«Էկոտուրիզմի փառատոն- 2017»-ն այս տարի կանցկացվի Վայոց ձորի Արտավան գյուղում հուլիսի 8-9-ը: Փառատոնի նպատակն է նպաստել էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև դրա միջոցով հրավիրել պետական մարմինների և մասնավոր հատվածի ուշադրությունը Արտավանի խնդիրների վրա, օգտագործել գյուղի ներուժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 4-ին կայացած ասուլիսում այս մասին խոսեցին փառատոնի կազմակերպիչներ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
«Գյուղացու համար իր խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և դրանց լուծում տալու հնարավորություն կստեղծվի: Այս տարվա փառատոնը նախորդ տարիներից տարբերվում է նրանով, որ ստացել ենք նաև պետական աջակցություն: Փառատոնային միջոցառումները կանցկացվեն անգլերեն, հայերեն և ռուսերեն: Եռալեզու լինելու հիմնական իմաստը այն զբոսաշրջիկներին ավելի հասանելի դարձնելն է»,-ասաց «Երիտասարդկենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը:
Նրա խոսքով՝ մարզպետարանն այժմ աջակցում է դեպի Արտավան տանող ճանապարհների փոսալցման աշխատանքների իրականացմանը, իսկ պետական դրամաշնորհային ծրագրով ապահովվում են «Գանձերի որոնում» խաղի կազմակերպումը, մասնակիցների տեղափոխումը:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ կոմիտեն սատարում է այս նախաձեռնությանը, քանի որ այն ուղղված է ոչ միայն էկոզբոսաշրջության զարգացմանը, այլ նաև նպաստում է պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծմանը: «Փառատոնը կնպաստի էկոզբոսաշրջային ռեսուրսների բացահայտմանը Վայոց ձորում: Այն կարող է լուծել մի շարք խնդիրներ. այդ համայնքներում կզարգանա զբոսաշրջությունը, դրա միջոցով կբացահայտվի նաև հյուրընկալած, նաև շրջապատող համայնքների տնտեսական ողջ պոտենցիալը: Փառատոնը կներկայացվի թե ներքին, թե միջազգային շուկաներում: Կնպաստի նաև զբոսաշրջության ապակենտրոնացմանը դեպի հանրապետության մարզեր և հանրապետության համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, տեղական ավանդույթների պահպանմանը և խթանմանը միջազգային շուկայում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանի խոսքով՝ լինելու են տաղավարներ, որտեղ այդ և հարակից համայնքների բնակիչները ներկայացնելու են իրենց ձեռքով աճեցված, պատրաստված գյուղական սնունդը: Բավարարվելու են ինչպես մսակերների, այնպես էլ բուսակերների պահանջները:
Փառատոնին նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ՝ էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, քայլարշավներ էկոերթուղիներով, բուսաբանական արշավ, թիթեռադիտում, ձիարշավ, երեկոյան աստղադիտում, «Գանձերի որոնում» խաղ՝ նախատեսված 5- հոգիանոց առնվազն 10 թիմի համար և այլն:
Փառատոնը կազմակերպվում է «Ռաֆորդ» հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում: