«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
– Պարո´ն Բաբայան, վերջերս հրապարակվեցին մի խումբ պաշտոնյաների անուններ, որոնց որդիները խուսափել են բանակում ծառայությունից: Այդ պաշտոնյաները տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել` մեկի որդին ալերգիայով է տառապում, մյուսինն ընդունվել է ասպիրանտուրա և այլն: Դո՞ւք ինչպես եք գնահատում այդ փաստը, որ բազմաթիվ պաշտոնյաների որդիներ չեն ծառայում բանակում:
– Նախ` ողջունելի էր նման ցուցակի հրապարակումը, մյուս կողմից` գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ կան դեպքեր, երբ ձևակերպվում են որպես զինծառայող, բայց ծառայության տարիներն անցկացնում են տանը, Երևանի փաբերում ու ռեստորաններում: Երևի թե դա ավելի ահավոր է, քան այն դեպքերը, երբ պաշտոնապես նշվում է, որ չեն ծառայել: Միշտ հասարակության մեջ մարդիկ, որոնք իրենց համարել են էլիտա` լինի քաղաքական, կրոնական, գիտական, իրենց պարտքն են համարել բանակում ծառայելը: Սա արժանապատվության ու ազնվականության հարց է: Ինձ վրա այս իրավիճակը տգեղ տպավորություն է թողնում` և՛ բանակում չծառայելը, և՛ այն պատճառաբանությունները, որոնք հնչում են: Գուցե այդ պատճառաբանությունների մի մասը հիմնավոր է, իսկապես չի կարելի բոլորին մեկ չափանիշով դատել, բայց հիմնականում մենք տեսնում ենք, որ այն, ինչի մասին խոսում ենք, որ սա բոլորիս երկիրն է, և այստեղ չպետք է լինեն մարդիկ, որոնք արտոնություններ ունեն երկիր պաշտպանելու հարցում, դեռ, ցավոք, այդպես չի: Կունենա՞ արդյոք հասարակությունը համապատասխան վերաբերմունք այդ մարդկանց հանդեպ, նրանց երեխաների հանդեպ և ինչպե՞ս կարտահայտի իր վերաբերմունքը, որովհետև խայտառակվելը մեր հասարակության մեջ, ցավոք, որևէ նշանակություն չունի: Մենք հանգիստ խայտառակվում ենք և շարունակում ենք մեր գործը:
…Ես կարծում եմ՝ ամեն ինչ պետք է կառուցվի արժեհամակարգի վրա: Մեր արժեհամակարգի մեջ պատվի հարցը մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Թե՞ եթե փող ու հնարավորություն ունես ինչ-որ կերպ խուսափելու, ուրեմն բոլոր ճանապարհներն ընդունելի են: Ցավոք, բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ հնարավորություն ունեն այդ ճանապարհից խուսափելու, օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունները: Ես բոլոր խնդիրների լուծումը տեսնում եմ այդ արժեհամակարգը ստեղծելու, վերականգնելու մեջ, պատվի կոդեքս ասվածի մեջ: Բաներ կան, որոնք չեն թույլատրվում անել, անկախ այն բանից` պաշտոն ունես, թե չունես, փող ունես, թե չունես: Դա պատիվ չի բերում: Հասարակությունն էլ պետք է շատ ակտիվորեն արձագանքի, որ պատիվ չունեցող մարդը հաստատ իրավունք չունի որևէ դիրք զբաղեցնելու հասարակության մեջ: Նա, ով կորցրել է պատիվը, նրա հետ կարելի է անել ամեն ինչ, և նա պատրաստ է ամեն ինչի:
– Այսինքն՝ ծառայությունը բոլորի համա՞ր պետք է լինի: Կարծիք կա, որ գիտնականին պետք չէ ծառայության ուղարկել, որ նա գիտության մեջ նվաճումներով պետք է իր ծառայությունը մատուցի, սխա՞լ է:
– Ո´չ, չեմ կարծում, որ սխալ է: Ես կարծում եմ, որ եթե ուզում ենք, որ բանակը դառնա մեր կյանքի կարևոր մասը, յուրաքանչյուրն իր տեղը կգտնի անելու: Իսկ ո՞վ ասաց, որ գիտնականը պետք չէ բանակում: Այսօրվա բանակում գիտնականն ունի իր կարևոր դերակատարումը: Եթե մենք փորձում ենք ստեղծել ժամանակակից բանակ, արվեստագետն ունի իր կարևորագույն դերակատարությունը: Չէ՞ որ բանակը միայն հրանոթն ու խրամատները չեն: Բանակը մոդել է, որտեղ յուրաքանչյուրն իր տեղը պետք է ունենա: Եթե մարդը գիտնական է և կարող է ինչ-որ ձևով օգտակար լինել բանակին, ապա նրան բանակից հեռացնելը, ծառայելուց զրկելը, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ:
Մանե Հարությունյան
Ամբողջությամբ՝ MediaLab.am