(համայնքի ավագանին Սյունիքի մարզպետին կանչել է բացատրության և հաշվետվության)
Իհարկե, տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունն ուղղակի իրավունք չի վերապահում համայնքի ավագանուն՝ մարզպետին կանչելու բացատրության կամ հաշվետվության: Բայց ինքը՝ մարզպետը, ջանադրաբար սովորեցնում է բոլորին, թե ինչպես կարելի է անընդհատ շրջանցել օրենքն ու բարոյականության նորմերը: Մյուս կողմից՝ Գորիսում նույն մարզպետի եռանդուն ջանքով այնպիսի դրություն է ստեղծվել, ինչը չէր կարող ոչ ստանդարտ քայլերի տեղիք չտալ գորիսյան բոլոր հարթակներում:
Սյունիքի մարզպետն անցած մոտ տասը ամսում հրաժարվել է համագործակցել համայնքի բնակչության կամքով ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի ու ավագանու հետ:
Քանիցս պահանջել է, որ Գորիս համայնքի ընտրյալ ու բարեհամբավ ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական տա՝ պատճառաբանելով, որ ինքն այդ պաշտոնի համար մարդ ունի, իսկ պարոն Ադունցը, հարգելով ընտրողների կամքը, իբրև գերակայություն ընդունելով ՀՀ օրենքերն ու Գորիսի պատիվն ու արժանապատվությունը, ընդառաջ չի գնացել մարզպետին:
Մարզպետն անթաքույց քայլեր է ձեռնարկել Գորիսի հանրությունը պառակտելու, մարդկանց միմյանց դեմ լարելու համար:
Իրավիճակն առավել անսովոր էր վերջին օրերին: Նա, որքան էլ տարօրինակ է ու զարմանալի, օգտվելով իշխանական իր լծակներից ու ֆինանսական հնարավորություններից, ամեն ինչ արեց ավագանու հունիսի 28-ի նիստը խափանելու համար: Ավագանու անդամները, ինչպես և սպասվում էր, լուրջ չվերաբերվեցին մարզպետարանից ստացվող թաքուն զանգերին և թախանձագին խնդրանքներին՝ բոյկոտելու ավագանու նիստը:
Ինչպես հետո պարզվեց, առաջին անգամ (պաշտոնավարման ընթացքում) հանգստյան օրերին մարզպետը մնացել էր Սյունիքում՝ այդ «աշխատանքը» համակարգելու համար:
Ավագանու նիստը, չնայած այդ ամենին, հունիսի 28-ին սկսվեց ճիշտ ժամանակին և վաղօրոք հայտարարված օրակարգով: Նախատեսված բոլոր հարցերը քննարկվեցին ամենայն պատշաճությամբ ու մտքերի անկեղծ փոխանակմամբ: Միայն մեկ հարցում համայնքի ղեկավարը դեմ արտահայտվեց՝ հայտնելով իր նկատառումը: Ըստ Վաչագան Ադունցի՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ խաղահրապարակների ու երեխաների հանգստի համար նախատեսված տարածքներում ավտոտնակների կամ հավելյալ կառույցների համար հողհատկացումներ արվեն:
Այդ բոլորով հանդերձ՝ Գորիս համայնք-Վահե Հակոբյան անսովոր հարաբերությունները չէին կարող անտարբերության արժանանալ ավագանու կողմից:
Ալեկոծված ավագանին շատ հստակ դիրքորոշում արտահայտեց՝ հատուկ ուղերձով դիմել ՀՀ վարչապետին՝ պարզելու՝ արդյո՞ք Սյունիքն ունի մարզպետ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞վ է այդ պարոնը, ինչո՞ւ է օտարվել Գորիս համայնքից: Ուղերձով խնդրվում է Կարեն Կարապետյանին՝ Սյունիքի մարզպետին գոնե մեկ անգամ գործուղել Գորիս՝ հաշվետվություն և բացատրություն տալու համայնքի իշխանության կոլեգիալ մարմնին՝ ավագանուն: Նա պետք է պատասխանի պարզագույն մեկ-երկու հարցի՝ ո՞ր օրենքի հիման վրա և բարոյական ի՞նչ իրավունքով է Գորիս համայնքի ընտրյալ ղեկավարին հրաժարականի պահանջ ներկայացնում, ինչո՞ւ համառորեն Գորիս համայնք չի այցելում (մասնավոր անձանց հետո թաքուն հանդիպումները և ծպտված այցերը՝ չհաշված), ինչո՞ւ է Գորիսի հանրության մեջ խառնակչություն և անհամերշախություն սերմանում, ինչո՞ւ Գորիսի առջև ծառացած բազում հարցերից որևէ մեկի լուծմամբ չի զբաղվում:
Ավագանու անդամների բուռն օվացիայով ընդունված ուղերձով միաժամանակ կոչ է արվում մարզի բոլոր համայնքների ավագանիներին, հանրակրթական դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին՝ հաշվետվության հրավիրելու Սյունիքի մարզպետին. միայն այդպես հնարավոր կլինի կանգնեցնել նրա կամայականությունների շքերթը, քանի դեռ բարձր իշխանությունները քննարկման առարկա չեն դարձրել նրա խեղկատակությունները:
Ավագանին հույս է հայտնել, որ Գորիսում մարզպետի ակնկալվող հաշվետվությանը կմասնակցեն նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, թիվ 12 ընտրատարածքից ԱԺ պատգամավորներ Աշոտ Արսենյանը, Մերուժան Սիմոնյանը և Ավետ Սարգսյանը:
Եթե Վահե Հակոբյանը հրաժարվի Գորիսի ավագանուն հաշվետվություն և բացատրություն տալուց, ապա չի բացառվում, որ ավագանու մեկ այլ ուղերձով նա կհայտարարվի անցանկալի անձ Գորիս համայնքի ամբողջ տարածքում: