Ստամբուլում բնակվող հայ երիտասարդի կյանքի մասին պատմող «Մուրատ» կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: Ֆիլմը ստեղծել են երիտասարդ ու խոստումնալից ռեժիսորներ Մարինե և Սոնա Քոչարյանները: Հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նրանք խոսեցին իրենց հերոսի ու ֆիլմի ստեղծման գաղափարի մասին:
«Մեր հերոսը Մուրատն է, երիտասարդ տղա, որն ապրում է Ստամբուլում: Նրա միջոցով մենք տեսնում ենք Ստամբուլը, որն այնքան էլ չի համապատասխանում մեր նախնական պատկերացումներին: Ֆիլմը մեզ համար հետաքրքիր ճանապարհորդություն էր, որի ընթացքում բազմաթիվ բացահայտումներ արեցինք: Մենք տեսնում ենք, թե ի՞նչ երազանքներ, ցանկություններ ունեն բնակիչներն ու Մուրատը»,-«Արմենպրես»–ի հաղորդմամբ` նշեց Մարինե Քոչարյանը:
Սոնա Քոչարյանի խոսքով` ինքը և Մարինեն շատ հեշտ են համագործակցում ու չեն պատկերացնում աշխատանքն առանձին:
Կինոնկարը պատմում է հայ երիտասարդի ինքնության որոնման մասին: Երիտասարդի, ով ապրում է Ստամբուլի մի անկյունում: Քաղաքը որպես մշակութային խառնարան մշտապես սնում է Մուրատի կյանքը, իսկ նրա առօրյան երանգավորում են մարդիկ`նույնքան բազմազան, որքան քաղաքը, նաև թուրքական սուրճն ու թեյը, ձուկն ու ռաքին, քաղաքի եռուզեռն ու շոգենավի խաղաղ ընթացքը: Ստամբուլը Մուրատի համար պարզապես բնակության վայր չէ, այլ հայրենիք: Ինչպե՞ս են իրար վրա փոխազդում մարդն ու հասարակությունը, հիշողությունն ու ներկան, ազգայինն ու համամարդկայինը:
«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։
«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը: