Վիրտուալ «կյանքի» հոգեբանական ազդեցությունը
Advertisement 1000 x 90

Վիրտուալ «կյանքի» հոգեբանական ազդեցությունը

Դրական և բացասական կողմերը

21-րդ դարն ասոցիացվում է նոր, զարգացող և զարգացնող տեխնոլոգիաների, մարդու առօրյա հոգսը թեթևացնող և մարդու աշխատունակությանը փոխարինող մեքենաների և սարքերի հետ: Սակայն, դրական կողմերի հետ մեկտեղ, տեղեկատվական դաշտն ազդում է մեր մտավոր, սոցիալական և վարքային գործունեության վրա:

Միանշանակ, յուրաքանչյուր ժամանակաշրջան պետք է հրամցնի իր ժամանակի կրողին բոլոր նորությունները, հմտություններն ու նորամուծությունները: Հակառակ դեպքում, մեզ մոտ չի լինի «հիմա»-ի և «այստեղ»-ի գիտակցումը: Իսկ դա, հոգեբանական տեսանկյունից, միակ սթափեցնող կոճակն է, որի շնորհիվ մարդը գիտակցում և ապրում է իրական կյանքը՝ տարանջատելով այն թվացյալից: Տեղեկատվական դաշտը մի հարթակ է, որը չի կառավարվում այնպես, ինչպես չի կառավարվում նաև մարդկային միտքը: Այն կարող է հրամցնել կյանքի որակը բարելավող կամ, ընդհակառակը՝ վատթարացնող տեղեկատվություն, որն էլ, իր հերթին՝ կարող է կախվածություն առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր  ժամանակի մեծը մասը տրամադրում են այդ ոլորտին: Եթե ուշադիր ուսումնասիրենք մարդկանց վարքը, ապա կտեսնենք, որ այն թելադրվում է բազմաթիվ աղբյուրներից եկող տեղեկատվությամբ: Ավելին, կան մարդիկ, ովքեր, առանց որոշակի ինֆորմացիոն աղբյուրների տիրապետման, ունենում են խնդիրներ շրջակա միջավայրի հետ շփման հարցում: Նման մարդիկ ամբողջովին կախված են ինֆորմացիայի հոսքից, և վերջինիս բացակայությունը հանգեցնում է նման մարդկանց իզոլյացման:

Ի՞նչ է սա: Սա մի հոգեբանական երևույթ է, երբ մենք աստիճանաբար տեղի տալով տեղեկատվության դոմինանտմանը մեր ինքնուրույն մտածողության վրա, ձերբազատվում ենք պատասխանատվությունից, ինքնուրույն կանխատեսումներ անելուց և որոշումներ կայացնելուց: Արդյունքը հետևյալն է՝ սոցիալական հմտությունների դեգրադացիա, սեփական պահանջները հոգալու կամային և ֆիզիկական անկարողություն, որոշումներ կայացնելիս՝ անկայունություն, իսկ փոխարաբերություններում էլ՝ արժեքային համակարգի հիերարխիայի քաոտիկ արտահայտում: Եվ մեր մարդկային մտածողությունն աստիճանաբար հետ նահանջելով՝ մարդուն վերածում է զուտ զգայական մակարդակի վրա գտնվող սոցիալական կենդանու: Դա՞ է, արդյոք, ժամանակակից մարդու առաքելությունը, դրանո՞վ է, որ պետք է հպարտանանք:

Որպես հոգեբան՝ անձնային զարգացածության հետ կապված անհանգստացնող հանգամանք եմ համարում, նաև սոցիալական կայքերի ազդեցությունը: Սակայն, եթե ուսումնասիրենք այս ոլորտը, ապա կհասկանանք, որ կան նաև որոշակի դրական կետեր՝

  • Լավ զգացողությունների հիշեցում
  • Նոր ընկերների ձեռք բերում, որոնք այլ երկրում են բնակվում
  • Շփման դաշտի ընդլայնում
  • Սեփական հաջողությունների հաղորդում այլ մարդկանց
  • Ուսումնական, ճամփորդական և այլ զարգացնող միջոցառումների իրազեկում
  • Գովազդի հնարավորություն

Վերը նշված կետերն ապահովում են ժամանակակից մարդու փոխհարաբերությունների կայուն զարգացածությունը: Սակայն, դրականի կողքին, առկա է նաև բացասականը: Դա թվացածին Ես-ն է, այն դիմակը, որը յուրաքանչյուրս կարող ենք կրել, և վիրտուալ աշխարհում ներկայանալ այն, ինչ իրականում չենք: Եվ ցավալին ու վտանգավորը այն է, որ տարիքային սահմանափակում չկա: Սա հատկապես վտանգավոր է երեխաների պարագայում: Քանի որ դեռ նոր սոցիալականացվող, իր սեռային և սոցիալական Ես-ը նոր ձևավորող երեխան, ով դեռևս պատրաստ չէ դժվարություններ հաղթահարել, ով չունի հմտություններ ճիշտ փոխհարաբերություններ կառուցելու և գտնվում է երեխա-մեծահասակ սահմանագծի հաղթահարման ճգնաժամում, հայտնվում է մի աշխարհում, որտեղ չկան պահանջներ, չկա դատող հանդիսատես, սակայն կա անսահմանափակ հնարավորություն ստելու: Արդյունքում՝ այդ երեխաներն ունենում են դեռահասության ճգնաժամի հաղթահարման խնդիրներ, մեծահասակի կերպարի, նրանից բխող պահանջների, պատասխանատվության սահմանի, որոշումներ իրականացնելու պատկերացման աղճատում: Նրանք հնարավորություն չեն ունենում զգալու և ինքնիրականացվելու՝ իրական կյանքի թոհուբոհի մեջ: Չեն կերտվում և հղկվում սոցիալական միջավայրում, չեն գտնում իրենց սեփական Ես-ը, և նույնիսկ կան դեպքեր, երբ չեն հասցնում սեռադերային նույնականացման փուլն անցնել և հստակ պատկերացում ձևավորել իրենց սեռային պատկանելության մասին:

Նման երեխաները, հետագայում արդեն՝ մեծահասակները, այդպես էլ մնում են իրենց ստեղծած սոցիալական ճահճում, որտեղից տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել, լսում այն, ինչ ուզում են լսել, քանի որ կա կերպարային ֆիլտր, որը թույլ չի տալիս նրանց գիտակցել և ընկալել իրական կյանքը՝ իր բոլոր դրական և բացասական կողմերով:

Մինչ օգտվելը սոցիալական կայքերից, սեփական դիմակերպարը ստեղծելը, նախ ինքնավերլուծություն կատարեք, հասկացեք՝ ո՞վ եք դուք, ի՞նչ եք ուզում, ի՞նչ նպատակներ ունեք, ի՞նչ է տալու այն ձեզ: Եվ միայն վստահ լինելով, որ այնտեղ ինտեգրվելով՝ կառուցողը դուք եք լինելու, այլ ոչ թե ձեզ են կառուցելու, ներգրավվեք և ապրեք լիարժեք ԻՐԱԿԱՆ կյանքով՝ ժամանակի հետ համընթաց քայլելու, օգտակար տեղեկատվություն քաղելու միտմամբ:

Կամիլա Խաչատրյան

Հոգեբան