Նորվեգացի ճանաչված ռեժիսոր Էրիկ Պոպեն գեղարվեստական ֆիլմ է նկարահանելու այն ահաբեկչական գործողությունների մասին, որոնք Անդերս Բրեյվիկի կողմից իրականացվել են 2011 թվականի հուլիսի 22-ին:
Նորվեգիայի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում կինեմատոգրաֆիստը պատմել է, որ արդեն երկու տարի է նվիրել նյութեր հավաքելուն և ողբերգական իրադարձությունների ականատեսների հետ զրույցներին, և շուտով ձեռնամուխ կլինի դերասանների ընտրությանը:
Պոպեի վերջին կինոնկարը եղել է «Արքայի ընտրությունը» պատերազմական դրաման (2016 թ.), որն «Օսկար» մրցանակի էր առաջադրվել «օտար լեզվով լավագույն ֆիլմ» կատեգորիայում, բայց չանցավ մրցանակի շորթ-թերթիկ: Ռեժիսորի խոսքով՝ ինքը հասկանում է, որ այժմ ձեռնամուխ է լինում բազմաթիվ մարդկանց համար խիստ ցավոտ թեմայի, սակայն կարծում է, որ Նորվեգիայի ազգային ողբերգության մասին ֆիլմ նկարահանելն անհրաժեշտ է:
Պոպեի կարծիքով՝ գեղարվեստական մոտեցումը թույլ կտա ե՛ւ ավելի հուզականորեն, ե՛ւ ավելի հավաստի պատմել ահաբեկչական գործողությունների մասին, քան ցանկացած վավերագրական ժապավենում: Ռեժիսորը մտադիր է Ուտյոյա կղզում տեղի ունեցած իրադարձությունները ներկայացնել այնտեղ գտնված դեռահաս աղջկա անունից: Պոպեի մտահղացմամբ՝ ֆիլմի 72 րոպեները՝ այն րոպեների թվով, որոնց ընթացքում Բրեյվիկն Ուտյոյեում է գտնվել նախքան ոստիկանության կողմից բռնվելը, կնվիրվեն կղզում տեղի ունեցած իրադարձություններին, իսկ առաջին 12-ը՝ Օսլոյի կառավարական թաղամասում իրականացված պայթյուններին: 2011 թվականի հուլիսի 22-ին աջ արմատական գաղափարախոսության հետևորդ Անդերս Բրեյվիկը գործի դրեց հզոր պայթուցիկ սարք, որը տեղադրել էր Օսլոյի կենտրոնում գտնվող կառավարական շենքերից մեկի մերձակայքում, ինչի արդյունքում ութ մարդ զոհվեց և մի քանի հարյուրը վերքեր ստացան: Նույն օրը նա կոտորած սարքեց Ուտյոյեում՝ սպանելով 69 և վիրավորելով 66 մարդու:
Հիմնականում նրանք դեռահասներ էին՝ Աշխատավորական կուսակցության երիտասարդական թևի ամենամյա հավաքի մասնակիցներ, կուսակցություն, որի վարած քաղաքականության մեջ էր Բրեյվիկը տեսնում Նորվեգիայի խնդիրներից շատերը: Դրանցից մեկը նա համարում էր միգրանտների ճնշիչ ազդեցությունը:
Ներկայում ահաբեկիչը 21-ամյա բանտային կալանք է կրում: