ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի բակալավրիատի ուսանողները հունիսի 25-ին իրենց դիպլոմները ստացել են Գյումրիում, որտեղ 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի առևտրային դպրոցի շենքում հիմնադրվել է Հայաստանի համալսարանը, որը մոտ մեկ տարի անց տեղափոխվելով Երևան` անվանվել է Երևանի պետական համալսարան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թյուրքագիտության բաժնի ուսանողների դիպլոմները հանձնել է Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ մայր բուհի հիմնադիր շենքում դիպլոմների հանձնումն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում:
«Մոտ հարյուր տարի առաջ այս դահլիճում հավաքված երախտավորները, ունեցել են մեծ նպատակներ ստեղծել այնպիսի բուհ, որը կտա մասնագետներ, որոնք կծառայեն Հայաստանի և հայության շահերին: Անցած տարիները ապացուցել են, որ ԵՊՀ-ն կարողացել է իրականացնել այդ առաքելությունը և մեր համալսարանը ավարտել են հազարավոր մասնագետներ, որոնք ծառայել են այդ առաքելությանը: Հիմա հերթը ձերն է՝ ստացած գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու մեր երկրի բարգավաճման, հզորացման, անվտանգայնացման և հայապահպանության սուրբ գործին»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը:
Ընդգծելով կրթության և գիտության դերը հայ ժողովրդի կյանքում՝ նա ուշադրություն է հրավիրել է համալսարանի ստեղծման ժամանակաշրջանին, որը չափազանց ծանր էր հայ ժողովրդի համար:
«1919 թ.-ին Հայաստանի Հանրապետությունը նոր ձևավորված պետություն էր և բախվել էր բազմաթիվ խնդիրների` ցեղասպանության հետևանքներ և շարունակվող ցեղասպանություն, գաղթականների մեծ ալիք, սով, պատերազմի սպառնալիք Թուրքիայի հետ: Եվ վերջապես Համալսարանի հիմնադրումից մի քանի ամիս հետո Ալեքսանդրապոլը օկուպացվեց թուրքական զորքերի կողմից և այստեղ ինչն է կարևոր ու խորհրդանշական, որ հայությունն իր ամենակարևոր և անձեռնմխելի գաղափարներից մեկը մշտապես համարել և համարում է գիտությունն ու կրթությունը և այն բուհը, որում դուք սովորել եք, ստեղծվել է երկրի համար այդպիսի ծանր ժամանակաշրջանում: Ինչո՞վ է սա շարունակական. եթե ուշադրություն դարձրել եք՝ աքսորյալ հայերն իրենց երեխաներին հավասար կամ, երբեմն, իրենց երեխաներից էլ առավել փրկել են գրքեր, աստվածաշնչեր, և այսօր Մատենադարանում դուք կարող եք տեսնել այդ ամենը»,- հավելել է նա:
Դիպլոմների հանձնման արարողությունից հետո Շիրակի թեմի առաջնորդարանում հյուրնկալելով թյուրքագետներին՝ օրհնել և շնորհավորանքի խոսք է ասել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Ուսանողներն արարողությունն ավարտել են Վահրամաբերդի եկեղեցի ուխտագնացությամբ, որը կառուցվել է 988-1029 թվականներին իշխան Վահրամ Պահլավունու կողմից:
1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։ 1920 թ․ հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։
Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերի շնորհիվ, հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։