս մեջ երեխայի սիրտն է. Արմինե Բարխուդարյանը՝ Աֆրիկայում յուրահատուկ դեպքերի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ես հասկացա, որ ձեռքիս մեջ երեխայի սիրտն է. Արմինե Բարխուդարյանը՝ Աֆրիկայում յուրահատուկ դեպքերի մասին

Քենիայի և Սուդանի հիվանդանոցներում աշխատանքը տարբերվում է հայկական և ռուսական ցանկացած հիվանդանոցի աշխատանքից: Այստեղ գինեկոլոգը գինեկոլոգիայով է զբաղվում, ռադիոլոգն անցկացնում է իր որակավորմանը համապատասխանող հետազոտություններ: Իսկ աֆրիկական հիվանդանոցներում յուրաքանչյուր բժիշկ, որպես կանոն, ստիպված է մի քանիսի աշխատանքը կատարել, աշխատանքի տեմպն էլ միանգամայն ուրիշ է: Բժիշկ Արմինե Բարխուդարյանը սեփական փորձով է համոզվել:

Բժիշկ Բարխուդարյանը, որը մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է, մեկ ամիս աշխատել է Սուդանի Նուբայի լեռներում գտնվող «Գթության մայր» հոսպիտալում, որտեղ ռազմական բժիշկներ՝ փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանի և մայոր Հայկ Հովհաննիսյանի հետ ժամանակավորապես փոխարինել է միսիոներ բժիշկ Թոմ Քաթինային, մինչ նա Հայաստանում մասնակցում էր «Ավրորա» հումանիտար մրցանակի եզրափակիչ միջոցառումներին: Դրանից առաջ նա ևս 6 ամիս աշխատել է Քենիայում:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Արմինե Բարխուդարյանը պատմեց մի քանի հետաքրքիր դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Քենիայում և Սուդանում:

Քենիայի հոսպիտալում տեղի ունեցած դեպքը բժիշկ Բարխուդարյանը կհիշի ամբողջ կյանքում. անհրաժեշտ էր հիվանդներից մեկին կեսարյան հատում կատարել, քանի որ պտուղը ոտքերով էր ծնվում: Վիրահատարանը զբաղված էր, և ստիպված էինք սպասել: Սակայն կնոջ մոտ ծննդաբերությունը սկսվեց, և երբ բժիշկը հիվանդանոցում ինտերի հետ նրան է մոտեցել, երեխան արդեն կիսով չափ ծնվել էր: Հանկարծ մասնագետները նկատել են, որ կնոջ ծննդաբերական ուղիներից երեխայի ոտքերից բացի, ինչ-որ անհասկանալի զանգված է ընկել: Սկզբում նրանք մտածել են, որ դա երեխայի պորտալարն է, սակայն մի քանի վայրկյան անց հասկացել են, որ դա աղին է:

Բժիշկը մոտ է վազել օգնություն ցույց տալու, փորձել է պահել ընկնող աղին, մինչ ինտերնն էլ պահել է երեխայի մեջքը: Ծննդաբերական ուղիներով երեխայի առաջ գալուն զուգահեռ՝ բժշկի ձեռքը շոշափել է նաև այլ օրգանները՝ փոքրիկ լյարդն ու ստամոքսը: Իսկ հետո նրա ափի մեջ ինչ-որ բան է թակել:

«Ես հասկացա, որ ձեռքիս մեջ երեխայի սիրտն է բաբախում: Մենք աննկարագրելի շոլի մեջ էինք»,- պատմեց բժիշկը:

Ինչպես պարզվել է, երեխան չափազանց հազվագյուտ բնածին արատ ուներ՝ Պենտադա Կանտրելա: Այս արատին բնորոշ են բազմաթիվ անոմալիաները և սրտի էկտոպիան, այն հանդիպում է միջինը միլիոնից 5 նորածնի մոտ: Բժշկության պատմության մեջ  նկարագրվել է այս հիվանդության ընդամենը 90 դեպք:

Կոնկրետ այս երեխայի մոտ որովայնի պատը և կրծքավանդակի առջևի հատվածը ուղղակի բացակայում էին՝ նա չուներ ո՛չ մաշկ, ո՛չ մկաններ, ո՛չ ոսկորներ, բոլոր օրգանները դրսում էին: Երեխայի մորը, ինչպես աֆրիկական շատ երկրներում հղիների մեծ մասին, երբեք ուլտրաձայնային հետազոտություն չէին կատարել, այդ պատճառով նախապես հայտնի չէր, որ երեխան նման ծանր արատ ունի:

Ցավոք, նման պաթոլոգիաները սովորաբար կյանքի հետ համատեղելի չեն, և այս երեխան ապրեց միայն մոտ 2 օր:

med.news.am