Նույն լեռան երկու կողմում ապրող. միմյանցից անտեղյակ ժողովուրդը. champord.am
Advertisement 1000 x 90

Նույն լեռան երկու կողմում ապրող. միմյանցից անտեղյակ ժողովուրդը. champord.am

Ցեղասպանությունից հետո առնվազն 7-8 հազար հայ մնացել է Սասունի սարերում. ճանապարհներին կորած կամ առևանգված որբերն էին, կանայք, ինչպես նաև լեռներում պատսպարված ֆիդայիներ, որ ավելի ուշ իջան գյուղեր: Հետգաղթի շրջանում նաև Սիրիայից վերադարձողներ եղան: Այսօր նրանց թոռները տասնապատիկ թիվ են կազմում պատմական Սասունում:

«Թուրքիայի տարբեր քաղաքներում ու հատկապես Ստամբուլում ապրող և՛ իսլամացված, և՛ քրիստոնյա հայերի թիվն  այսօր միանշանակ 70 000-ն անցնում է: Եթե աբդուլհամիդյան շրջանում իսլամացված ու վաղուց հայության հետ կապը խզածներին էլ հաշվենք`100 000-ն էլ կանցնեն, բայց ինձ համար այս պարագայում էականը թվերը չեն »,- պատմում է Սոֆյա Հակոբյանը, որի համար Սասուն աշխարհը   հայտնաբերելուց   հետո 1915-ին և դրանից հետո իսլամացված ու քրիստոնյա հայերի ուսումնասիրության  թեման  առաջնային  է դարձել:  Հայաստանցի  Սոֆյան  սեփական  հետաքննությամբ պարզել է, որ ցեղասպանությունից հետո սասունցիներն ամենաուշն են դուրս եկել Արևմտյան Հայաստանից  և այսօր էլ ամբողջ Թուրքիայի տարածքում ավելի շատ սասունցի հայ կա, քան Հայաստանի Հանրապետությունում:

«Ցեղասպանված, հետո նույն լեռան երկու կողմում 100 տարի շարունակ միմյանցից անտեղյակ, իրար քթի տակ ապրող ժողովրդի մեկ այլ օրինակ կա՞ այս աշխարհում, չգիտեմ»,- տպավորված պատմում է աղջիկը: Ակնհայտ է, որ ցեղասպանությունից հետո ամենաշատ հայերը հիմնականում մնացել են այն շրջաններում, որտեղ զինված դիմադրություն է եղել: Սասունի լեռնային անառիկ դիրքը մեծապես նպաստել է դրան: Շուրջ 44 գյուղում Ցեղասպանությունից հետո շարունակել են ապրել սասունցի հայեր ( խոսքն այն սասունցիների մասին է, որոնք դեռ պահպանել են հայկական ինքնագիտակցությունը, իսկ ընդհանրապես՝ Սասունի գրեթե ամեն գյուղում կրոնափոխ հայերի կարելի է հանդիպել):

Հատկանշական է, որ Սասունի հայերը բավականին ուշ են իսլամացել, բացառությամբ որոշ շրջանների` մեծ մասը ցեղասպանության շրջանից հետո մի քանի տասնամյակ պահել է և՛ լեզուն, և՛ կրոնը: Հայերի կրոնափոխությունը Սասունում՝  20-30 տարվա պատմություն ունի: Բախումներ, հարձակումներ, ճնշումներ եղել են և՛ 1930-ականներին, և՛ 1940-ականների կեսերին, 1960-70-ականներին և ավելի ուշ: 1968թ.-ին Արխունդ գյուղի հայերն, օրինակ, զենքով կռվել են քուրդ հարևանների հետ, որպեսզի գյուղի եկեղեցին մզկիթի չվերածվի: Առանց  հարցնելու, գյուղի բնակիչներին բոլորին  պետական այրերը «մահմեդական» էին գրանցել:

Քրիստոնյաների մեծ մասը Սասունը լքել է 1980-ականների երկրորդ կեսին: Արևմտյան Հայաստանից Ստամբուլ գնացածների մեջ սասունցիներն ամենանորն են, ամենավերջինն են դուրս եկել իրենց գյուղերից  և ներկա պահին քաղաքի հայ համայնքի մոտ մեկ երրորդը հենց սասունցիներն են: Ստամբուլում պատրիարքարանի օգնությամբ սասունցիները վերամկրտվել  և  իրենց երեխաներին հայկական դպրոցներ են ուղարկել: Իհարկե, մեծ քաղաքում հայտնվելուց հետո բարբառն արդեն նահանջել է, բայց մեծերը դեռ խոսում են: Նաև արաբերեն, ոմանք էլ քրդերեն գիտեն: Թուրքերենը Ստամբուլ գալուց հետո են սովորել: Հաճախ ընտանիքից մեկը՝ սովորաբար կրտսեր տղան, հայրական տունն ու հողերը օտարներին չթողնելու համար մնացել է գյուղում  ու իսլամ ընդունել, իսկ մյուսները գնացել են Ստամբուլ ու միացել համայնքին: Շատերն այդպիսով գյուղի հետ կապը պահել են, ներկա պահին մի շարք ընտանիքներ ամռանը գնում են Սասուն, իրենց հողերը վարում, ձմեռը վերադառնում Ստամբուլ»:

Սոֆյան  նշում  է, որ  Սասունի Կոմեկ, Փիրշենք և Կուսգետ գյուղերում միայն 4 ընտանիք է մնացել քրիստոնյա: Հայախոս ու արաբախոս իսլամացվածներ կան Սասունի հարավում, հարավ-արևելքում: Արևմտյան կողմում քրդախոս են: Բացառությամբ մի քանի քրդախոս գյուղերի, որտեղ ավելի վաղ են իսլամացվել հայերը, սասունցիներն իրենց ծագման մասին խոսելու խնդիր սովորաբար չունեն, նման վայրերում բոլորն իրար ճանաչում են: Իսլամացված սասունցիների մոտ էլ օտարների հետ ամուսնության հարցը տաբու է, այդ իսկ պատճառով էլ դեռ շարունակում են միմյանց միջև ամուսնությունները:Առհասարակ, Թուրքիայի հայերը աշխարհի հայության մեջ ամենաբազմաշերտ, ամենաբարդ ու, իհարկե, յուրահատուկ համայնքն են,   որտեղ ուսումնասիրության անսպառ նյութ կա», – ասում է Սոֆյան, վստահ, որ դեռ երկար   կշարունակի գնալ  լեռան  երկու  կողմում  ապրող  սասունցիների հետքերով:

Սյունե Սևադա

champord.am