Ինչո՞ւ չի կարելի շոգին սունկ ուտել և կաթ խմել
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ չի կարելի շոգին սունկ ուտել և կաթ խմել

Հայաստանում ձմռանը շատ ցուրտ է լինում, ամռանը՝ շատ շոգ ու արևոտ: Ջերմաստիճանի տարբերությունը կարող է Ցելսիուսի սանդղակով 65 աստիճանի հասնել: Չնայած դրան՝ հայերի մեծ մասը և՛ ձմռանը, և՛ ամռանը միանման է սնվում, ինչը շատ սխալ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Սննդային թունավորումներից և մարսողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար, ըստ մասնագետի, հարկավոր է ամռանը փոխել սննդակարգը: Յուղոտ խորովածը լավագույն ընտրությունը չէ ամառային սեղանի համար: Ամռանը խորհուրդ չի տրվում նաև սունկ ուտել և կաթ խմել:

Կաթը սովորաբար շատ արագ է փչանում, հատկապես՝ բարձր ջերմաստիճանի պարագայում, դրանում նաև շատ արագ բազմանում են վտանգավոր բակտերիաները: Եթե անգամ կաթի պիտանելիության ժամկետը չի անցել, այն կարող է թարմ չլինել և լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար: Այդ պատճառով հարկավոր է ամռանը հրաժարվել կաթից, հատկապես որ բազմաթիվ մարդիկ ամռանն այն դժվարությամբ են մարսում:

Նույն պատճառով պետք չէ ամռանը նաև սունկ ուտել: Վարակաբանի խոսքով՝ սունկը «ծանր» մթերք է համարվում: Այն դժվարությամբ է մարսվում, երկար ժամանակ «ծանրաբեռնում» է մարսողական համակարգը:

Իսկ ի՞նչ մթերքներ կարելի է և պետք է ուտել ամռանը:

Արա Ասոյանի խոսքով՝ ամռան սեղանի համար լավագույնը թարմ մրգերն ու բանջարեղենն են: Դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով ու մանրաթելերով, դյուրամարս են, օրգանիզմը հագեցնում են անհրաժեշտ նյութերով:

Իհարկե՝ ուտելուց առաջ ցանկացած միրգ ու բանջարեղեն հարկավոր է լավ լվանալ հոսող ջրի տակ՝ մանրէներից ու վիրուսներից խուսափելու համար: Աղիքային ինֆեկցիաներն ու թունավորումը կանխելու համար հարկավոր է նաև օրական մի քանի անգամ լվանալ ձեռքերը:

med.news.am