hraparak.am-ը գրում է. «Ամառային սեզոնի մեկնարկը տրված է: Մեզանից գրեթե յուրաքանչյուրը մտածում է հանգստի մեկնելու մասին, միայն թե՝ ո՞ւր մեկնել․ այս է խնդիրը: Ամառային հանգստի լավագույն ձևերից է լողափնյա հանգիստը, սակայն այս հարցում մեր՝ հայերիս բախտն առանձնապես չի բերել։ Անգամ մեկ օրով Սևան մեկնելը, կապուտակ ափին պառկելն ու սնվելը կարող է շատ թանկ արժենալ՝ հաշվի առնելով, որ լողափերի մեծ մասը վճարովի է, իսկ 8 հանրային լողափերից միայն 3 են գործում: Իսկ Սևանում առկա հանգստյան տներում և հյուրանոցներում մեկ անձի համար գործող օրավարձը միջինը կազմում է 15-20 հազար դրամ, որի մեջ կարող է ներառված լինել նախաճաշ կամ ներառված չլինել։
Հայաստանի պայմաններում շատերի համար անգամ 50 հազար դրամով հանգստանալն է թանկ հաճույք, իսկ մեկօրյա քիչ թե շատ արժանավայել հանգստի համար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է իր մեկ ամսվա աշխատավարձը ծախսի:
Եվ եթե նվազագույն աշխատավարձին համարժեք եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին տարվա մեջ թեկուզ 12 օրով իր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, ապա նա իր մեկ տարվա ամբողջ աշխատավարձը պետք է տրամադրի:
Ինչ արժե հանգիստը Սևանում
Ծանոթացանք մի քանի հյուրանոցների գներին՝ հասկանալու համար, թե մեկ անձի համար 1 օրվա հանգիստն ի՞նչ արժե: Սևանում մեկ անձը յոթ օր հանգստանալու համար պետք է վճարի միջինը 150 հազար դրամ, և սա առանց սննդի և ճանապարհածախսի։
Իհարկե, Սևանում կան ավելի մատչելի վայրեր՝ քոթեջներ, տներ, որտեղ համեմատաբար մատչելի գներ են, սակայն այստեղ էլ սեզոնի թեժ շրջանում գները մխիթարիչ չեն՝ սկսվում են մեկ անձի համար 30 հազար դրամ օրավարձով։
Օրինակ՝ Սևան ավտոմայրուղու վրա գտնվող «Օրսետո» կոչվող հանգստյան տան քոթեջներում, որտեղ կարող է տեղավորվել մեկ ընտանիք, մեկ օրվա արժեքը կազմում է 30 հազար դրամ՝ առանց սնունդի: Իսկ եթե հանգստացող ընտանիքը հինգ օր կամ ավելի է մնում, ապա նախաճաշը մտնում է այդ գնի մեջ: Լյուքս սենյակները 1 օրվա համար 80 հազար դրամ է:
Սևանի ափին գտնվող հայտնի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում մեկ անձի համար մեկ գիշերն արժե 35 հազար դրամ: Ընդ որում՝ այս գնով սենյակի պատուհանից Սևանը չի երևում: 35 հազար դրամ արժողությամբ համարում հանգստացող հյուրերը կարող են «զմայլվել» միայն ավտոմայրուղիով: Իսկ այն համարները, որոնց պատուհաններից երևում է լիճը, մեկ կամ երկու անձի համար արժեն 45 և 55 հազար դրամ:
«Լավանդա Սիթի» հանգստի գոտու հարևանությամբ գտնվող «Լաքշրի ռեստ» հյուրանոցն այս տարի կգործի հուլիսի 15-ից, թե ինչո՞ւ այդքան ուշ, հյուրանոցի աշխատակիցը չպատասխանեց»:
Թերակղզու հարևանությամբ գործող «Բեստ վեստերն Բոհեմիան ռեսորթ» հյուրանոցային համալիրը Սևանում ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է, որտեղ վերջերս 1 օր հանգիստն անցկացրել է վարչապետ Կարեն Կարապետյան: Այստեղ գները սկսվում են 40 հազար դրամից մինչև 200 հազար դրամ:
Ի դեպ, նշենք, որ Սևանա լճի ափի համարյա բոլոր հատվածներում կառուցված են հանգստյան գոտիներ, հյուրանոցներ և ժամանցի կենտրոններից շատերը ապամոնտաժվեցին և ջրի տակ մնացին` լճի մակարդակի բարձրացման պատճառով: Շատերն իրենց հանգիստ անցկացնում են հանրային լողափերում Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Սևանի հանրային լողափերի պաշտոնական և հանդիսավոր բացումը: Հանրային լողափերի թիվը կավելան 2-ով՝ Մարտունիում և Ծովագյուղի տարածքում ևս կբացվեն հանրային լողափեր:
Շատերն իրենց հանգիստը թեկուզ մի քանի ժամով նախընտրում են անցկացնել հանրային լողափերում, քանի որ անվճար է. «Այդքան գումար չունենք, որ գնանք հյուրանոց հանգստանալու, մի քանի ժամով հանգստանում ենք ծովի ափին, լողանում ենք ու տուն գնում: Մարդիկ շատ են, կարելի է նստարաններ ավելացնել, մի փոքր էլ տարածքը բարեկարգել, որ ավելի գեղեցիկ տեսք ունենա: Սա իսկը մեր ժողովրդի համար ա, թե չէ ինչ է, ողջ Սևան առել են, գները թանկ, չունևոր մարդու համար էս լողափն էլ լավ ա», -ասաց զրուցակիցս: