-Զաքար, Ամերիկա էշ կա՞ր։
-Մեկը կար, էն էլ եկավ,- ասել էր Զաքարը անբովանդակ զրույցն ամփոփելու համար:
Զաքարը կարող էր լինել մեր տեսած պապերից մեկը: Պապերի այն տեսակից, որոնք քառասունմեկին պատերազմ էին գնացել, հետ եկել ու վետերան դարձել: Այն պապերից, որոնց վզին պիոներ դառնալու օրը վզկապ էինք կապում, հետո իրենք մեզ պիոներ էին դարձնում՝ մեր բարակ վզերին կապելով նույն վզկապը, զնգզնգոցով մեր դեմքերին մոտեցնելով բաճկոնի մեդալներն ու շքանշանները, ու մենք մոտիկից տեսնում էինք, որ դրանց կարմիր-կապույտ ժապավենները խունացած էին, ծռմռված ու հեչ շքեղ չէին, ինչպես երևում էին նկարներից: Մետաղը մնում է փայլուն, իսկ ժապավենը կտոր է, տարիների հետքը մնում է կտորի վրա: Այդպես հիասթափեցրին նաև Կրեմլի չշենշող գմբեթներն ու ոչ այնքան ալ կարմիրը, երբ դպրոցական ժամանակ դասագրքի օվսեթ տեսակի թղթի վրա արված գունավոր նկարներից հետո տեսա Կրեմլը իրականում:
Զաքարը կարող էր լինել այդ շքեղությունը կորցրած եռանկյուն ժապավենների վրա զնգացող մեդալակիրներից մեկը, որոնք մայիսի իննին մի կերպ բարձրանում էին Հաղթանակի այգի՝ մեր դպրոցական կարեկցող ու հիացող, դեռ ոչինչ չիմացող հայացքների ուղեկցությամբ:
Բայց Զաքարն ուրիշ պապ էր. շշուկով պատմվող կյանքերից էր Զաքարի կյանքը:
1914 թվի պատերազմի ձայնը ֆանտաստիկ ճարպկությամբ հասել էր նաև Ղարաբաղի մուգ կանաչ սարերի մեջ խորը թաքնված իրենց գյուղ: Մոտավորապես այնպես, ինչպես ծովափի ավազի մեջ խրվող մատները, այդ գյուղն էլ, թվում է, կամաց-կամաց ավելի էր մխրճվում մուգ կանաչ սարերի մեջ, այնպես, ինչպես սպիտակ ավազի մեջ խրվելով` ծովի թացությանն են հանդիպում մատներդ, այդպես, թվում է, գյուղն է խրվում մուգ կանաչ սաղարթի հետ թաց հողի մեջ:
Սարաևոյում սպանված էրցհերցոգի առիթով սկսված համաշխարհային կռիվը պիտի հասներ երեք մուգ կանաչ սարերի սաղարթներում համարյա թաղված աննշան գյուղը. Սարաևոն ուր, իրենք ուր: Բայց հասել էր: Պատերազմները, նավթի վրա նետած լուցկու պես գլորվելով, հասնում են ամենահեռավոր ու կորած տեղերը, ամենափոքր խանութները, ուր շաքարավազն ու ռեզինե սապոգներն իրար կողքի են վաճառվում ու տանում խանութպանին, պատերազմները հասնում են ամենախեղճ դպրոցները, ուր երեք դասարան միասին մեկական շարք են զբաղեցնում ու տանում դպրոցի միակ տղամարդ ուսուցչին, հասնում են ամենաազատ դաշտերը, որտեղ, թվում է, կարելի է փախչել ու ազատվել պատերազմի ծանուցագրից, բայց չեն փախչում, այլ կանոնավոր գնում են կորչելու միա´յն քարտեզի վրա, միա´յն մասշտաբով տեսնված աշխարհի անհավանական տեղերում: Պատերազմը նավթի վրա նետած լուցկու նման հասնում է ամենաապահով անկողինները, ու նոր կին դարձած աղջիկների մաքուր անկողիններից հանում են իրենց ձիգ, ամուր, ուժեղ տղամարդկանց ու տանում-կորցնում հազարավոր կիլոմետրերով ձգվող երկաթգծերից այն կողմ՝ անտեր, անլեզու, անիրավունք:
Զաքարը ցարի զինվոր էր դարձել: Շատ էր պատանի, երբ գնացել էր Ֆրանց Ֆերդինանդի վրեժը լուծելու ու իր ազդեցությունն ունենալու առաջին համաշխարհային պատերազմի ելքի վրա:
Առաջին համաշխարհայինը Զաքարի համար երկար չէր տևել: Լուսահոգի էրցհերցոգի սպանվելուց մի քանի ամիս անց հազարավոր կիլոմետրերով ձգվող երկաթգծերից այն կողմ՝ մի անծանոթ ու տիեզերքի պես իրենց տնից հեռու մի տեղ, Զաքարը գերի է ընկել: Լեզու չի իմացել ու ոչ մի բան չի իմացել: Ուղղակի գերի է ընկել:
Պատերազմից հետո բոլորը կամ մեռել, կամ տուն են եկել: Զաքարը չի մեռել ու տուն էլ չի եկել:
