Իրավապաշտպան կազմակերպությունների փորձագետներն այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում հիմնականում թերացումներ մատնանշեցին: Նրանք կարծում են, որ օրենքի նախագիծը սահմանափակում է կրոնական կառույցների գործունեությունը:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը համոզված է՝ օրենքի նախագիծն ավելի վտանգավոր է նախորդ նախագծերից: «Այն չի վերաբերում Հայ առաքելական եկեղեցուն»:
Դանիելյանը նկատեց, որ Սահմանադրությամբ, օրինակ, սպաներին արգելվում է լինել կրոնական կազմակերպությունների անդամ. «Ֆաշիստական Գերմանիայում անգամ նման սահմանափակում չի եղել»: Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ այսպես օրենքի առաջ հավասար լինելու հանգամանքն արդեն իսկ ոտնահարվում է. «Առաքելական եկեղեցին երեխային իրավունք ունի կրոնական քարոզ կարդալու, մինչդեռ կրոնական կառույցներին արգելվում է մինչև 14 տարեկաններին քարոզել՝ առանց ծնողների իմացության և թույլտվության»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ իր հերթին նկատեց, որ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները չեն ծառայում և չեն ենթարկվում նաև այլընտրանքային ծառայությանը. «Ինչո՞ւ է այդպես: Իսկ այլընտրանքային ծառայությունը վերաբերելո՞ւ է Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներին… Սա խտրական վերաբերմունք է կրոնական կառույցների հանդեպ: Յոթ մենաշնորհները, միևնույն է, մնալու են Առաքելական եկեղեցուն: Հարգում եմ մարդկանց կրոնական համոզմունքները, բայց մի մտեք պետություն, դպրոց և քարոզեք»:
Իշխանյանի խոսքով՝ օրենքի նախագիծը չի տարածվում Հայ առաքելական եկեղեցու վրա. «Խորամանկություն է… եթե այն չի վերաբերում Առաքելական եկեղեցուն, ուրեմն ուղղակի խտրական վերաբերմունք է: Հիմա Հայ Առաքելական եկեղեցին կրո՞ն է, թե կրոն չէ»:
Ներկաները նաև դժգոհեցին, որ նրանք, ովքեր Հայ առաքելական եկեղեցու անդամներ չեն, աղանդավորներ են որակվում: «Դա վիրավորական և խտրական բառ է: Դրա համար կարելի է դատի տալ: Դա նույն բանն է, թե ՌԴ-ում հայերին ասեն՝ «չեռնոմազիյ»,-ասաց Իշխանյանը:
Լուիզա Սուքիասյան
Ամբողջությամբ՝ aravot.am