Կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ քննարկվելու է գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացրած «Բամբակ» ծրագիրը, որը, գործարարի խոսքերով՝ անցել է բոլոր փորձաքննությունները և արդեն իսկ արժանացել է վարչապետի և ոլորտի պատասխանատուների հավանությանը:
Գործարարը ծրագրով ներկայացրել է Հայաստանում, առայժմ Արմավիրի մարզում 200 հա բամբակի մշակության աշխատանքներ սկսել, այնուհետև ծավալները ընդլայնել: Այդպիսով, ըստ Հայրապետյանի, Հայաստանում մշակված բամբակով և դրանից ստացված թելով ու մնացած բաղադրիչներով հնարավոր կլինի արագորեն զարգացնել թեթև արդյունաբերությունը և զարկ տալ տեղական արտադրանքի զարգացմանը: Այլևս Թուրքիայից և այլ երկրներից հագուստ չներկրել, տեղական արտադրանքով ապահովել բանակի, ՔԿՀ-ների ու այլ հաստատությունների կարիքները:
Բիզնես ծրագիրն իրականացնելու է գործարար Գագիկ Խաչիկյանը, որը Փայլակ Հայրապետյանի ընկերներից է:
«2000 հա հատկացված է բամբակի մշակության համար, 200 հա՝ գործարանի կառուցման համար: Գործի գլխին կանգնած է իմ ընկերը, որին խնդրել եմ՝ աջակցել ու իրականացնել ծրագիրը: Ինքը Տաջիկստանում շատ լուրջ հնարավորություններ ուներ, փորձ ուներ, և ես նրան խնդրեցի իր փորձով օգտակար լինել մեր երկրին: Ինքը լսեց ինձ և հավանություն տվեց իմ ծրագրին: Եկավ, կանգնեց գործի գլխին և մենք ծրագիրը ներկայացրեցինք կառավարությանը: Կառավարությունը, բոլոր ճյուղերը, էկոնոմիկայի նախարարությունը, մարզերի միավորումը, բոլորը հավանություն են տվել և առաջիկայում կլուծվի ծրագրի ֆինանսավորման հարցը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը:
Ֆինանսավորումն իրականացվելու է կառավարության աջակցությամբ, համապատասխան տեխնիկան՝ 20 միլիոն դոլար արժողությամբ, բերվելու է Չինաստանից: Կառավարությունը 3 տարի ժամկետով արտոնություն կտրամադրի և տեխնիկան կներկրվի առանց հարկերի: Ծրագրի մեկնարկին Չինաստանից, Տաջիկստանից ու Ղազախստանից մոտ 150 մասնագետ կներգրավվի բամբակի մշակության գործում: «Աշխատանքներն ընթացքի մեջ են, առաջիկա մեկ-երկու օրվա մեջ ֆինանսավորումը կկատարվի և աշխատանքները ավելի նոր թափով առաջ կգնան: Տեխնիկան, ամեն ինչ կբերվի, ինչը որ ռուսական է, նախարարության, կառավարության աջակցությամբ կիրականացվի: Իսկ մինչ մեքենասարքավորումների ստանալը կկառուցվի 26 հազար քմ տարածքով կորպուս, որտեղ իրականացվելու է բամբակի մշակումը, հումքի մշակումը: Այնտեղ լինելու է նաև անասնապահական ֆերմա, որովհետև բամբակի մշակումից առաջանում է մեծ քանակությամբ անասնակեր: Այդ կոմպլեքսում լինելու է նաև կաթի մշակման գործարան, սառնարան: Այսինքն՝ կառուցվում է աննախադեպ մի կոմպլեքս, որն իր նմանը դեռևս չունի: Մենք կունենանք բամբակ, կունենանք անասնակեր, կաթ, միս, ամեն ինչ: Կառավարությունը սրան գնացել է մեծ հաճույքով և հավատացած եմ, որ շատ լավ կլինի: Հայաստանում բամբակ աճեցվել է մինչև 1966 թվականը և մենք կշարունակենք այդ գործը»,- ասաց գործարարը:
Փայլակ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի, որ նախորդ անգամվա պես կարող է վատ հետևանք ունենալ իր այս նախաձեռնությունը և արդյունքում կրկին հայտնվի «քցվածի» կարգավիճակում:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Փայլակ Հայրապետյանն իր ամբողջ ունեցվածքը գրավադրել էր բանկում, որպեսզի դրա հիման վրա Աֆրիկայից ադամանդի հումք ներկրվեր Հայաստան և այստեղ մշակվեր, աշխատատեղեր բացվեին, սակայն գործարարն այդ ճանապարհին հայտնվեց սնանկ կարգավիճակում: Բանկի տրամադրած գումարները հայտնվել էին օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան անձանց անուններով բացված հաշվեհամարներին:
«Ես այն ժամանակ էլ էի շատ ոգևորված, բայց մտավախություն կար, քանի որ այն ժամանակ կառավարության գլխին այլանդակ մեկն էր կանգնած: Իսկ հիմա մտավախություն չունեմ: Ակնհայտ է, որ կառավարությունը մտածում է Հայաստանի ու մեր ժողովրդի մասին: Այլևս թալանելու, գողանալու բան չի մնացել: Մարդիկ մեզ աջակցել են, ոգևորել են, արտոնություններ են տվել: Այլ բան պետք չէ: Եթե մենք այս ծրագիրն իրականացնենք՝ Հայաստանի 450 գյուղեր և Արցախի գյուղերը միասին աշխատատեղեր կունենան: Յուրաքանչյուր գյուղում 30-50 աշխատատեղ կհիմնվի: Կանայք, աղջիկները տանը նստած կաշխատեն և ամսական 70-150 հազար դրամ աշխատավարձ կստանան»,- նկատեց Հայրապետյանը՝ հավելելով, որ նախատեսվում է մինչև 15 հազար աշխատատեղ ստեղծել այս ծրագրի շրջանակներում: