Երազգավորսում հունիսի 18-ին նշեցին գյուղի ամենատարեցի՝ Ազգո տատի 100-ամյակը: 9 զավակ, 17 թոռ, 33 ծոռ և 20 թոռի թոռ՝ սրանով է Ազգո տատն իրեն հարուստ համարում:
Նա ողջ կյանքի ընթացքում եղել է սիրված ու հարգված. երկար տարիներ նախ գյուղի մանկապարտեզում է աշխատել, ապա ղեկավարել է նույն մանկապարտեզը, իսկ մինչ Երազգավորս տեղափողվելը տատը՝ Ազգանուշ Ալեքսանյանը, ապրել ու սովորել է Լենինականում, մինչև ամուսնուն՝ Բեյբութին տեսնելն ու սիրահարվելը: Սիրահարվել ու 16 տարեկանում ամուսնացել ու տեղափոխվել է Երազգավորս, իսկ Ախուրյան գետից այս կողմ Ազգո տատի հարազատները՝ ինչպես ինքն է ասում փախե-փախի ժամանակ տեղափոխվել են Բաշիրակից:
Ազգո տատի երեխաները շտապելով պատմում են. «Ինքը փոքր է եղել՝ 1 տարեկան, երբ հարազատները տեղափոխվել են, բայց տատի մայրը, երբ կանգնել է Երազգավորսի ամենաբարձր բլրի վրա ու նայել սահմանից այն կողմ, ասել է՝ «Էստեղից Բաշիրակը երևում է»»,- ասել ու կարոտն է առել:
«Արմենպրես»-ը փորձեց տատից իմանալ իր երկարակեցության գաղտնիքը։ Մինչ տատը դժվարությամբ կպատասխաներ, երեխաները շտապելով ասում են՝ «Ամուսնու սերն է եղել»: «Մեր հայրը շատ է սիրել մորս: Մայրս երջանիկ կին է եղել՝ սիրահարված ու սիրված: Ուր ասես հայրս նրան չի տարել՝ հանգստյան տներ, առողջարաններ. դա է երկարակեցության գաղտնիքը»,- նշեցին աղջիկները:
Ազգո տատն իր ծննդյան առթիվ այսօր շատ հյուրեր ուներ՝ շնորհավորանքեր, ծաղիկներ ու դրամական նվերներ՝ Շիրակի նորանշանակ մարզպետից ու Երազգավորսի գյուղապետից, ծաղիկներ նաև ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանից: «Ազգանուշ տատի մեջ խտացված է հայ ազգի ողջ ճակատագիրը»,- իր խոսքում նշեց Շիրակի փոխմարզպետ Սերյան Պետրոսյանը:
Ազգո տատն էլ մինչ ազգի ամենափոքր թոռների հետ ծննդյան տորթի մոմերի փչելը՝ բոլորին առողջություն մաղթեց: «Բոլորիդ կրկնակի առողջություն ու երջանկություն եմ մաղթում՝ աշխարհին էլ՝ խաղաղություն»,- նշեց տատը: