Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Facebook-յան գրառումը.
Գաղտնիք չէ, որ հատկապես ամառային ամիսներին ավելի մեծ պահանջարկ վայելող պաղպաղակների (արևմտահայերենում ավելի` սառնանուշ է հայտնի) հիմնական սպառողները մեր երեխեքն են:
Կարելի է ասել, որ անանուն պաղպաղակ չկա, յուրաքանչյուրն ինչ-որ անուն ունի և քանի որ սա մի սննդատեսակ է, որի սպառողը ճնշող մեծամասնությամբ մեր երեխեքն են, ուստի նրանց կրած անունները միտում ունեն մեր մանկահասակ քաղաքացիներին ինչ-որ բան հուշել-սովորեցնել:
Գրեթե 100 տոկոսով Հայաստանում սպառվող և հայ երեխաին հասցեագրված պաղպաղակներին շատ բնական կլիներ տեսնել, օրինակ` հայկական հեքիաթներից, էպոսից, մեր մուլտֆիլմերից քաղված հերոսների պատկերները և նրանց անունները (ասենք օրինակ` Շունն ու կատուն, Մի կաթիլ մեղրը, Քաջ Նազարը, Քուռկիկ ջալալին և այլն, և այլն): Սակայն պաղպաղակ արտադրող հայկական ընկերությունները կարծես խոսքները մեկ արած գովազդում են ամերիկյան մուլտերի հերոսներին և կամ պարզապես կրում են անգլերեն պատահական ինչ-որ անուններ:
Աբսուրդային է CCCP կամ 20 KOПEEK պաղպաղակների անունները: Հարգելի պաղպաղակ արտադրող, այդ պետությունն իր մանրադրամների հետ միասին` ում անունը դրոշմել եք մեր երեխեքի համար արտադրված պաղպաղակներին արդեն 26 տարի է, որ գոյություն չունի և արդեն ոչ թե մեր երեխեքը, այլ 26 տարեկան երիտասարդները երբեմնի խորհրդային պետության քաղաքացի չեն ու չեն եղել և մի՞թե հայերս չունենք կամ չենք ունեցել այնպիսի պետական միավորներ կամ մետաղադրամներ, որ փոխանակ օտարներինը, մերը` ճանաչեցնենք ու տարածենք:
Սա ստրկաբարո թերարժեքության քարոզ է, որ կարծես բոլորովին անմեղ ճանապարհով արմատացնում եք մեր հասարակության կրտսեր անդամների` մեր երկրի վաղվա տերերի մեջ, որ հանդուրժելի չէ:
Ո՞րն է ամեն գնով օտարը տարածելու, մանուկների մանկությունը օտար հերոսներով ու անուններով լցնելու նպատակը:
Մեծ ու փոքր այլևայլ խնդիրների կողքին անսահման ափսոսանք և ամոթ եմ ապրում նաև սրա համար
Գրությանս կցում եմ երևանյան պաղպաղակների մեկ խմբակային պատկեր, որոնց անունները ոչ այլ ինչ են, եթե ոչ օտարը հարազատի տեղ սերմանելուն միտված մի-մի վիրուս: