Արմավիրի մարզի Արևիկ գյուղի տնտեսվարողները, չկարողանալով իրացնել իրենց վարունգը, այն լցրել են աղբանոցը: Գյուղացիների խոսքով՝ իրենք «Նազրվան» տեսակի վարունգը չեն կարողացել վաճառել անգամ 20 դրամով, չնայած, որ խանութներում և սուպերմարկետներում այն վաճառվում է նվազագույնը 200-250 դրամով՝ տասնապատիկ ավելի:
«Տանում ենք շուկա, առնողը գալիս է, ասում՝ 20 դրամով կտա՞ս, տալիս ենք, գնում պտտվում գալիս է՝ 10 դրամով կտա՞ս: Մարդիկ էլ ջղայնանում են, մտածում են՝ ավելի լավ է բերեմ գցեմ զիբիլը, քան 10 դրամով վաճառեմ: 10 դրամով կարելի՞ է, արժե՞»,- նշեց Արևիկ գյուղի բնակիչ Շիրին Ալոյանը՝ հավելելով, որ վարունգն առնվազն 70-80 դրամով պետք է վաճառվի, որ գյուղացին օգուտ ունենա:
Նա հայտնեց, որ գյուղացիները մեկ անգամ շուկայում փորձել են վաճառել վարունգը, բայց գնորդ չկա։ «Եթե ծախվեր ինչի համար են աղբանոց բերելու»,- ասաց նա: Ըստ նրա՝ միայն վարունգի դեպքում չէ, որ սպառում չկա: Շատ տեսակի արտադրանքներ՝ սմբուկը, դդմիկը, կարտոֆիլը, չվաճառվելուց հետո նույնպես հայտնվում են աղբանոցում: Ալոյանը նշում է, որ այսպիսի դեպքերը ամեն տարի կրկնվում են, բայց խնդրին լուծում չի տրվում:
«Գյուղացին տանջվում է, բերքը բերում է հասցնում իր նպատակին, վերջում այսպես է լինում: Արդյունք չկա, գյուղացու աշխատածի արդյունքը գտնվում է այս աղբանոցում: Մարդիկ ահագին ծախսեր են արել, գնացել են պարտքով 200-300 հազար դրամի ցելոֆան են բերել, որ բերքը հասցնեն նպատակին, բայց վերջը սենց է լինում: Մարդն ինչքա՞ն աշխատի, որ տանի պարտքերը տանի փակի»,- նշեց Շիրին Ալոյանը:
Ամբողջությամբ՝ tert.am