Միջին խավը Հայաստանում հասարակության հիմնասյունն է: Հենց նրանց վճարած հարկերով են գոյանում աղքատներին վճարվող նպաստներն ու թոշակները: Մյուս կողմից արտագաղթողների մեջ էլ փոքրքթիվ չեն միջին խավի ներկայացուցիչները: «Ճամփորդի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, դոցենտ Յուլիանա Մելքումյանը:
Համախառն ազգային երջանկություն
Տեսականորեն կա միջին խավի երկու մոտեցում: Մեկը նորմատիվ մոտեցումն է, որը տալիս է հստակ չափանիշներ` ինչպիսին պետք է լինի միջին խավը: Ըստ այդմ էլ համեմատում ենք հասարակությունները, հասկանում ենք` որտեղ կա միջին խավ, իսկ որտեղ չկա: Մյուսը հարաբերական մոտեցումն է: Յուրաքանչյուր հասարակության մեջ կա միջին խավ, և միջին խավն ընդհնարապես ուրույն է: Ինքս ավելի հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետև հասարակությունները շատ տարբեր են: Երկար ժամանակ համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հիմնական չափորոշիչը բարեկեցությունն է: Մինդեռ, օրինակ, Բութանում 70-ականներին մեկնարկած հասարակական շարժումն առաջարկում էր փոխել բարեկեցության չափումները՝ երջանկության չափումներով: Այնտեղ նույնիսկ նոր չափաձև կա` համախառն ազգային երջանկություն(ՀԱԵ): Այստեղ կա բառախաղ` ՀՆԱ-ի(համախառն ներքին արդյունք) հետ կապված: Իհարկե` կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքի ու զբաղվածության առկայությունը, ընտանեկան որոշակի չափանիշները մարդուն դարձնում են միջին խավ: Նաև կարևոր է մարդու տարիքն ու եկամուտը: Սակայն կառաջարկեմ շատ չկառչել եկամտից, որովհետև եկամուտը փոփոխական է:
Միջին խավ կա
2013-ին ակտիվորեն ասում էին, որ Հայաստանում միջին խավ չկա: Այնինչ, միջին խավ կար, և պետք էր նկարագրել այն: Միջին խավ այժմ էլ կա, սակայն բովանդակային առումով պարզաբանման կարիք կա: Մենք մի քիչ պարադոքսալ իրավիճակում ենք և ինքնախաբեությամբ ենք զբաղվում: Ասում ենք` միջին խավ չկա, շատ լավ տեսնելով, որ կան միջին խավի ներկայացուցիչներ, որոնցով հիմանակում ապրում է քաղաքը: Ասում ենք, որ մարդիկ արտագաղթում են, քանի որ ապրելու միջոց չունեն, սակայն արտագաղթում է հենց միջին խավը, որը հնարավորություն ունի արտագաղթելու: Աղքատ խավը գլխավորապես չի արտագաղթում, քանի որ նման հնարավորություն չունի, նման եկամուտ կամ կրթական մակարդակ չունի: Ընդ որում, եթե նայենք հասարակության, պետության ներսից, այնքան էլ վտանգավոր չէ աղքատ խավի արտագաղթը: Եթե արտագաղթում է աղքատ շերտը, կոպիտ ասած` պետությունը ազատվում է ինչ-որ «բեռից», եթե արտագաղթում է միջին խավը, հասարակությունը զրկվում է կառուցողական կորիզից: Առանց միջին խավի չի կարող ո՛չ աղքատը (որովհետև միջին խավն է վճարում հարկեր, որովհետև բարեկեցության նվազագույն մակարդակ է ապահովում նպաստների, թոշակների տեսքով), ո՛չ էլ հարուստը, քանի որ կզրկվի իր աշխատուժից:
Հաց և զվարճանք
Միջին խավը որոշակի բովանդակային չափանիշներ դեռևս չի ստանում: Չի ստանում ապրելակերպ, որ հատուկ է այդ խավին, չի ստանում մշակութային, արժեքային բովանդակություն, որը կպահեր միջին խավին այստեղ: Մենք անընդհատ ուսումնասիրում ենք աղքատությունը: Մտածում ենք ինչպես նվազեցնել աղքատության մակարդակը: Իկարկե, դա կարևոր է, չեմ կարող վիճել որպես սոցիոլոգ, բայց այնուամենայնիվ միջին խավը, որն ավելի մեծ է, քան աղքատ խավը, ուշադրության կարիք ունի: Ընդ որում այդ ուշադրությունը թանկ չէ: Աղքատի դեպքում ուշադրությունը թանկ է, քանի որ ֆինանսական է, միջին խավի դեպքում կարիք կա մշակութային ուշադրության, արժեհամակարգ ստեղծելու, արժեքները շեշտադրելու, ինչին ուղղված միջոցառումները շատ քիչ են: Իհարկե, Հայաստանում ժամանակ առ ժամանակ լինում են մշակութային հրաշալի միջոցառումներ, որոնց շատ քիչ մարդ է ներկա լինում, սակայն պետք չէ մոռանալ, որ մեզ մոտ կա նաև այսպես կոչված` «Պռոշյանի մշակույթը»` խորոված (համեմված երաժշտությամբ), որը պահանջված է և սպառվում է: Իհարկե այն մշակույթ չէ, բայց այն կա և սպառվում է հիմնականում միջին խավի կողմից: Ունենք նաև գյուղական միջին խավ, որը նույնպես շատ կարևոր է: Եթե նայենք աղքատության մակարդակով, ապա Երևանում և գյուղերում գրեթե հավասար ցուցանիշ է, իսկ մյուս քաղաքներում ավելի բարձր է աղքատությունը: Հենց գյուղերն ու Երևանն են ապրում: Սակայն գյուղական միջին խավը, որը ամենազբաղվածն է, հիմնականում մշակութային «սնունդ» ստանալու տարբերակներ չունի:
Բաց հասարակություն
Աղքատներն ունեն միջին կամ հարուստ խավ դառնալու հավակնություն: Նման հնարավորություն նրանց տալիս է կրթությունը: Հասարակությունը սկսվում է շերտավորումից, որտեղ կա ստորին խավ, միջին խավ, հարուստ խավ: Հասարակությունը կոչվում է փակ, եթե մարդկանց շարժունակությունը մի խավից մյուսը փակ է: Օրինակ` կաստային հասարակությունը Հնդկաստանում, դա փակ հասարակության լավագույն օրինակներից է: Մեր հասարակությունը շատ բաց է, թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ մեզ մոտ շերտավորման կարևորագույն հիմքը կրթությունն է, որն էլ տալիս է շարժունակությունը»:
Զրույցը գրի առավ՝ Գարեգին Ալեքսանյանը