Ճոճկանում փորձում են կիվի աճեցնել. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ճոճկանում փորձում են կիվի աճեցնել. hetq.am

Ճոճկանցի 57-ամյա Վաչագան Վահրամյանը տան բակում կիվի է աճեցնում։ Գյուղացիների շրջանում առավել հայտնի Վաչոն կիվիի վազերը տնկել է երեք տարի առաջ։ Նախորդող երկու տարիների ընթացքում կարկուտն ամբողջովին վնասել է կիվիի թփերը։ Առաջին տարին է, որ Վաչոն ստանալու է իր տնկած կիվիի առաջին պտուղները։

Վաչոն թփերը ձեռք է բերել Այրումից։ Սկզբում մտածել է, որ չի կարողանա դրանք մշակել։ Որոշել է` որպես բազմամյա գյուղատնտես` իր իմացածով ու փորձով աճեցնել։

Կիվին մշակել է խաղողի պես, սակայն որևէ պատվաստում չի արել. «Կիվիի աճեցումից բան չգիտեի։ Բերել եմ, միանգամից, իմ մտածելով արել եմ»։

Արդեն մշակման ժամանակ նկատել է, որ կիվին շատ է սիրում ջուր, պիտի անընդհատ ջրի, մեկ էլ՝ ամեն գարուն էտի։

Այս գարուն կիվիի ունեցած մյուս երկու թփերը ևս ծաղկել են, սակայն միայն մեկ թուփ է բերք տվել:  Մնացածների ծաղիկները վնասվել ու թափվել են:

Ճոճկանում կան գյուղացիներ, ովքեր ևս տնկել են կիվիի թփեր։ Նրանց հետ զրույցից պարզվեց, որ գարնանը թփերը ծաղկել են, բայց ծաղիկներն էլի վնասվել ու թափվել են։ Կիվի աճեցնող այդ գյուղացիների հետ Վաչոն քննարկել է կիվիի աճեցման տեխնոլոգիան։ Համագյուղացիները ևս նույն կարծիքին են եղել՝ խաղողի վազի պես պիտի աճեցնեն։ Ճոճկանցիներն այդպես էլ մշակել են համայնքի համար նորություն դարձած կիվին։

«Եթե հնարավորություն ըլնի, մի քանի տարի տեսնեմ, որ նորմալ ա, խաղողի վազերը կտրելու եմ, ամբողջ էդ տարածքը կիվի կթողամ, կմեծանա էլի։ Դե խաղողը մեր մոտ միշտ էլ կա ու կա»,- ասում է Վաչոն։

Ընտանիքի անդամներն ու հարազատները թերահավատորեն են մոտեցել Վաչոյի «բռնած գործին». «Էդ էլ պրինցիպ էր»,-ծիծաղելով ասում է նա։

Վաչոն ներքուստ վստահ է եղել, որ մի տարի տեսնելու է աճեցրած կիվիի պտուղները։ Համագյուղացիներն էլ ամեն տարի հետաքրքրվել են, թե այդ տարի համտեսելու են Վաչոյի տնկած կիվիի պտուղները։ Այս տարի, երբ տեսել են փոքր պտուղները, սպասում են կիվիի հյուրասիրությանը, բայց Վաչոն դրանք պահել է որդու համար. «Հարևաններն ասում են՝ մեզի չե՞ս տալու։ Ասում եմ՝ առաջ իմ տղեն, հետո՝ դուք»,- պատմում է նա։

Վաչոյի որդին Ռուսաստանի Դաշնությունում է։ Աշնանը, երբ կիվին արդեն հասած ու մեծ կլինի, առաջինը կպոկի Հայաստան եկած որդու համար։ Հիմա կիվիները դեռ փոքր են և խակ։

Գյուղացիները, տեսնելով Վաչոյի բակի կիվիի առաջին բերքը, ոգևորվել են ու ուզում են այս տարի իրենք էլ կիվիի թփեր տնկել։ Վաչոյից արդեն խորհուրդներ, մշակման ձևերն են հետաքրքրվում:  Որոշել են իրենք էլ բակում տնկած խաղողի վազերը փոխարինել կիվիի թփերով:

Վաչոն այս տարի նաև տնկած մանդարինի առաջին պտուղն է համտեսելու։ Ճյուղի վրա արդեն մանդարինի չհասունացած պտուղներն են։

Վաչոն գյուղատնտեսությամբ սկսել է զբաղվել 1991 թվականից։ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ համայնքային հողերը բաժանվել են գյուղացիներին, սկսել է մշակել այգիներ։ Հիմա արդեն ունի 24 տեսակի պտղատու ծառ։

hetq.am