Ի՞նչը կարող է միավորել Ջուդ Լոուին, Վատիկանը և ֆուտբոլը․․․ Իհարկե, դժվար չէ կռահել, որ խոսքը 2016թ-ի լավագույն սերիալներից մեկի՝ «Երիտասարդ Պապի» մասին է։ Այսօր հեռուստասերիալները, մինի-սերիալները զարգացման այնպիսի մակարդակի են հասել, որ հավակնում են ջնջել սահմաններն ու տարբերությունները բազմասերիանոց հեռուստատեսային ֆիլմերի և մեծ էկրանի համար նախատեսված կինոնկարների միջև։ Ապացույցներից մեկն էլ Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ Պապը» սերիալի առաջին երկու էպիզոդների պրեմիերան էր 2016թ-ի Վենետիկի կինոփառատոնում։
Սերիալը չներառվեց մրցութային ծրագրում, բայց արժանացավ հանդիսատեսի և ժյուրիի լայն արձագանքին։ Իսկ ամենաուշագրավ փաստն այն էր, որ Վենետիկի կինոփառատոնի երկարամյա պատմության ընթացքում այստեղ առաջին անգամ ցուցադրվեց սերիալ։ Այս ծավալուն ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են ամերիկյան HBO, իտալական Sky Atlantic և ֆրանսիական Canal+ հեռուստաընկերությունները:
Մեր օրերի Ֆելինին
Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյին, ով վաղ տարիքում զրկվել էր ծնողներից և իր ապագան ապահով ու բարեկեցիկ դարձնելու համար սկզբում ընտրել էր տնտեսագետի մասնագիտությունը, այսօր արդեն ողջ աշխարհն է ճանաչում նրա ստեղծած ինքնատիպ ֆիլմերի շնորհիվ, որոնք առանձնանում են տպավորիչ կերպարներով, ռեժիսորական մեծ վարպետությամբ, ուշագրավ թեմատիկայով։ Նրան անվանում են «մեր օրերի Ֆելինի»՝ զուգահեռներ անցկացնելով այդ երկու ռեժիսորների ֆիլմերում առկա գեղեցկության և աբսուրդի համադրության միջև։ Իրոք, նրանց ոճային ընդհանրությունները նկատելի են։ Սորենտինոյի նկարահանած ֆիլմերի թիվը գերազանցում է երկու տասնյակը, նա հասցրել է արժանանալ «Օսկարի», Կաննի կինոփառատոնի, Եվրոպական կինոակադեմիայի, Բրիտանական ակադեմիայի մրցանակներին և այլ հեղինակավոր պարգևների։ Տասը մասից բաղկացած «Երիտասարդ Պապը» աղմկահարույց ֆիլմը բազմապատկեց նրա ճանաչումն ու հաջողությունը։ Պաոլո Սորենտինոն առաջին անգամ էր անդրադառնում հեռուստասերիալի ժանրին։
Առանձնահատուկ կիրք տածելով ճարտարապետության և բնության գեղեցկությունը կադրում պատկերելու հանդեպ՝ նա այս ֆիլմում նույնպիսի էսթետիկ կրքով ներկայացրել է նաև Վատիկանի շինությունների արտաքին ու ներքին ողջ ճոխությունը։ Ծերության, կյանքի իմաստի մասին մտորումների, անցյալից մնացած հուշերի թեմատիկան ևս հաճախակի է շոշափվում նրա ֆիլմերում, ավելին՝ նրա ֆիլմերը, խոշոր հաշվով, հենց ծերության, իմաստնության և գեղեցիկի անվերջ որոնումների մասին են։ Նրա ֆիլմերի հերոսները երազողներ չեն, որ անդրդվելի լավատեսությամբ նայում են դեպի ապագա, այլ մելամաղձոտ մտածողներ են, որ արդեն վերածվել են անցյալի։
«Ինձ հետաքրքիր էր կոտրել հոգևորականների և միանձնուհիների շուրջ դրված այն տաբուն, հոգևոր կյանքի ու հոգևորականության մասին այն պատկերացումը, համաձայն որի՝ նրանց միշտ ներկայացնում են երկու գույնով՝ կա՛մ որպես սրբերի, կա՛մ էլ որպես տխրահռչակ սրիկաների։ Ես ցանկանում էի նրանց ներկայացնել այնպիսին, ինչպիսին կան իրականում՝ որպես մարդկանց, տարօրինակ մարդկանց, ովքեր պետք է շփվեն այդ անտեսանելի երևույթի՝ Աստծո հետ, և միաժամանակ վարեն սովորական կյանք»։ Պաոլո Սորենտինո:
Երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում
Իտալացի ժամանակակից նկարիչ Մաուրիցիո Կատելանը 1999թ-ին ստեղծել էր մի քանդակ՝ «Իններորդ ժամը» անվանմամբ։ Նա պատկերել էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդին՝ երկնաքարից տապալված։ Քանդակի անվանումը խորհրդանշում էր Քրիստոսի՝ խաչի վրա մահվան ժամը։ Կատելանը փոխաբերական իմաստով ցույց է տվել Հռոմի պապական իշխանության ճգնաժամը՝ ակնարկելով, որ կաթոլիկությունը եթե դեռևս չի վերացել, ապա արդեն շատ մոտ է դրան։ Ժամանակին այս քանդակը հարուցել էր լեհ կաթոլիկների բուռն զայրույթը, նրանք Կատելանի աշխատանքը որակել էին որպես վիրավորանք ոչ միայն իրենց հավատքի, այլև Հովհաննես Պողոս Երկրորդի հանդեպ, ով ծագումով լեհ էր։ 2000թ-ին, երբ քանդակը ցուցադրվել էր Վարշավայում, Լեհաստանի խորհրդարանի անդամները նույնիսկ ցանկացել էին ոտքի կանգնեցնել այն։ Տարիներ անց Սորենտինոն իր ֆիլմի համար պատվիրեց քանդակի կրկնօրինակը (բնօրինակը Christie’s աճուրդում վաճառվել էր 886 հազար դոլարով) և այն ցուցադրեց էպիզոդների սկզբում, ենթագրերի հետ։ Իհարկե, Սորենտինոն պատահական չէր ընտրել «Իններորդ ժամը», ավելին՝ այն ներկայացրել էր որպես ֆիլմի առանցքային գաղափար, շեշտադրել կորսված կապը ժողովրդի և եկեղեցու միջև։
Ամբողջությամբ՝ kinoversus.com