Շահեն Մարգարյանն արդեն 13 տարի է, ինչ աշխատում է ռադիոյում: Ներկայումս նրա ձայնը լսելի է Ավտոռադիո և Երևան ռադիոկայաններից: Asekose.am-ը զրուցել է ռադիոհաղորդավարի հետ՝ լրատվական մեկնաբան լինելու, ռադիո մուտք գործելու, աշխատանքային դժվարությունների մասին և ոչ միայն:
–Շահեն, արդեն 13 տարի է, ինչ աշխատում եք ռադիոյում: Սկսենք պարզ հարցից, ինչու՞ և ինչպե՞ս հայտնվեցիք ռադիոյում:
-Նախ պետք է ընդգծեմ, որ ինչպես 13 տարի առաջ, այնպես էլ այսօր, մոլի ռադիոլսող եմ: Եվ հիմնականում հենց այդ գործոնն էլ որոշիչ դեր խաղաց իմ ռադիոկարիերայում: 17 տարեկանում առաջարկ ստացա աշխատել մեդիա հոլդինգներից մեկի կազմում գործող ռադիոկայանում, որը մշտապես լսում էի, զանգահարում էի ուղիղ եթեր, շփվում հաղորդավարների հետ: Ի դեպ` ինչպես վերջիններս, այնպես էլ ռադիոկայանի ղեկավարությունը միաբերան կրկնում էին, որ ռադիոն իմ աշխարհն է, և ես արժանի եմ լինել եթերում: Սկզբում ինձ վստահվեց ծրագրերի տնօրենի պաշտոնը, դրան զուգահեռ նաև ուղիղ եթերի հաղորդավար էի: Հաջորդիվ արդեն նշանակվեցի տվյալ ռադիոկայանի լրատվական բաժնի ղեկավար, ու նաև՝ մեկնաբան… Այդպես 6 տարի շարունակ: Բայց իմ կարիերայի նոր մեկնարկը հետո պետք է լիներ: 2010 թվականին հայտնվեցի այն երկու ռադիոկայաններում, որոնց եթերում աշխատելն ինձ համար, հիրավի, պատիվ է: Խոսքը՝ ԱՎՏՈՌԱԴԻՈ-ի և ԵՐԵՎԱՆ FM-ի մասին է: Կարող եմ վստահաբար պնդել՝ այդ պահից իմ կյանքում նոր շրջափուլ սկսվեց…
–Սկզբնական շրջանում մի քանի տարի աշխատում էիք ժամանցային ոլորտում, ինչու՞ անցում կատարեցիք դեպի լրատվություն:
-Այո, շուրջ երեք տարի ուղիղ եթերում վարում էի բավական վարկանիշային ժամանցային հաղորդումներ, որոնք նաև իրենց հեռուստատարբերակներն ունեին: Դրան զուգահեռ սովորում էի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Հենց այդ ժամանակ էլ ավելի տարվեցի քաղաքականությամբ և լուրերով: Միևնույն ժամանակ, քաջ գիտակցում էի, որ ժամանցային հաղորդումներից դեպի լրատվական դաշտ ճանապարհ կա, հակառակը՝ ոչ, գոնե իմ համոզմամբ: Բացի այդ, իմ տեսակով լրատվական մարդ եմ, սիրում եմ մշտապես ձեռքս պահել լրահոսի զարկերակին, լինել տեղեկացված օրվա ցանկացած ժամի, իսկ հարկ եղած դեպքում կայծակնային արագությամբ հասնել ռադիո՝ արտակարգ թողարկմամբ եթերում գլխավորի մասին պատմելու համար: Եվ հիմա անցյալի հեռվից նայելով՝ փաստում եմ, որ ճիշտ եմ գործել՝ ժամանցայինը փոխարինելով լրատվականով:
–Դուք ոչ միայն ներկայացնում եք լուրերը, այլև՝ ղեկավարում ռադիոյի համապատասխան բաժինը, հետաքրքիր է, որո՞նք են լրատվության հավաքագրման և մատուցման Ձեր հիմնական սկզբունքները:
Ինձ համար հստակ է՝ լուր, այն էլ կարևոր, հաղորդելու գործում հապաղելն անթույլատրելի է: Դա այլ լրատվամիջոցների հետ առողջ մրցակցության դրսևորում է, որ մեր մասնագիտական դաշտում ընդունված է ամբողջ աշխարհում. տեղեկություն հայտնելիս լինել առաջինը՝ մասնագիտական բարեխղճությունը չկորցնելով և հաղորդելուց առաջ ստուգելով լրատվության աղբյուրն ու լուրի ստույգությունը: Իմ առաջնային առաքելությունը և գերխնդիրը հանրությանը ճշգրիտ և անաչառ լրատվություն ներկայացնելն է: Հաջորդ կարևոր նրբությունը, ըստ իս, այն է, որ լրատվությունը պետք է լինի մատչելի և առանց ավելորդ զգացմունքայնության. ցանկացած կրթական ցենզի մարդու համար քո հաղորդած նորություններն ընկալելի պետք է լինեն: ԱՎՏՈՌԱԴԻՈ-ի և ԵՐԵՎԱՆ ՖՄ-ի լրատվական թողարկումները եթերում են յուրաքանչյուր ժամասկզբին, և մեր ունկնդիրները վստահ են, որ բոլոր հաղորդաժամերին թարմ և հավաստի նորություններ են լսելու… Սկսած իրադարձային օրվա գլխավոր թեմաներից վերջացրած միջազգային նորություններով, սպորտով, եղանակի տեսությամբ:
–Նորություն չեմ ասի, որ համացանցի առկայության և դրա տարածման հետևանքով մտավախություն կա, որ մյուս ԶԼՄ-ը կարող են դադարել գոյություն ունենալուց, եթե համացանցի հետ համընթաց չքայլեն, այս առումով ինչ եք կարծում այսօրվա ռադիոն իրեն չի սպառե՞լ, այն կարողանու՞մ է համընթաց քայլել:
-Նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման և տեղեկատվական միջոցների առատության պայմաններում ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր աղբյուրներից մեկը: Պետք է հաշվի առնել նաև այն, որ մարդկանց մեծամասնությունը ռադիոն օգտագործում է որպես ժամանցի միջոց: Այնպես որ այդ իմաստով համացանցը չի կարող փոխարինել ռադիոյի ինտերակտիվությանը, կենդանի եթերին: Խոսքերիս հավաստիքն էլ ռադիոլսողների այն հազարավոր զանգերն ու ֆեյսբուքյան նամակներ են, որոնք ստանում ենք: Եզրափակելով թեման պարզ օրինակ բերեմ. մարդ ով նստում է ավտոմեքենա, առաջինը միացնում է ռադիո՝ ԱՎՏՈՌԱԴԻՈ (ժպտում է):
–Այս 13 տարիների ընթացքում չի եղե՞լ շրջան, որ հոգնեք Ձեր աշխատանքից կամ լճացում գրանցեք, հաճախ մարդիկ ռադիոյից անցում են կատարում նաև հեռուստատեսություն, նման ցանկություն կամ հնարավորություն չի եղե՞լ:
-Ռադիոյի աշխատանքից հոգնել ձևակերպումն ինձ օտար է: Երբեք այդ զգացողությունը չեմ ունեցել: Ռադիոն, եթերը, լրատվությունը վաղուց դարձել են իմ կենսակերպը: Հաճախ են հարցնում, ինչո՞ւ չեմ համատեղում հեռուստատեսությունն ու ռադիոն կամ շարունակում աշխատանքային ուղիղ հեռուստատեսությունում… Պատասխանը մեկն է՝ ինձ հնարավորություն է տրվել ընտրել այս երկու մեդիաների միջև, ես նախընտրել եմ ռադիոն, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է:
–Ռադիոյից դուրս ինչպիսի՞ առօրյա ունեք, արդյո՞ք կան այլ աշխատանքներ, որոնցով զբաղվում եք:
-Մինչև երեկոյան 7-ը ես անհասանելի եմ բառիս ամենաուղիղ իմաստով, քանի որ իմ աշխատանքում հաջողելու գլխավոր գրավականներից մեկն աչալրջությունն է: Այդ իսկ պատճառով ես կենտրոնացած եմ բացառապես իմ թողարկումների վրա: Ավարտելով աշխատանքը եթերում, փորձում եմ լիցքաթափվել, բայց թույլատրելիի սահմաններում, այսինքն ձեռնպահ եմ մնում աղմկոտ միջավայրերում գտնվելուց, նախընտրում եմ իմ սիրելի սրճարաններից որևէ մեկում նստել և պարզապես լռության ձայնը լսել, դա հանգստացնում է միտքը: Նաև շուտ եմ քնում, որպեսզի հաջորդ օրը և՛ ձայնս, և՛ եթերային զգոնությունս չդավաճանեն: Մտերիմներս ճիշտ է հակադրվում են այս ամենին, բայցևայնպես ստիպված համակերպվել են իմ խիստ գրաֆիկին: Իսկ ահա հանգստյան օրերին տրվում եմ լիարժեք և լրացնում բաց թողնվածը: Դա լիովին բավարար է լինում աշխատանքային շաբաթը թարմ ուժերով և նոր մղումներով մեկնարկելու համար: Որևէ այլ աշխատանքով զբաղված չեմ:
-13 տարի է, ինչ Ձեր ձայնը ճանաչելի է, սակայն արտաքինը՝ ոչ, սա հակասական զգացոցողություններ չի առաջացնու՞մ:
-Համամիտ եմ, որ այդ առումով հեռուստատեսությունն առավել շահեկան է: Այնտեղ կադրն է դոմինանտ, ռադիոյում՝ ձայնը: Ես նախապատվությունը տվել եմ վերջինին: Թեև պետք է խոստովանեմ, որ կարիերայիս սկզբում այդ հարցի նկատմամբ զգայուն էի, հետո դարձավ խիստ սովորական: Հիմա արդեն ինձ անգամ դուր է գալիս հայտնի-անհայտ լինելը: Միևնույն ժամանակ շատ հաճելի է, երբ մարդիկ ճանաչում են և դրական բնութագրականներով պատմում, թե ինչպիսին էին պատկերացնում ինձ իրականում:
–Եվ վերջում, ինչու՞ չկաք որևէ սոցիալական ցանցում:
Կյանքում ավելի հակված եմ իրական շփման և վիզուալ կոնտակտի: Նույնիսկ ընկերների հետ սոցկայքի միջոցով հաղորդակցվելն իմ չէ: Եվ ոչ էլ առանձնապես ցանկություն ունեմ առօրյաս իրապատում շոուի վերածել՝ ուղիղ միացումների միջոցով… Եթե շփում՝ ապա տետ-ա-տետ: Մինչդեռ նշեմ, որ Թվիթերում պաշտոնական միկրոբլոգ ունեմ: Եվ դա էլ այն պատճառով, որ սիրում եմ դիվանագիտությունը՝ 140 նիշով: Այդքան ակտիվ չեմ, հազվադեպ եմ գրառումներ կատարում: Դա ինձ բավարարում է: Ավելի պատկերավոր ասած Թվիթերւ ևս օգտագործում եմ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար:
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան