Ռիմա տատիկը, տասնյակ մարդկանց պես, տարիներ շարունակ առևտուր էր անում մեր թաղամասի բացօթյա շուկայում: Սակայն նա մշտապես առանձնանում էր բոլորից, ուշադրություն գրավում: Անչափ բարի ու թախծոտ ժպիտով տարեց կինը միշտ սևազգեստ էր, թվում էր՝ միշտ տարված գործով. որդու հետ միասին միրգ-բանջարեղեն ու նաև շատ օգտակար դեղաբույսեր էր վաճառում, և գնորդներին հուշում, թե որն ինչի համար է: Ինձ պես շատերն էին անբացատրելի մի զգացումով ձգտում անպայման առևտուր անել այս կնոջից: Մի օր, երբ Ռիմա տատիկի մոտից միրգ էի գնում, ծանոթներիցս մեկը հանդիպեց ու սկսեցինք խոսել մեր աշխատանքից, իսկ նրա հեռանալուց հետո Ռիմա տատիկն ինձ հարցրեց, թե ճիշտ է արդյոք հասկացել, որ լրագրող եմ: Համոզվելուց հետո նա միանգամից աշխուժացավ ու հարցերի տարափ տեղաց. բալես, դու կիմանաս, դու կարող ես իմանալ, «Արաբո» ջոկատից ինչ լուր կա, իմ որդին էլ նրանց հետ է, գիտեմ, որ կգան, տնից դուրս եմ գալիս, առևտուր եմ անում, որ գա, մինչ տուն հասնելը տեսնեմ…
Ես՝ տարիներ առաջվա սկսնակս, այն ժամանակ դեռ չգիտեի «Արաբո» ջոկատի պատմությունը, խոստացա, որ կփորձեմ եղած տեղեկատվությունը պարզել ու հասցնել որդուն սպասող մորը:
…Մարտից հետո հակառակորդի զինվորներն առաջ են շարժվում ու անտարբեր նայում սպանված զինվորների հիսունից ավելի մարմիններին: Ենթադրվում է, որ լեգենդար «Արաբո» ջոկատի` 1992 թ. հունիսին ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորած ազատամարտիկներն են…
Տեսանյութը տարիներ առաջ համացանցում տարածել էին ադրբեջանցիները, իսկ «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանը հայտարարել էր, որ ճանաչել է 1992-ի հունիսին Արցախի Մարտակերտի շրջանի Հասան Ղայա գյուղի մոտ (գյուղն այժմ չեզոք գոտում է) ընթացած մարտերում ընկած իր ընկերներից շատերին: «Տղաները զոհվել են հերոսի նման, կռվել են մինչև վերջին փամփուշտը: Նրանց վրա հարձակվել են առջևից, աջից ու ձախից: Նրանք կարող էին փախչել կամ անձնատուր լինել, բայց կանգնել են մինչև վերջ ու սպանվել»,- ասել է Եղիազարյանը: Հրամանատարը նաև պատմել է, որ մարտի ավարտից հետո իրենք եղել են վաշտի դիրքերում և խրամատներից մեկում գտել 25-30 մարմին: Մյուս խրամատը չեն հասցրել նայել: Հաջորդ օրն իրենց աչքի առաջ ադրբեջանցիները բուլդոզերով լցրել են խրամատները: Մի քանի ժամ անց իրենց կրկին հաջողվել է մոտենալ խրամատներին և փորել-հանել 8 մարմին, որոնցից երեքը հետո տեղափոխվել են Հայաստան:
Ո՞վ է տեղադրել դրանք ինտերնետում և ի՞նչ նպատակով», տղաների կորստից տասնվեց տարի հետո հայտնված տեսանյութի մասին հարց էր բարձրացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, որը 1990 թվականից զբաղվում է ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով: Ամենակարևոր հարցը, ըստ Ալավերդյանի, տեսաժապավենի իսկությունն է: Նրա կարծիքով` ոչ մի երաշխիք չկա, որ կադրերն իրական են, արդի տեխնոլոգիաները դրանք կեղծելու բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում: «Մանավանդ որ կա Խոջալուի դեպքերի տխուր փորձը, երբ ադրբեջանական կողմը տառացիորեն մեկ օրում փոխարինեց իրական կադրերը մոնտաժվածներով, որոնք մինչև հիմա օգտագործում են որպես հայերի «մեղքի գլխավոր ապացույց»,- ասել էր Ալավերդյանը: Ըստ մասնագետների, հատուկ փորձաքննությունը և հետաքննությունը միայն կարող են տալ շատ հարցերի հավաստի պատասխանը:
Լարիսա Ալավերդյանի կասկածները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ 1992-ի օգոստոսին` ջոկատի անհետ կորչելուց երկու ամիս անց, ադրբեջանական կողմից լուր էր շրջանառվել, որ ջոկատի 17 անդամներ ողջ են և գտնվում են իրենց մոտ:
Ավելորդ է նշել, որ արցախյան հակամարտության ամբողջ ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ մարդասիրական որևէ քայլի շուրջ Ադրբեջանից կառուցողական քայլ տեսնել:
Արցախյան պատերազմի ամենաողբերգական ու հերոսական էջերը հենց 92-ին են բաժին ընկնում, երբ Շուշին ազատագրվեց, բայց և Շահումյանն ընկավ ու բռնազավթվեց Մարտակերտի մեծ մասը…
Պատերազմի շարունակությունն անհայտությունը դարձավ, որ մի օր արդեն կյանքից զրկեց նաև Ռիմա տատիկին: Օրեր շարունակ մյուս որդին մենակ էր գալիս շուկա, վախենում էի ուղիղ հարցնել իրեն: Ռիմա տատիկն էլ չկա, բայց կան մայրեր, որոնք մինչ օրս սպասում ու հավատում են, որ իրենց հերոսները վերադառնալու են։
Սյունե Սևադա