Մուգ կանաչ սարերի մեջ թաղված գյուղը Զաքարի կորչելուց հետո բոլշևիկյան կարմիր է քաշել վրան, շատ այլանդակ բաներ է տեսել, հետո՝ քսանյոթ տարի անց, նորից կռիվ է սկսվել, այս անգամ՝ առանց էրցհերցոգի սպանության, բայց էլի համաշխարհային ու ուժեղ կռիվ: Կռիվն ավարտվել է: Սարերի խիտ սաղարթների մեջ խրված գյուղում Զաքարին մոռացել են ամուր մոռացությամբ:
Քառասունյոթ թվի հայրենադարձության ալիքի մեջ Զաքարը …. տուն է եկել:
Ամերիկահայ Զաքարը տուն է հասել՝ հետը բերելով ամերիկյան մեքենա, և մի մեծ բեռնատար` լի ամերիկյան ապրանքով: Աչալուրջ հայրենիքը բռնագրավել է ապրանքը: Մուգ սարերի մեջ խրված ապահով գյուղի իր մի խորշ հարազատ տնից հանեցին, հասցրին աշխարհի չավարտվող պատերազմները ու հետո պարզվեց, որ անվերջ թվացող պատերազմը ընդամենը մի քանի տարի էր տևելու ու կարելի էր ողջ մնալ, նույնիսկ՝ առողջ: Պատերազմներիի սկզբում պատերազմն անվերջ է թվում, սարսափը նաև անվերջության մեջ է: Ու վերջում պարզվում է, որ բոլոր պատերազմները հստակ տևողություն ունեն՝ մի քանի տարի, մի քանի ամիս, մի քանի շաբաթ, մի քանի օր, այդ ամբողջ ընթացքը նույնիսկ կարելի է վերածել ժամերի ու րոպեների … ու վերջ: Ու պետք է ողջ մնալ, ու պարզվում է՝ կարելի է ողջ մնալ ու նույնիսկ՝ առողջ:
Կրակի ու ռումբի արանքում անլեզու ու մոլորված տղային ծանոթ զինվորներից պատերազմը կտրում, գցում է թշնամու կողմը, գերի դարձնում, իսկ հետո, ոչ ոքի ոչինչ չի պատմում Զաքարը, ուղղակի երեսուներեք տարի անց ամերիկահայ Զաքարը, տուն է գալիս՝ առոք, փառոք, միամիտ, անկարելի միամիտ:
Հարևան գյուղի իր հասակակից տղային, որի հետ գյուղի դպրոց են ավարտել ու, որը Զաքարի հայրենադարձության պահին արդեն Նյու Յորքում բարձրաստիճան հոգևորական էր, Զաքարն ասում է. «Տուն եմ գնում, չես գալի՞ս, արի գնանք»: Հոգևորական ընկերն ասում է. «Ես՝ չէ, ինձ չի կարելի, ինձ կբռնեն»: Ու Զաքարը Ամերիկայից հասնում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մուգ կանաչ սարերի մեջ ամեն օր ավելի մխրճվող իրենց գյուղը:
Սիբիրի անարատ ձյունը Զաքարին ընդունեց վերադարձից շատ քիչ անց: Ամերիկայից բերված մեքենան հայրենիքը փութկոտ ու ջանասիրաբար բռնագրավեց: Զաքարին տարան Սիբիր: Սիբիրից հետո՝ արդեն Վիսարիոնովիչի մեռնելուց հետո, Զաքարը սպիտակ պարուսինե կոստյումով ու ձեռնափայտով շրջում էր գյուղում՝ աշխարհ ճանաչած ու բան չհասկացած մարդու իմաստնությամբ:
– Ամերիկա էշ կա՞, Զաքար:
– Մեկը կար, էն էլ եկավ …
Զաքարի շիրմաքարն արդեն մամռոտում էր, երբ գյուղի ծեր փոստատարը տարօրինակ տեսքի նամակը հանձնեց Զաքարի աղջկան: Տեքստը վերծանելու համար հասան շրջկենտրոն:
«Մյասաբդ ճաքե, Զաքար», – ասել էր տարեկից մեկը, երբ նամակի բովանդակությունը հասցրել էին նրա ծանր լսող ականջին: Իսկ բովանդակությունը հետևյալն էր. Ամերիկայում իրեն պատկանող տան տարածքում նավթ է հայտնաբերվել, ու ամերիկյան պետությունը պարտավորված է տեղեկացնելու, որ այսինչյան Զաքարը մոսկովյան բանկում կարող է ստանալ ամերիկյան պետության փոխանցած իրեն հասանելիք գումարը :
Զաքարի աղջիկը, հարևաններից պարտք անելով, հասնում է հայրենիքի մայրաքաղաք «Մասկվա»:
Միգուցե իրեն էլ էր զարմացրել Կրեմլի ոչ այնքան ալ կարմիր լինելն ու գմբեթների գույները շլացուցիչ չեն թվացել, բայց դրանից բացի` Զաքարի աղջկան ցույց են տվել եռամատ հանգույց ու ճամփել տուն:
Ամերիկա, Ամերիկա …
Ամերիկամետ չէր Զաքարը, ոչ էլ՝ ռուսամետ, պացիֆիստ չէր Զաքարը ու միլիտարիստ չէր… Զաքարը տուն էր ուզել …
«Մյասաբդ ճաքե, Զաքար»,- ասում է Զաքարի ծեր հարևանը, որի ոչ բառացի, բովանդակային թարգմանությունը մոտավորապես սա է. «Տունդ շինվի, Զաքար…»։