«Հետք»-ին է դիմել մեր ընթերցողներից Արեն Բաբայանը, ով օգտվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության շարժական ինտերնետ կապից: Արենը ինտերնետ ծառայության համար ընկերությանն ամսական վճարում է 5500 դրամ: Ասում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ կնքած պայմանագրով` ինտերնետ կապի նախնական արագությունը եղել է 1 Մբայթ/վայրկյան: Վերջերս, սակայն, նկատել է, որ ինտերնետի արագությունը նվազել է, զանգել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ու պարզել, որ արդեն օգտվում է մոտ տասը անգամ դանդաղ` 128 Կբայթ/վայրկյան ինտերնետից:
Արենն ասում է՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ըստ պայմանագրի, ինտերնետ կապի արագությունը փոփոխելու իրավունք ուներ, սակայն, որպես յոթ տարվա բաժանորդ, չէր սպասում, որ ընկերությունն իր և նույն կապից օգտվող հազարավոր բաժանորդների հետ երբևէ այսկերպ կվարվի: Շեշտում է` սա «մտածված թալան է», և եթե նույնիսկ ընկերությունը իրավունք ուներ փոխել ինտերնետի նախապես սահմանված արագությունը, ապա դա պետք է լիներ «խելամիտ փոփոխություն»:
Արենը զանգում էր Լոռու մարզի Հագվի գյուղից: Նա այնտեղ է մի քանի օրով, իսկ հիմնականում բնակվում է Վանաձորում: Ասում է, որ ինտերնետ մատակարարների «թալանի զոհը» հատկապես գյուղական համայնքների բնակիչներն են: Թեև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կատարած փոփոխությունն այժմ վերաբերում է նաև քաղաքի բնակիչներին, սակայն նրանք ինչ-որ չափով այլընտրանք ունեն, կարող են փոխել ինտերնետ մատակարարին, նոր ծառայություն ընտրել:
«ՎիվաՍԵԼ-ՄՏՍ»-ի այլընտրանքը Հագվիում, ըստ Արենի, «UCOM»-ի` ամսական 25 հազար դրամ արժողությամբ, 2 Մբայթ/վայրկյան արագությամբ WiFi-ն է, որը գյուղացիների համար շատ թանկ կապ է, կամ էլ «Beeline» ընկերության` որակով և գնով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տրամադրածից շատ չտարբերվող ինտերնետ կապը: Այս անմրցակից պայմաններում է «ՎիվաՍԵԼ-ՄՏՍ»-ը որոշել նույն գնի դիմաց գրեթե 10 անգամ թույլ կապ տրամադրել: Զրույցի ժամանակ Արենն ասաց, որ այդ պահին «ՎիվաՍել»-ի ինտերնետով ոչինչ չի լինում անել, ոչ մի կայք հնարավոր չէ բացել:
Հասկանալու համար, թե ինչ բացատրություն է տալիս հենց ինտերնետ մատակարարը, Արենին խնդրեցինք զանգահարել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն և իր ինտերնետ կապին առնչվող հարցերն ուղղել անմիջապես աշխատակցին` ձայնագրության թույլտվությամբ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցը համաձայնում է, որ զրույցը ձայնագրվի, ինչից հետո Արենը նրան ուղղում է հարցերը: Ներկայացնում ենք ձայնագրված զրույցի մի հատվածը` կրկնվող հատվածների խմբագրությամբ (զրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ձայնային տարբերակով):
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցը զրույցի ժամանակ հաստատում է, որ 5500 դրամ սակագնով, որոշակի գերարագ կապով, ապա կայուն 1Մբայթ/վայրկյան արագությամբ ինտերնետի արագությունը նվազել է մոտ տասն անգամ` դառնալով 128 Կբայթ/վայրկյան: Հաստատում է նաև, որ փոփոխության մասին մարդկանց ինֆորմացվել է միայն վեբկայքի միջոցով, չեն եղել գովազդային վահանակներ, TV կամ SMS ծանուցումներ: Օպերատորը տեղեկացնում է, որ կապի արագության նվազեցումը կապված է «3G» ցանցի ծանրաբեռնվածության հետ: Ի պատասխան այն հարցին, թե ինչու այդ մասին բաժանորդները պատշաճ չեն տեղեկացվել, լռում է: Թե ինչու ավելի շատ հաճախորդներ ձեռք բերելու և ցանցի ծանրաբեռնմանը զուգահեռ համապատասխան չափով նաև չի իջեցվել վարձավճարը, աշխատակիցը դարձյալ պատասխան չունի:
Ամբողջությամբ՝ hetq.am